Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միությունը (ՖԻՖԱ) երեկ հրապարակեց ֆուտբոլի ազգային հավաքականների վարկանիշային դասակարգման փետրվար ամսվա ցուցակը, որում մրցաշրջան 2011-ում դեռ ոչ մի խաղ չանցկացրած Հայաստանի ընտրանին, հունվարի հետ համեմատած, նահանջել է երկու աստիճան՝ հանգրվանելով 62-րդ հորիզոնականում:
Ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնության ընտրական մրցաշարի «B» խմբում մեր թիմի մրցակիցները հետեւյալ տեղերն են զբաղեցնում. 12. Ռուսաստան, 20. Սլովակիա, 35. Իռլանդիա, 79. Մակեդոնիա, 202. Անդորրա: Իսկ լավագույն տասնյակում ըստ հերթականության տեղ են զբաղեցնում Իսպանիան, Հոլանդիան, Գերմանիան, Բրազիլիան, Արգենտինան, Անգլիան, Ուրուգվայը, Պորտուգալիան, Խորվաթիան եւ Հունաստանը:
ՖԻՖԱ-ի հաջորդ վարկանիշային աղյուսակը հրապարակվելու է մարտի 12-ին: