Գուրգեն Մահարու սիբիրյան ոդիսականը
Իմ ծանոթությունը Գուրգեն Մահարի գրողի հետ սկսվել է վաղ մանկության տարիներից: Ինձ ապշեցրել էր գրողի անկեղծությունը եւ անսպառ հումորը: Այո, նա իրավացի էր, երբ գրում էր, որ թղթին է հանձնել այն, ինչ խորապես ապրել, զգացել, տեսել եւ շոշափել էր: Ես սկզբում չգիտեի, թե այդ նույն տարիներին որտեղ է գտնվում գրողը եւ անմարդկային ինչ տառապանքների է ենթարկվում: Տարիներ անց իմացա, որ հայրենիքից, ընտանիքից, գրական կյանքից վտարված գրողը որպես 222 համարի կալանավոր հայտնվել է Վոլոգդայում, որտեղից դուրս գալու եւ փրկվելու ոչ մի հույս չկար: Շատերը չդիմացան գուլագյան այդ փորձություններին, կոտրվեցին մարմնով եւ ոգով, իսկ Մահարուն բռնադատության 18 տարիները (1936-54թթ.) միայն ֆիզիկապես մաշեցին, բայց գրիչը բյուրեղացրին: Իր արմատներից գրողին կտրեցին 1949թ. երկրորդ անգամ՝ նրան ձերբակալելով եւ ցմահ աքսորականի կարգավիճակով Կրասնոյարսկ ուղարկելով: Ի՞նչ պետք է աներ թուղթ ու գրչին սովոր գրողը իր գոյությունը պահպանելու համար՝ պահակություն, անտառ կտրել, փայտ սղոցել, հող փորել, գոճիներ խնամել:
5 տարի մնալով «ազատ աքսորում», դարձյալ նա չկորցրեց գրելու կարողությունը եւ հումորի զգացողությունը: Բավական է կարդալ Մահարու այդ տարիներին գրված նամակները Վաղարշակ Նորենցին, Աշոտ Սանամյանին, Վահրամ Ալազանին, մյուս հարազատներին եւ օգնողներին: Միայն Ստալինի մահից հետո ավարտվեց գրողի սիբիրյան փշոտ ճանապարհը եւ հնարավորություն ստեղծվեց գրելու սիբիրյան վիպերգությունը՝ «Սեւ մարդը» պատմվածքով: Նա առաջին անգամ մտավ արգելված գոտի՝ բանտ, բարաք, ճամբար, մենախուց, ներկայացրեց անվանի եւ շարքային մարդկանց, տարբեր ազգերի քրեականների, որոնք չեն կորցրել իրենց բարոյական կերպարը: Մահարին գուլագային թեմային լիովին անդրադարձավ այն ժամանակ, երբ փակեց պարտքը ծննդավայրի հանդեպ՝ «Այրվող այգեստաններ» վիպասքից հետո: Ցավոք, գրողին ներկայացվեցին ծննդավայր Վանը սրբապղծելու ստահոդ մեղադրանքներ: Ժամանակը ամեն ինչ դրեց իր տեղում եւ ծնվեց Գ. Մահարու բնորոշումով վիպերգը՝ հանձին «Ծաղկած փշալարերի»:
Արժե խոսել նաեւ Մահարու բռնադատության տարիներին ստեղծված պոեզիայի մասին: Աքսորի տարիները բեղմնավոր եղան Մահարու համար. նա գրեց ավելին, քան հետագա 15 տարիներին: Դրանք հիմնականում մտորումներ են կյանքի, բարու, չարի, դաժան իրականության մասին կամ էլ նվիրված են Անտոնինա Պաուլայտիտեին՝ իր աքսորավայրի հավատարիմ ընկերուհուն եւ կնոջը: Ցավալի է, որ այդ բանաստեղծությունները առայսօր մեր գրականագետների կողմից մնացել են չնկատված եւ չգնահատված: Դրանց մի մասը սերունդներին հասցնելու համար Մահարին օգտագործել էր նամակագրությունը: Ի դեպ, Մահարու նամակագրությունը նույնպես եզակի է եւ հիշեցնում է գրողի արձակը այս ժանրում: Բոլոր նամակներում էլ շռայլորեն սփռված հումոր կա, գրական կատակներ, բառախաղեր, բանաստեղծական պատկերներ, որոնք ամբողջացնում են Մահարուն որպես գրողի եւ մարդու:
Մեզ մնում է շնորհակալություն հայտնել գրողի որդուն՝ Գրիգոր Աճեմյանին, որն առաջին անգամ ի մի է բերել Գ. Մահարու սիբիրապատումը (ինքնակենսագրականը, արձակը, պոեզիան եւ անտիպ նամականին)՝ էական լրացումներով, ճշտումներով եւ ծանոթագրություններով: