Փետրվարի 2-ին Վրաստանի արեւմտյան Տկիբուլիում գործադուլ են սկսել քարածխի հանքում աշխատող հանքափորները: APA-ի փոխանցմամբ, ակցիային մասնակցում է շուրջ 700 մարդ: Գործադուլային կոմիտեն թույլ է տվել հանք մտնել միայն տեխնիկական անձնակազմին, որոնք պատասխանատու են հանքի անվտանգության համար: Գործադուլավորների մի ստվար հատված մասնակցել է նաեւ հանքի հարեւանությամբ անցկացված հանրահավաքին: Հանքափորները պահանջում են բարձրացնել իրենց, այդ թվում նաեւ՝ անժամկետ աշխատանքային պայմանագիր ունեցողների աշխատավարձերը եւ բարելավել աշխատանքային պայմանները: Գործադուլավորները նաեւ դժգոհություն են հայտնել հանքում վերջերս տեղի ունեցած եւ մեկ մարդու կյանք խլած պայթյունի գործով իրականացվող հետաքննության ընթացքի առնչությամբ:
Բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպել է հանքի սեփականատեր՝ «Գրուզուգոլ» ընկերության գլխավոր տնօրեն Զազա Սադունիշվիլին: Վերջինիս եւ գործադուլավորների բանակցությունների մասին ոչինչ չի հաղորդվում: