Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընդհատված երգի» ոդիսականը

Փետրվար 03,2011 00:00

\"\"Ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Աշոտ Պողոսյանը «բացում է փակագծերը»

Այս տարվա մայիս ամսին կինոէկրաններ կբարձրանա հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին պատմող «Ընդհատված երգ» գեղարվեստական ֆիլմը (ռեժիսոր՝ Արիկ Մանուկյան):
Ըստ ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Աշոտ Պողոսյանի, «Ընդհատված երգը» երկխոսություն է՝ հայի եւ ադրբեջանցու միջեւ, որոնք պատերազմի ժամանակ հանգամանքների բերումով հայտնվում են միեւնույն հորի մեջ. «Հայի եւ ադրբեջանցու կերպարների միջոցով ֆիլմում վեր են հանվելու երկու ժողովուրդների խճճված հարաբերությունները: Ֆիլմում չկան բացասական հերոսներ, ուղղակի յուրաքանչյուրն ունի ճշմարտության իր պատկերացումը»: Պրոդյուսերը նշում է, որ ֆիլմի նկարահանումները սկսվել են դեռ անցյալ տարվա դեկտեմբերի 10-ից, գլխավոր դերերում հայի կերպարը մարմնավորում է ազգությամբ հայ, ռուսաստանաբնակ դերասան Կարեն Մարտիրոսյանը, իսկ ադրբեջանցու դերում ազգությամբ ադրբեջանցի է: Վերջինս նկարահանումների կեսից հրաժարվել է. «2010-ի դեկտեմբերի վերջերին, երբ տարածեցինք ինֆորմացիա՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին ֆիլմի վերաբերյալ, Ադրբեջանի կողմից սկսվեց մեծ արշավ՝ նկարի ստեղծումը խաթարելու ուղղությամբ: Ադրբեջանական հիստերիան հասավ աննախադեպ չափերի, ինչը մեզ համար էլ էր անակնկալ: Եվ ադրբեջանցի դերասանը, որի ընտանիքը բնակվում էր Բաքվում, վախեցավ շարունակել իր մասնակցությունը նախագծին: Հունվարի կեսին խզվեց մեր պայմանավորվածությունը նրա հետ»: Բանախոսի խոսքով, ադրբեջանական անթաքույց հիստերիան պայմանավորված է նաեւ նրանով, որ ֆիլմը նկարահանվում է հայերի կողմից: «Մեղմելու համար բուռն ռեակցիան, ադրբեջանական կողմին առաջարկեցինք միանալ մեր նախաձեռնությանը՝ համատեղ նկարահանել եւ համատեղ սցենար գրել, սակայն որեւէ արձագանք կամ պատասխան մինչ օրս չստացանք»,- ասաց Ա. Պողոսյանը:
Նոր ադրբեջանցի դերասանի որոնումների հարցում ստեղծագործական խմբին օգնել է Սոչիի TV3 հեռուստաընկերությունը: Դերասանի հետ, որը, ի դեպ, աշխատում է Ռուսաստանի հարավում գտնվող քաղաքներից մեկում, պայմանավորվածությունն արդեն գրեթե ձեռք է բերվել: Ադրբեջանցի դերասանի պայմանն է եղել՝ հետագայում աջակցել իր պլաստիկ վիրահատությանը եւ օգնել, որպեսզի մեկնի Եվրոպա՝ հնարավոր վտանգներից պաշտպանվելու համար:
Ա. Պողոսյանը նշում է, որ երկու երկրների հասարակությունների կողմից կա մեծ հետաքրքրություն ֆիլմի հանդեպ. «Միայն երկու շաբաթվա ընթացքում ֆիլմի պաշտոնական կայք՝ www.prervannaya-pesnya.ru, 100 200 մարդ է այցելել, որոնցից 29 890-ը՝ Ադրբեջանի IP հասցեներից»: Նա նաեւ հավելեց, որ կայքը նույնպես ենթարկվել է ադրբեջանցի հակերների հարձակումներին:
Ա. Պողոսյանին հարցեր էին ուղղել նաեւ ադրբեջանցի լրագրողները, որոնց նա պատասխանեց երեկվա ասուլիսին: Օրինակ, Գյուլշան Բաբաեւան հետաքրքրվել է հնարավոր համագործակցությամբ ադրբեջանական կողմի հետ: Ա. Պողոսյանը նրան տեղեկացրել է, որ նման առաջարկ եղել է, որը մնացել է անպատասխան: Վուղար Իսմայիլովն էլ, կարդալով Ա. Պողոսյանի հարցազրույցներից մեկում արված «երկու ժողովուրդների էթնիկական անհամատեղելիություն» արտահայտությանը, անհանգստացել է՝ ինչո՞ւ է պրոդյուսերը օգտագործել այդ տերմինը: Ա. Պողոսյանն այս «մասով» մեկնաբանեց, որ «էթնիկ անհամատեղելիության» ճշմարտացիությանը հավատացողների թիվը մեծ է. «Ճշմարիտը խոսելն է կարծրատիպերից եւ ցույց տալը, որ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումից հետո հնարավոր է մեր ժողովուրդների հարաբերությունների կարգավորում»:
Կինոնկարի նկարահանումները վերսկսվելու են փետրվարի 7-ից:
«Ընդհատված երգ» ֆիլմի պրեմիերան նախատեսվում է իրականացնել Մոսկվայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել