Ըստ թատերագետ Արա Խզմալյանի, մեր թատրոններին անհրաժեշտ են ոչ միայն գեղարվեստական ղեկավարներ, այլեւ գեղարվեստական հոգեբույժներ:
Արվեստագետների, մասնավորաբար՝ դերասանների շրջանում բոլոր ժամանակներում նկատվել է ինքնամեծարման միտում: Այսօր դա ավելի է սրվել: Որո՞նք են պատճառներն ու հետեւանքները: Այս առիթով «Առավոտը» հանդիպեց թատերագետ, արվեստագիտության թեկնածու, Ազգային թատերական ստեղծագործական միավորման նախագահ Արա Խզմալյանին: Վերջինս դերասանի ինքնամեծարման, ինքնահիացման, ինքնագովեստի գլխավոր դրդապատճառ նշեց հումորի եւ կուլտուրայի պակասը կամ բացակայությունը. «Դերասանի «գործիքը» սեփական մարմինն է, ինչն էլ ստիպում է նրան՝ խնամել ու սիրել իրեն: Բայց մի բան է ինքնահիացումը՝ պրոֆեսիոնալ հիմնավորումով, մեկ այլ բան՝ ինքնամեծարումը»: Շարունակելով միտքը՝ մեր զրուցակիցը փաստեց. «Քանի՞ անգամ եք լսել, երբ, օրինակ, ռուս դերասանը հրապարակավ հանդես գալով, զբաղվի բանավոր «ինքնահաստատումով»:
Այդպիսի դեպքում ռուսական թատերական միջավայրը միանգամից ծաղրի առարկա կդարձնի նման մարդուն: «Իսկ մեզանում առկա բութ լրջությունը, որ տիրում է կյանքի բոլոր ոլորտներում, տաղտկալի է դարձնում ոչ միայն մեր իրականությունը, ավելի սարսափելի՝ թատերական դաշտը: Հայ դերասանի ինքնահիացումը երբեմն հասնում է հիստերիայի: Մի բան, որ հաճախ ենք հանդիպում հեռուստահաղորդումներում եւ մամուլի «հրապարակումներում»,- կարծիք հայտնեց Ա. Խզմալյանը: Անդրադառնալով դերասանի հումորի եւ կուլտուրայի բացակայության խնդրին՝ նա ասաց. «Հանրահայտ է, որ հումորից զուրկ են հիմնականում հոգեկան հիվանդությամբ տառապողները: Լսելով, այսպես կոչված, բեմական առաջատարներին, ակամա մտածում ես, որ հայ թատրոնը կարիք ունի ոչ թե գեղարվեստական ղեկավարների, այլ գեղարվեստական հոգեբույժների: Կրկին անդրադառնալով ռուս դերասաններին, նկատենք, որ դասական պոեզիան, եւ ոչ միայն, նրանց առօրյայի մի մասն է: Համոզված եմ, որ գեղարվեստական գրականության տեղը մեր դերասանների կյանքում այսօր թափուր է, իհարկե, որոշ բացառություններով»:
Թատերագետին հիշեցնելով, որ հայաստանյան TV-ների ծրագրերում գոնե հումորային ծրագրերի պակաս չի նկատվում, ստացանք հետեւյալ պատասխանը. «Հումորային հեռուստածրագրերում ընդգրկված օժտված, բացառիկ կերպարային զգացում ունեցող երիտասարդները քիչ չեն, սակայն այստեղ էլ պակասում է չափի զգացումը, որը նույնպես կուլտուրայի բացակայության հետեւանք է: Նման հաղորդումների առատությունը պայմանավորված է նաեւ այն հանգամանքով, որ արդի հայ թատրոնը կորցրել է ժպտալու եւ հեգնելու հատկությունը»:
Ստեղծված իրավիճակի շտկման հնարավոր եղանակները, ըստ մասնագետի պատկերավոր ձեւակերպման, օպտիկական այնպիսի սարքի ձեռքբերումն է, որը կվերադարձնի կյանքի բոլոր գույները տեսնելու երանելի հատկությունը: «Այնքան ժամանակ, որքան կյանքը կբաժանենք երկու բեւեռների (լավ ու վատ մարդ, ընդդիմություն-իշխանություն…), դրանց միջեւ ընկած տարածությունը կմնա որպես հոգեւոր ու մտավոր խոպան»,- համոզված է Ա. Խզմալյանը: