Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿՆՎՈ՞ՒՄ Է

Փետրվար 03,2011 00:00

Դաժան ճակատագրե՞ր, թե՞ հենց այդպես էլ պետք է լիներ

Ասում են, ճակատագրից խուսափել չես կարող: Աստված մեծ է ու միշտ մի դուռ կբացի հուսահատի, անելանելի վիճակում հայտնված մարդու համար: Երեխան կյանքում ունեցած ամենամեծ պարգեւն է: Դժվար է որակում տալ այն ծնողներին, ովքեր հրաժարվում են իրենց երեխաներից: Վերջիններս էլ հայտնվում են փողոցում, իսկ լավագույն դեպքում՝ մանկատանը: Ինչպե՞ս են ապրում, ի՞նչ են զգում, ի՞նչ են ուզում, ինչի՞ կարիք ունեն ընտանեկան սիրուց զրկված այդ երեխաները: Չէ՞ որ նրանք, անկախ իրենց կամքից, հայտնվել են այդ վիճակում: Որոշ երեխաներ, մանկատնից բացի, բախտի բերմամբ հայտնվում են անօթեւան երեխաների խնամքով զբաղվող տարբեր կառույցներում, որոնցից է «Օրրան» բարեգործական կազմակերպությունը, «Մեր տունը», «Հայ օգնության ֆոնդը»՝ (ՀՕՖ) երեխաների ընդունման եւ կողմնորոշման կենտրոնը, որը շատ-շատերին նորից վերապրելու հնարավորություն է տալիս: Այս կենտրոններում տարբեր ճակատագրերով մարդիկ են հայտնվում: Հաճախ նրանց ոստիկաններն են օգնում՝ տարբեր իրավիճակներում հայտնվածներին բերելով կենտրոն: Ասենք՝ փող մուրալիս, կամ անչափահաս աղջիկներին՝ մարմնավաճառությամբ զբաղվելիս, շատերին էլ պարզապես տանիք չունենալն է բերում անօթեւանների հարցերով զբաղվող կենտրոններ:
Տարիներ առաջ ՀՕՖ են բերվում երկու քույրեր: Ճակատագիրը երբեք բարեհաճ չի եղել փոքրիկների նկատմամբ: Աղջիկներն իրենց մայրիկի հետ Երեւանում էին ապրում՝ խորթ հոր հետ միասին: Ինչպես մեծ քույրը պատմեց (անունը չենք հրապարակում նրա խնդրանքով), նրանք գյուղում են ծնվել, հետո տեղափոխվել Երեւան, հաճախել գիշերօթիկ դպրոց: Այդ տարիներին իրենց կյանքը լավ է ընթացել: Սակայն մայրը մահացել է՝ փոքրիկներին թողնելով միայնակ այս աշխարհում, անտուն եւ անտեր: Մեծ աղջիկը, որ արդեն 14 տարեկան էր, ինքնուրույն գտավ ՀՕՖ-ի տեղը՝ դիմեց նրանց օգնությանը: Քույրիկներին տեղավորում են Գավառի մանկատանը, սակայն ըմբոստ մեծ քույրը չի դիմանում եւ վերադառնում է Երեւան: Մայրաքաղաքում ծանոթանում է մի երիտասարդի հետ, սիրահարվում, ու քանի որ ինքն էր «իր կյանքի եւ գլխի տերը»՝ որոշում է ամուսնանալ: Մի քանի ամսից չբավարարվելով ամուսնուց եւ նրա ընտանիքից ստացած ջերմությամբ, նա իրեն շատ միայնակ է զգում ու հեռանում:
Հետադարձ հասցեն նույնն է՝ ՀՕՖ-ի կենտրոն: Վերջինիս աշխատակիցները նրան արդեն հարազատ էին դարձել, ու կարծես աղջիկը իր ընտանիքում լիներ: Աղջիկը այս անգամ տեղավորվում է «Զատիկ» մանկատանը: Եվ հենց այստեղ էլ ըմբոստ աղջիկը չի կողմնորոշվում՝ իրեն երջանիկ, թե դժբախտ համարի. նա հղի էր: Ամիսներ անց բոլորին հայտնի է դառնում անչափահաս աղջկա մայր դառնալու փաստը: Չնայած ապագա մայրիկն ինքը մոր խնամքի կարիք ուներ, բայց նրա սրտի տակ մի նոր կյանք էր ապրում: Կյանքի փշոտ ճանապարհներին դեգերող փոքրիկ մայրիկին նորից հետ են բերում ՀՕՖ-ի կենտրոն: Այստեղ աղջնակը մայր է դառնում: Գեղեցիկ, անմեղ աչուկներով ծնված Արփինեն (նորածինը կոչվեց վաղամեռիկ տատի անունով) անգամ գաղափար չուներ, որ դաժան եւ կեղծ աշխարհ է եկել: Ծննդկան մորը սկզբում թվացել է, թե երեխան ճակատագրի հերթական պատիժն է, բայց անմեղ բալիկը ավելի ու ավելի է դուր գալիս մայրիկին ու դառնում է նրա կյանքի միակ լուսավոր կետը: Արփինեին մոր հետ միասին տեղավորում են Արմավիրի մարզի գյուղերից մեկում, որտեղ պիտի ապրեին մի տատիկի խնամակալության ներքո: Տատիկի հետ ապրում են մոտ մեկ տարի, սակայն փոքրիկը մեծանում է, խնդիրները շատանում են ու տատի մոտից նրանք կրկին վերադառնում են կողմնորոշման կենտրոն: Հիմա էլ անորոշ ճակատագրով ապրում են կենտրոնում: Արփինեն արդեն երկու տարեկանից մի քիչ մեծ է, իսկ հայրը նրան չի էլ տեսել: Այժմ ամեն րոպե հնարավոր է փոքրիկ Արփինեին տեղափոխեն մանկատուն, իսկ մայրը մնա մենակ: Մայր դարձած այդ դեռահաս աղջիկը արտասվում է, երբ մտածում է, որ ստիպված պիտի բաժանվի իր բալիկից եւ, Աստված մի արասցե, կրկնվի իր պատմությունը:

 

Կարեն ԱՄԻՐՋԱՆՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել