Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղական մանկապարտեզը՝ կռվախնձոր

Փետրվար 03,2011 00:00

Համայնքի ղեկավարը մի բան է ասում,  մանկապարտեզի վարիչը՝ մեկ այլ

\"\"
Ույծ համայնքի երեխաները այլեւս մանկապարտեզ չունեն:

«Առավոտի» երեկվա համարում տեղեկացրել էինք, որ փետրվարի 1-ից դադարեցվել է Սյունիքի մարզի Ույծ համայնքի՝ արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկ Հովիկ Քոչարյանի անունը կրող 40 տարվա մանկապարտեզի գործունեությունը: Ույծ համայնքի ղեկավար Արտակ Ավետյանը, որ 2008-ի աշնանից ղեկավարում է համայնքը, «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ մանկապարտեզի գործունեության՝ ժամանակավորապես դադարեցնելու պատճառը նախակրթարանի՝ տարիներ շարունակ կուտակված պարտքերն են. սոցվճարների համար 7,5 մլն դրամ կուտակված պարտք կա, հաշիվներն էլ այժմ կալանքի տակ են: Գյուղապետի փոխանցմամբ, համայնքի ավագանին, ելնելով համայնքի ծանր ֆինանսական վիճակից (գյուղապետարանը շուրջ 35 մլն դրամի պարտք ունի), նման որոշում է կայացրել:
1971 թվականից գործող մանկապարտեզ նախկինում 75 երեխա է հաճախել, այժմ նրանց թիվը 19 է: Նախակրթարանի վարիչ Ջուլիետա Մուրադյանի խոսքով, գարնանը 7 հոգի էլ պետք է ընդունվեին: Նրա փոխանցմամբ, մանկապարտեզի պարտքերը կուտակվել են 2000 թվականից՝ նախկին գյուղապետ Կամո Կարապետյանի պատճառով: Վարիչի խոսքով, տարիներ են եղել, որ իրենք նույնիսկ աշխատավարձ չեն ստացել, նույնիսկ 3 անգամ դատարանի որոշմամբ են վճարվել: 90-ականների մութուցուրտ տարիներին էլ աշխատանքները ոչ մի օր չեն դադարեցրել: «Գիշերվա ժամը 2-ին մի քանի ժամով լույս էին տալիս, գնում էի խոհարարի հետ երեխաների համար հաց թխում: Որ օրն էլ լույս չէր լինում, դրսի վառարանին էինք հացը թխում, դաշտերից փշեր էինք բերում, վառում, որ սոլյարկա չօգտագործենք: 3 տարի ձմռանը մեքենայով ջուր ենք բերել՝ մանկապարտեզն աշխատեցրել: Այսօր էլիտար շենքեր են սարքում, բայց իրենց խնդիրներից ելնելով՝ մանկապարտեզ են փակում»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է նախակրթարանի վարիչ Ջ. Մուրադյանը: Նրա մեկնաբանմամբ, գյուղի ուսուցչի տան մաս կազմող մանկապարտեզը փակվում է, որպեսզի համայնքային սեփականություն հանդիսացող տարածքը անվարձահատույց տրվի պատահական անհատների:
Մանկապարտեզի փակումը գյուղում մեծ աղմուկ է առաջացրել: Գյուղի երեխաները զրկվել են միակ լուսավոր վայրից եւ այժմ իրենց ժամանակն անցկացնում են փողոցում: Ույծեցիները մտածում են, թե մանկապարտեզը փակելու պատճառը համայնքային սեփականություն հանդիսացող այդ տարածքի մասնավորեցման մեջ է: Գյուղի դպրոցի հաշվեկշռում գտնվող ուսուցչի տունը ՀՀ կառավարությունը նախորդ տարի որոշել է տալ գյուղապետարանին, ինչից հետո էլ գյուղապետ Արտակ Ավետյանը տնօրինել է իր ուզածով: Ավագանին տվել է իր համաձայնությունը: «Առավոտի» աղբյուրների փոխանցմամբ, մի քանի մասնաշենքից բաղկացած ուսուցչի տան մասնաշենքերում գյուղապետն ու դպրոցի տնօրենի դուստրը արդեն վերանորոգման աշխատանքներ են իրականացրել ու ընտանիքներով բնակվում են այնտեղ: Հերթը հասել է տան մյուս հատվածին՝ մանկապարտեզին: Մեր տեղեկություններով, Ա. Ավետյանը փորձել է այդ տարածքն էլ իրենով անել, ինչին նախակրթարանի վարիչը դեմ է արտահայտվել: Բնակիչները կարծում են, եթե տարածքը մասնավորեցվում է՝ պետք է տրվի գյուղի կարիքավորներին, բայց ո՛չ գյուղապետը, ո՛չ գյուղապետարանի աշխատակցուհին, ո՛չ էլ դպրոցի տնօրենը կարիքավոր չեն: Երեխաների ծնողները նամակով դիմել են Սյունիքի մարզպետին՝ ակնկալելով նրա միջամտությունը: Մեզ հետ զրույցում գյուղապետը հերքեց, որ ուսուցչի տունն ինքը նվիրաբերել է իրեն ու դպրոցի տնօրենին. «Սեփականաշնորհման գործընթացն առայժմ չի ավարտվել, իսկ խոսակցություններն առաջացել են այն պատճառով, որ ուսուցչի տանը տեղակայված է նաեւ մանկապարտեզի շենքը: Մանկապարտեզի վարիչն էլ ի լուր բոլորի հայտարարել էր, որ մանկապարտեզի շենքը պիտի ինքը վերցնի, ինչը նրան չի հաջողվել, դրա համար էլ լարվածություն է ստեղծվել: Եթե մանկապարտեզի վարիչն իր ուզած մասնաբաժինը վերցներ, հիմա աղմուկ չէր լինի»: Մանկապարտեզի վարիչ Ջ. Մուրադյանն էլ ի պատասխան հայտարարեց. «Ես շենք չեմ ուզել: Երբ տեսել եմ, որ մանկապարտեզի շենքն էլ են սեփականաշնորհում, ասել եմ՝ ում էլ որ տաք, երկու ամիս հետո գալու է ասի՝ իմ տունն է, դուրս եկեք: Այդպես մանկապարտեզը վերանալու էր»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել