Ավստրալիական «NineMSN»-ն հրապարակել է Վախթանգ Դարչինյանի մենեջեր Էլիաս Նասարի հայտարարությունն այն մասին, որ WBC-ն մոտ ժամանակներս Աբներ Մարեսին կպարտադրի Դարչինյանի հետ նոր մենամարտ անցկացնել:
Դա կարող է նշանակվել այս տարվա վերջին ամիսներից մեկում: Վիկ Դարչինյանի թիմը մենամարտից անմիջապես հետո բողոքարկել է մի քանի իրավասու կազմակերպությունների: Հիշեցնենք, որ հայ բռնցքամարտիկն անցած տարվա դեկտեմբերին թեթեւագույն քաշային կարգում անցկացվող մրցաշարի շրջանակներում պարտվել էր մեքսիկացի բռնցքամարտիկին: Ընդ որում, մրցավարների գրանցած հաշիվները հակադարձ էին: Այդ պարտությունը Վիկին զրկեց եզրափակչից եւ նա հիմա պետք է երրորդ տեղի համար հանդիպի Իոննի Պերեսի հետ, որը նույն օրը զիջեց Ջոզեֆ Ագբեկոյին:
Դարչինյանի թիմի բողոքարկումն ուղղված է ռեֆերի Ռոբերտ Հովարդի եւ կողային մրցավարներից մեկի դեմ: Գրավոր հայտարարության մեջ նշվում է այն մասին, որ մենամարտի ընթացքում Մարեսը մրցակցին գոտկատեղից ներքեւ մոտ 20 հարված է հասցրել, որից 14-ն ուղղված է եղել անմիջապես աճուկի շրջանին: Դիմումում պահանջվում է փոխել մարտի արդյունքը կամ այն հայտարարել չկայացած եւ կրկնական մենամարտ նշանակել: Նասարը տեղեկացրել է, որ պրոումոթեր Գերի Շոուն WBC-ի պաշտոնական ներկայացուցչից ինֆորմացիա է ստացել այն մասին, որ կազմակերպությունը պատրաստ է բավարարել Վախթանգի թիմի՝ Մարեսի հետ կրկնական մարտ անցկացնելու խնդրանքը: Մենեջերն ավելացրել է նաեւ, որ վերջնական որոշում կայացնելու համար կարող է որոշակի ժամանակ պահանջվել:ց Դրա համար էլ ներկայումս Դարչինյանը կենտրոնացած է ոչ թե այդ, այլ ապրիլի 23-ին Իոննի Պերեսի հետ Լոս Անջելեսի «Nokia Theater» սրահում կայանալիք մենամարտի վրա: «Վիկը պատրաստվում է Պերեսի հետ մենամարտին, իսկ Մարեսով կզբաղվի դրանից հետո», -ասել է Նասարը:
Էլիաս Նասարը նաեւ հայտարարել է, թե Վախթանգի թիմը պատրաստվում է պրոֆեսիոնալ պայմանագիր ստորագրել հայ բռնցքամարտիկներից մեկի հետ: Խոսքը Եվրոպայի երիտասարդների չեմպիոն՝ 22-ամյա Ազատ Հովհաննիսյանի (լուսանկարում) մասին է, որը 2009-ին աշխարհի մեծահասակների առաջնությունում մտել է քառորդ եզրափակիչ: Հովհաննիսյանը սիրողական բռնցքամարտում անցկացրել է 291 մարտ, որից 267-ում հաղթանակ է տարել, ընդ որում 194-ը՝ ժամանակից շուտ: «Այդ տղան սպանիչ հարված ունի եւ հավասարապես բռնցքամարտում է թե աջակողմյան, թե ձախակողմյան կեցվածքով: Նա հիմա մեծ պահանջարկ ունի եւ Ազատին իրենցով անել ցանկանում են Եվրոպայի հինգ պրոումոթերական ընկերություններ: Այս բիզնեսի բոլոր մեծ խաղացողները ցանկանում են ձեռք բերել նրան: Մենք պատրաստ ենք այդ հայ բռնցքամարտիկին լավ գումարներ եւ պայմաններ առաջարկել», – ասել է Նասարը եւ հույս հայտնել, որ Ազատ Հովհաննիսյանն ամենայն հավանականությամբ կտեղափոխվի Ավստրալիա եւ տարվա կեսին կանցկացնի իր առաջին մարտը պրոֆեսիոնալ ռինգում: