Երգչի անունը սոսկ խայծ է՝ հաճախորդներ գրավելու համար
«Վլադիմիր Վիսոցկի» բարի մասին, որը գտնվում է Խանջյան փողոցում, կարծում եմ՝ շատերը լսած կլինեն, եւ, անշուշտ, լսելով այդ գրավիչ անունը կրող հաստատության մասին, գոնե մեկ անգամ ցանկություն կունենային այցելել այդ բարը, մանավանդ, եթե Վլադիմիր Վիսոցկու մոլեռանդ երկրպագուն են: Ակնկալելով հաճելի ժամանց անցկացնել այնտեղ, յուրաքանչյուրը երեւի ճանապարհին կմտորեր, թե ինչ է իրեն այնտեղ սպասելու, հույս ունենալով լսել Վիսոցկու երգերը՝ իր թավ ձայնի անզուգական կատարմամբ, պատերին տեսնելու նրա նկարները կամ էլ՝ կինոկադրեր նրա մասնակցությամբ: Բայց, ի զարմանս Վլ. Վիսոցկու երկրպագուների, ովքեր այցելում են բար, նրանց այնտեղ ոչինչ չի հիշեցնում այդ անկրկնելի, ինքնատիպ մարդու մասին:
Բարում հնչում է հիմնականում արտասահմանյան երաժշտություն, որը, կարծում եմ, դժվար թե հասու լինի հավաքվածների մեծ մասին, քանի որ դժվար թե նրանք այնքան վարժ տիրապետեն օտար լեզուներին, որ ըմբոշխնեն երգերի իմաստը: Վլ. Վիսոցկու անունը կրող բարում նրա հեղինակային երգերը իսկապես չեն հնչում եւ դա վրդովեցնում է երգչի արվեստի այն սիրահարներին, որոնք հատուկ նրա համար են այցելում այդ բարը: Ստացվում է, որ Վլ. Վիսոցկու անունը բարին դրոշմված է հենց այնպես, իբրեւ պատրանք, իսկ գուցե խաբեություն, որպեսզի հաճախորդները, տարվելով հնչեղ եւ ձգող անունով, գան բար, իսկ հետո, ինչպես ասում են, շնորհքի հարց է…
Տեղում իմացա նաեւ, որ «Վլ. Վիսոցկի» բարում ոչ միայն չեն հնչում նրա հեղինակային երգերը, այլեւ երեկոյան ժամերին այնտեղ ստրիպտիզ է ցուցադրվում: «Վիսոցկու» ստրիպտիզը դիտելու համար ահագին «զանգված» է հավաքվում, սակայն ինչ կապ ունի այս ամենը միայն հարգանքի արժանի Վլ. Վիսոցկու հետ, դժվար է հասկանալ:
Պարզաբանումներ ստանալ չհաջողվեց, քանի որ բարի տնօրինությունը չկամեցավ որեւէ հարցի պատասխանել:
ԼՈՒՍԻՆԵ ՍԱՐԴԱՐՅԱՆ
«ՄԱՀՎԱՆ ԱՐԱՀԵՏՆԵՐԻ» ԱՌԵՂԾՎԱԾԸ
Աշխարհի տարբեր ծայրերում գոյություն ունեն «մահվան արահետներ»: Դրանցից մեկը, օրինակ, գտնվում է Յակուտիայում: Ըստ մի ավանդության՝ մահվան արահետում հողի տակից բարձրանում են կամարներ, որոնց տակ կան բազմաթիվ մետաղական սենյակներ: Այնտեղ նույնիսկ սառնամանիքների ժամանակ շատ շոգ է, ինչպես ամռանը: Նախկինում որոշ որսորդներ խիզախել են ու գիշերել այդ տարածքներում, բայց հետո սկսեցին անհասկանալի պատճառներով հիվանդանալ, իսկ նրանք, ովքեր գիշերել էին մի քանի անգամ, շատ արագ մահացան:
ՎԻՐՈՒՍՆԵՐԸ ՍՈՑՑԱՆՑԵՐԻՆ ԵՆ «ՍԻՐՈՒՄ»
2010-ին չարագործները ստեղծել ու տարածել են աշխարհում երբեւէ եղած վիրուսների 1/3 մասը: PandaLabs հակավիրուսային լաբորատորիան հրապարակել է 2010թ. վիրուսային ակտիվության մասին տարեկան հաշվետվությունը, ըստ որի՝ անցյալ տարվա ընթացքում գերիշխող են եղել բանկային տրոյանները: Երկրորդ տեղում են վիրուսներն ու «որդերը», իսկ երրորդ՝ կեղծ անտիվիրուսները: «Ամենավարակված» երկրների շարքում են Թաիլանդը, Չինաստանն ու Թայվանը: Վիրուսների տարածման ամենանպաստավոր միջավայրը 2010-ին եղել են սոցցանցերը՝ հատկապես նոր սմայլիկներ առաջարկող տարբեր ենթածրագրերն ու խաղերը: