Ամերիկացի գիտնականները մշակել են սթրեսի հորմոն կորտիզոլի մակարդակը չափելու նոր մեթոդ՝ մարդու մազերի օգնությամբ:
Օնտարիոյի համալսարանի գիտնականներն առաջին անգամ ապացույցներ են ներկայացրել սթրեսի եւ սրտի կաթվածի միջեւ՝ ուղիղ կապի վերաբերյալ: Մասնագետները միջոց են հայտնաբերել, որը թույլ է տալիս հետազոտությունից մի քանի ամիս առաջ որոշել, թե մարդն ինչ մակարդակի սթրես է տարել: Կորտիզոլի արտազատումը բարձրանում է սթրեսային վիճակներում: Սովորաբար դրա մակարդակը ստուգելու համար գիտնականներն անում են մեզի կամ թքի հետազոտություն: Խնդիրն այն է, որ այն կարող է ցույց տալ սթրեսի մակարդակը հենց հետազոտության պահին: Կորտիզոլը հավաքվում է մազերում՝ ըստ դրանց աճի: Սակայն մասնագետները հայտնաբերել են, որ կարելի է որոշել սթրեսի մակարդակն ավելի երկար ժամանակահատվածի համար: Մազերի միջին աճը կազմում է ամսական 1 սմ: Ուսումնասիրելով 6 սմ երկարություն ունեցող մազը՝ կարելի է իմանալ մարդու սթրեսային վիճակի մասին՝ մոտավորապես կես տարվա կտրվածքով: Հետազոտությունների ընթացքում փորձագետներն ուսումնասիրել են 56 տղամարդու մազ, որոնք հիվանդանոց էին տեղափոխվել սրտի կաթվածի պատճառով: Բացահայտվել է, որ սրտի կաթված տարած մարդկանց մազերում կորտիզոլի մակարդակն ավելի մեծ է:
Հետազոտողները հավաստում են, որ սթրեսը հանդիսանում է ժամանակակից կյանքի մասը: Սակայն այն ունի բացասական ազդեցություն առողջության վրա: Ուստի, որպեսզի նվազեցվի կաթվածի զարգացման հավանականությունը, հարկ է վերանայել կենսակերպը եւ դրանում մտցնել համապատասխան շտկումներ: