Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀՌԱՀ 7 ԱՆԴԱՄՆԵՐԸ ՉԵՆ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ «Ա1+»-ԻՆ

Փետրվար 04,2011 00:00

\"\"Հարցադրումներից մեկը, որի պատասխանն «Ա1+»-ն այժմ փորձում է ստանալ դատարանի միջոցով՝ այն է, թե արդյոք ՀՌԱՀ-ից որեւէ մեկը փորձե՞լ է պարզել Աննա Տանիելյանի կողմից տրված հավաստագրի վերաբերյալ եղած կասկածները:

«Ա1+»-ը ներառող «Մելտեքս» ընկերության ներկայացուցիչ Ալեքսանդեր Սահակյանը երեկ ՀՀ վարչական դատարան է ուղարկել հայցադիմում՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամներին որոշակի գործողություններ պարտավորեցնելու պահանջի մասին:

«Մելտեքս» ընկերությունը հունվարի 17-ին ՀՌԱՀ-ի 8 անդամներից 7-ին (բացառությունը Գրիգոր Ամալյանն է) դիմում էր ներկայացրել՝ ստանալու մի շարք հարցերի պատասխաններ, պարզելու նրանց կողմից «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի 37 հոդվածի 2-րդ մասի պահանջների պատշաճ կատարումը, այն է. «Ազգային հանձնաժողովի գործունեության սկզբունքներն են օրինականությունը, ժողովրդավարությունը, հավասարությունը, անաչառությունը, ինքնուրույնությունը, կոլեգիալությունը եւ հրապարակայնությունը»: ՀՌԱՀ-ի յուրաքանչյուր անդամի դիմել էին առանձին գրություններով եւ հետեւյալ հարցերով.

«1. Ձեր կողմից ե՞րբ է սկսվել եւ ավարտվել «Մելտեքս» ՍՊ եւ «Արմնյուզ» ՓԲ ընկերությունների կողմից ներկայացված մրցութային փաթեթների ուսումնասիրությունն ամբողջությամբ:

2. Արդյոք առաջինը Ձե՞ր կողմից են պարզվել Աննա Տանիելյանի կողմից տրված (280 000 եվրոյի) հավաստագրի անորոշ եւ անհիմն լինելու մասին փաստերը:

3. Արդյոք Ձեր կողմից կատարվե՞լ են որոշակի գործողություններ հիմնավոր կասկածները փարատելու ուղղությամբ:

4. Եղե՞լ է արդյոք Ձեր կողմից Աննա Տանիելյանի հավաստագրի անորոշ կամ անհիմն լինելու փաստի մասին կարծիք, եւ ինչպե՞ս է այն արձանագրվել:

5. ՀՌԱՀ-ի նախագահ Գրիգոր Ամալյանը Ձեզ է տրամադրել 20.11.2010 եւ 25.11.2010 թվականների թիվ 1/18278, 1/18607 գրությունների պատճենները՝ ի գիտություն: Արդյոք վերը նշված գրությունները, ինչպես նաեւ Աննա Տանիելյանի հավաստագրի անհիմն լինելու ակնհայտ փաստն ազդե՞լ են Ձեր ուսումնասիրության, վերլուծության ու վարկանիշային 0 գնահատման արդյունքների վրա»:

Միաժամանակ, հաշվի առնելով այն, որ «Արմնյուզին» հաղթող ճանաչելու մասին ՀՌԱՀ-ի թիվ 96-Ա որոշման մեջ նշված է. «Ինչպես նաեւ անհրաժեշտ տեխնիկական միջոցների ապահովման համար ներկայացված ֆինանսական միջոցները չեն կարող բավարար համարվել, նկատի ունենալով այն հանգամանքը, որ անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայությունը հիմնավորող փաստաթղթերի զգալի մասը կեղծ են եւ անհիմն (120 000 ԱՄՆ դոլար եւ 280 000 եվրո), ինչն անիրագործելի է դարձնում թվային հեռարձակման ցանցի միջոցով միջազգային ու տեղական լրատվական-վերլուծական ուղղվածության մայրաքաղաքային սփռման հեռուստածրագրերի եթերային հեռարձակման ամբողջական իրականացման հնարավորությունը», ՀՌԱՀ 7 անդամներին ուղղվել են նաեւ հետեւյալ հարցերը.

«6. Ի՞նչ պատճառով է «Մելտեքս» ՍՊԸ ներկայացրած մրցութային փաթեթը մնացել գնահատման մեջ, եւ եղե՞լ է առաջարկություն հանելու մրցույթի գործընթացից, եւ (կամ) «Մելտեքս» ՍՊԸ-ից պարզաբանումներ ստանալու ցանկություն:

7. Արդյոք Ձեր կողմից 6-րդ կետի կապակցությամբ եղե՞լ է կարծիք կամ այլ գործողություն(ներ):

8. ՀՌԱՀ-ի թիվ 96-Ա որոշման մեջ տեղ գտած բովանդակությունը, պատճառները եւ հիմնավորումները, ինչպես նաեւ օգտագործված բառերն արտացոլո՞ւմ են Ձեր անձնական կարծիքը»:

Այս բոլոր հարցերին ի պատասխան՝ հունվարի 21-ին ՀՌԱՀ աշխատակազմից ստացվել է պատասխան, թե ՀՌԱՀ այդ 7 անդամների հանձնարարությամբ տեղեկացնում են, որ նրանց գրություններում «իրավազոր բարձրացված հարցերը տրված են ՀՌԱՀ նախագահի» ավելի վաղ ուղարկված 4 գրություններում:

Վարչական դատարանին «Ա1+»-ի այս կապակցությամբ ուղարկված հայցադիմումի մեջ հիշեցված են տեղեկատվություն ստանալու վերաբերյալ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի, ՀՀ Սահմանադրության, ինչպես նաեւ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի պահանջները՝ հավելելով. «Տվյալ դեպքում Պատասխանողը հանդիսանալով տեղեկատվություն տնօրինող անձ, պարտավոր է տրամադրելու Հայցվորի կողմից պահանջվող տեղեկատվությունը»: Նշված է նաեւ, որ Գրիգոր Ամալյանի նախկինում ուղարկած գրությունները «նույնպես չեն պարունակում մեր հարցերի ամբողջական պատասխանները»: Ուստի «Մելտեքս» ՍՊԸ-ն Վարչական դատարանին խնդրել է պարտավորեցնել ՀՌԱՀ անդամներ Սիմավոն Անդրեասյանին, Կորյուն Առաքելյանին, Ժիրայր Դադասյանին, Արա Թադեւոսյանին, Արամ Մելքոնյանին, Արմեն Մկրտչյանին ու Հայկ Քոթանյանին տրամադրել իրենց հունվարի 17-ի գրությամբ ներկայացված հարցադրումների սպառիչ պատասխանները:

Նշենք, որ «Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանից տեղեկացանք, որ իրենց հաջորդ հայցադիմումը վերաբերելու է արդեն «Արմնյուզ» ընկերությանը հաղթող ճանաչելու մասին որոշման վիճարկմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել