Լրահոս
Օրվա լրահոսը

«ԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՆ ԴԱՐՁԱՎ ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ»

Փետրվար 03,2011 00:00

Գիտնականները դժգոհ են, որ չիրականացվեց «Հայկական վիրտուալ գիտական գրադարան» ծրագիրը

Հայաստանում գիտության ոլորտում աշխատելու քիչ թե շատ փորձ ունեցող ցանկացած մասնագետ կվկայի, որ մեր երկրում գիտական բարձր վարկանիշ ունեցող գրականության հասանելիության պակաս կա: Դրա արդյունքում առաջացած բացասական հետեւանքներն այժմ էլ են նկատելի: Մյուս կողմից էլ գիտական գրադարանների նկատմամբ վերաբերմունքն է փոխվել. դրանք ունեն շենքային անմխիթար պայմաններ, գիտական գրականությունը հիմնականում չի թարմացվում, այցելուներն էլ ավելի շատ գերադասում են օգտվել էլեկտրոնային աղբյուրներից: Սակայն այս ոլորտում էլ կան բազում խնդիրներ: Զարգացած երկրներում, որտեղ գիտության զարգացումը պետական քաղաքականության հիմնաքարերից է, վաղուց գործում են վիրտուալ գրադարաններ՝ հագեցած վարկանիշային գիտական գրականությամբ: Հայաստանը 2010-ի ընթացքում եւս ունեցավ այդ հնարավորությունը, ինչը չօգտագործվեց: Խոսքը «Հայկական վիրտուալ գիտական գրադարան» ՀՎԳԳ ծրագրի մասին է: Դրա շնորհիվ հնարավորություն էր ստեղծվել 85 մլն դրամ ներդրումով ձեռք բերել այդ ծրագրով նախատեսվող ռեսուրսների փաթեթն ու հարակից տեխնիկական հնարավորությունները: Այն ներառում էր SpringerLink-ի (մոտ 2000 աղբյուր), Elsevier-ի «ScienceDirect» (մոտ 2500 աղբյուր), Ամերիկյան եւ միջազգային մասնագիտական միությունների կողմից հրատարակվող (մոտ 250 աղբյուր), Elsevier-ի «Scopus» վարկանիշային, «Thomson Reuter»-ի «ISI Web of Knowledge» վարկանիշային տեղեկատվական շտեմարանների ռեսուրսները, մեկ պատուհանի միջոցով փնտրման տեխնիկական հնարավորությունները: Գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի նախագահ Հարություն Կարապետյանը «Առավոտին» տված հարցազրույցում այս կապակցությամբ փաստել էր. «ԳՊԿ-ի «դե յուրե» ղեկավարը, իր խիստ «պետականամետ» դիրքորոշմամբ, անտեսելով նույնիսկ իր վերադասի՝ ԿԳ նախարարի կարծիքն ու հրահանգները (որոնք կառուցված էին նաեւ ՀՀ նախագահին եւ վարչապետին ուղղված հիմնավորումների վրա), ՀՀ գիտական համայնքին զրկեց խիստ անհրաժեշտ ՀՎԳԳ ծրագրի ռեսուրսներից: ԳՊԿ-ի ղեկավարն իր «ազգանվեր» կեցվածքով նախընտրեց ձեռք բերել (ըստ բյուջեի՝ 60 մլն դրամով) միայն ու միայն SpringerLink-ի ռեսուրսները, որոնք նույնիսկ քանակական առումով (մի կողմ թողնելով որակականը), շատ ավելի համեստ են»: ԳՊԿ-ի նման կեցվածքը նաեւ բազում այլ գիտնականների մտահոգությունն է առաջացրել: Ֆիզմաթ գիտությունների դոկտոր Գրիգոր Բարսեղյանն «Առավոտի» հետ զրույցում վրդովված նշեց. «Գիտության պետական կոմիտեն պետք է մի քանի խիստ կարեւոր քայլեր աներ, որ չարեց: Ուստի այս պարագայում գիտական վիրտուալ գրադարանի ստեղծումը այդ քայլերի 1/20 մասն է կազմում: Օրինակ՝ ԳՊԿ-ն չստեղծեց փորձագիտական խորհուրդներ, որոնք օբյեկտիվորեն կորոշեին ում ինչքան գումար հատկացնել: Ուստի կոմիտեն դարձավ թյուրիմացություն, որը խիստ քննադատության է արժանի: Այսօր ԳՊԿ տնօրենը միայնակ ինչ ուզում՝ անում է, նման համակարգ չունեն նույնիսկ արաբական շեյխերը, անգամ ՀՀ նախագահը: Այսքանից հետո մնում է միայն մեկ հարց տալ. ինչո՞ւ առաջացավ այս իրավիճակը, ինչո՞ւ «նյու վասյուկիները», «վիսկոչկաները» դարձան որոշում կայացնողներ: Պատճառն այն է, որ չորս կողմը տիրում է ոչ պրոֆեսիոնալիզմ, իսկ իշխանավորները չեն ցանկանում խառնվել գիտության հարցերին»:
ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանն էլ մեզ հետ զրույցում գիտական վարկանիշային գրականության՝ հայաստանյան գիտական համայնքին հասանելիության մասին ասաց. «Եթե հասանելիության մակարդակը փորձենք գնահատել «5» միավորանոց սանդղակով, ապա կարող եմ ասել, որ հայաստանյան իրավիճակը չի անցնում «3»-ից: Իհարկե, գրադարանների մի մասը բաժանորդագրված է այս կամ այն շտեմարանների, սակայն այն երկիրը, որն ուզում է գիտության բնագավառում թռիչք կատարել, պետք է բաժանորդագրված լինի Elsevier-ի «ScienceDirect», «Scopus» վարկանիշային շտեմարաններին, ինչը մենք դեռ չունենք: Ուստի ես երկու ձեռքով կողմ եմ, որ հասնենք դրան: Վրաստանն ու Ադրբեջանը եւս բաժանորդագրված չեն այս շտեմարաններին, բայց Վրաստանում վերջին շրջանում մեծ ակտիվություն է նկատվում վարկանիշային գիտական գրականության հասանելիություն ապահովելու կապակցությամբ»:
Հանրապետական գիտաբժշկական գրադարանի տնօրեն Աննա Շիրինյանը «Առավոտին» ներկայացրեց, թե իրենց սեփական նախաձեռնությամբ միջգրադարանային կապերի միջոցով ինչ ծրագրեր են իրականացնում, որպեսզի քիչ թե շատ ապահովեն էլեկտրոնային գիտական գրականություն: Սակայն հասկանալի է, որ այդ դեպքերում լայն գիտական պաշարների տիրապետել հնարավոր չէ, քանի որ վարկանիշային գիտական գրականության պաշարների մեծամասնությունն ազատ հասանելի չէ, դրանից օգտվելու համար պայմանագրեր են պետք կնքել, ֆինանսներ հատկացնել, ինչը թերեւս պետք է արվի պետական մակարդակով: Մյուս կողմից էլ տիկին Շիրինյանը նկատեց. «Մեր գիտական համայնքն էլ առանձնապես չի առաջադրում միջազգային չափանիշներին համապատասխան գիտական տեղեկատվության պահանջարկը: Որոշ բազաներ մենք փորձում ենք գտնել, դրանք ֆինանսավորվում են տարբեր կազմակերպությունների օգնությամբ: Իհարկե, ցանկալի կլիներ, որ պետական միջոցները շատ լինեին եւ ուղղորդվեին այս գործին: Այսօր բոլոր գրադարաններն էլ համալրման խնդիր ունեն, քանի որ ամեն օր գիտության մեջ նոր խոսք է ասվում: Ավելին, էլեկտրոնային գրականության համալրումից բացի, կա նաեւ տպագիր գրականության թարմացման խնդիր. այսօր բազում լավ գրքեր եւ ուղեցույցներ են հրատարակվում, որոնք, ցավոք, ֆինանսական պատճառներով չենք կարողանում ձեռք բերել: Այնուամենայնիվ, մեր ջանքերով շուտով կփորձենք ունենալ էլեկտրոնային փոքրիկ գրադարան, սակայն ոչ ոք էլ չի կարող պատկերացնել, որ այս երկհարկանի փոքրիկ շենքում, քաղաքի կենտրոնից կտրված՝ կարող է նման բան լինել: Սա եւս վերաբերմունք է գրադարանի նկատմամբ: Այստեղ 21-րդ դարին հարիր ոչ մի բան չկա: Մյուս կողմից էլ, երբ ուռճացնելով ասում են, թե մենք՝ հայերս, կարդացող ազգ ենք, ես մի քիչ համամիտ չեմ: Օրինակ՝ մարզերում գրադարանների մեծամասնությունը գտնվում է բնակելի շենքերի առաջին հարկերում: Այնինչ գրադարաններն ինչ-որ կերպ պետք է առանձնանային ե՛ւ արտաքին տեսքով, ե՛ւ դրանց նկատմամբ վերաբերմունքով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել