Երեքշաբթի երեկոյան Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը հեռուստատեսությամբ եգիպտացիներին ուղղված իր ուղերձում հայտարարել է, թե մտադիր է մնալ իշխանության ղեկին մինչեւ նոր ընտրությունների անցկացումն ու ապահովել մի քանի արմատական բարեփոխումներ՝ պետության ղեկավարի պաշտոնում կառավարման մաքսիմալ ժամկետ սահմանելու համար: Սա այն նորմն է, որն այժմ Եգիպտոսում չի գործում:
«Ես կասեմ հստակ. ես կաշխատեմ մինչեւ իմ լիազորությունների՝ Սահմանադրությամբ տրված ժամկետի ավարտը, որպեսզի անհրաժեշտ նախապատրաստություններ իրականացնեմ եւ միջոցներ ձեռնարկեմ իշխանության խաղաղ անցումը ապահովելու համար»,- BBC-ի մատուցմամբ, հայտարարել է Մուբարաքը: Նա խոստացել է սեպտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում իր թեկնածությունը չառաջադրել:
Երկրի նախագահը հայտարարել է, թե հպարտ է նախագահի պաշտոնում եղած տարիներին Եգիպտոսին մատուցած ծառայությունների համար, եւ որ պատմությունը կդատի իր վաստակը: Նա նաեւ հայտարարել է, թե մտադիր չէ իր պաշտոնանկությունից հետո լքել Եգիպտոսը:
Ընդսմին, Կահիրեի Թահրիր հրապարակում Մուբարաքի ելույթին հետեւող հարյուր հազարավոր ցուցարարները վրդովմունքով ու զայրույթով են արձագանքել Մուբարաքի ելույթին, վանկարկելով՝ «հեռացի՛ր, հեռացի՛ր»:
Ցուցարարներից ոմանք պահանջում են, որ Մուբարաքն իր պաշտոնը լքի մինչեւ ուրբաթ՝ այն օրը, երբ իրենք ցույց են անելու նախագահական նստավայրի դիմաց: Իսկ եգիպտական ընդդիմությունը, «Ալ-Ջազիրայի» փոխանցմամբ, գերակատարել է փետրվարի 1-ին Կահիրեում 1 միլիոնանոց ցույց անելու իր խոստումը: Կահիրեի Թահրիր (Ազատագրության) հրապարակում եւ դրան հարող տարածքներում նախօրեին հավաքվել է մոտ 2 միլիոն մարդ: Հարյուր հազարավոր ցուցարարներ էին հավաքվել նաեւ Եգիպտոսի՝ մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Ալեքսանդրիայում, ցույցեր էին եղել նաեւ Սուեզ, Ասուիթ, Մանսսուրա եւ Լուքսոր քաղաքներում: Ալեքսանդրիայում բախումներ են եղել, խոսվում է 12 վիրավորի մասին:
Չորեքշաբթի օրը հայտնի դարձավ, որ Եգիպտոսի երկպալատանի խորհրդարանը դադարեցրել է իր աշխատանքները՝ մինչեւ խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վերաբերյալ բողոքների քննարկման ավարտը: Հիշեցնենք, որ ընդդիմության պահանջներից մեկն էլ 2010թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում ձեւավորված խորհրդարանի լուծարումն է:
BBC-ի մատուցմամբ, չորեքշաբթի օրը Թահրիր հրապարակ են մտել նախագահ Մուբարաքի կողմնակիցները ու ավերել են ընդդիմության կառուցած բարիկադները: Բախումներ են տեղի ունեցել Մուբարաքի եւ նրա ընդդիմախոսների կողմնակիցների միջեւ: Իրավիճակը ծայրաստիճան լարվել է: Եգիպտական բանակի ներկայացուցիչները, որոնք ավելի վաղ հայտարարել էին, թե օրինական են համարում ընդդիմության պահանջներն ու ուժ չեն կիրառի նրանց նկատմամբ, երեկ քաղաքացիներին խնդրել են դադարեցնել ցույցերն ու վերադառնալ իրենց բնականոն կյանքին:
Այլ աղբյուրներ երեկ հաղորդել են Եգիպտոսում ՌԴ պաշտպանության նախարարության «Զվեզդա» հեռուստաալիքի նկարահանող խմբի կորստի մասին: Փետրվարի 1-ի ուշ երեկոյան հեռուստաալիքը հայտնել է, որ թղթակից Արկադի Նազարենկոն եւ օպերատոր Ալգիդաս Միկուլսկիսը ձերբակալվել են անհայտ անձանց կողմից՝ Կահիրեի կենտրոնում: Անանուն աղբյուրներից հայտնի է դարձել, որ լրագրողներին կարող են առեւանգած լինել:
Լրագրողների որոնումներին մասնակցում են Կահիրեում ՌԴ դեսպանատունը, նաեւ բանակն ու այլ ուժային կառույցներ: