Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ վարպետը գլխավորում է պայքարը

Փետրվար 03,2011 00:00

Մոսկվայի պետական սոցիալական համալսարանում շարունակվում է շախմատի «Moscow Open» յոթերորդ միջազգային փառատոնը, որտեղ ընթացող կանանց 10 ուժեղագույնների պայքարում հանդես է գալիս նաեւ հայաստանցի Լիլիթ Գալոյանը: Չորրորդ տուրում մեր մարզուհին սեւ խաղաքարերով ոչ-ոքի արեց ռուսաստանցի Ալինա Կաշլինսկայայի հետ եւ 2,0 միավորով ընթանում է վեցերորդ հորիզոնականում: Առաջին հաղթանակը տարավ կազմակերպիչ երկիրը ներկայացնող մեր հայրենակից Կարինա Համբարձումովան (նկարում)՝ առավելության հասնելով Իոլանտա Զավադսկայի նկատմամբ: Առայժմ վաստակած միակ միավորով Կարինան բաժանում է 8-9-րդ հորիզոնականները:
Փառատոնի այս տարվա առանձնահատկություններից մեկն այն է, որ առաջին անգամ մրցաշարի ընթացքում խաղարկվում է նաեւ Ռուսաստանի գավաթը ուսանողների միջեւ: Այս խմբում հանդես է գալիս 64 շախմատիստ, որից վեցը կրում է գրոսմայստերի կոչում, իսկ յոթը միջազգային վարպետ է: Ուրախալի է, որ չորս տուրից հետո հարյուր տոկոսանոց արդյունք ցույց է տվել միայն մեկ մասնակից՝ ՖԻԴԵ-ի հայ վարպետ Պողոս Նահապետյանը, որը ներկայացնում է Պենզա քաղաքը: Փառատոնի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ուսանողների մրցաշարի հաղթողի համար սահմանված է բավականին պատկառելի դրամական մրցանակ՝ 100 հազար ռուբլի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել