Լրահոս
Օրվա լրահոսը

Բա ժողովրդի «պալատը» ո՞րն է

Փետրվար 03,2011 00:00

Ընտրությունները մոտենում են, «համերաշխության» ու «համագործակցության» ականջ խլացնող խոսքեր են հնչում, մտադիր են ստեղծել «վերին պալատ»՝ «սենատ», «ներքին պալատ» ու շատուշատ այլ պալատներ՝ «սփյուռքի ներկայացուցիչների» մասնակցությամբ:

Իսկ ո՞վ պիտի լինի «սփյուռքի ներկայացուցիչը», ո՞վ պետք է ընտրի նրան եւ ինչպե՞ս: Եվ, ընդհանրապես, ներկա դրությամբ սփյուռքի ներկայացուցիչն ո՞վ է: Ներկա «Ազգային ժողով» կոչված «պալատը» պատկանում է օլիգարխներին, «վերին պալատը» պատկանելու է սփյուռքի ու Հայաստանի «արքայազններին»՝ «ժողովրդից լավերին», իսկ ո՞րն է ժողովրդի պալատը: Ի՞նչ եղավ «Հանրային խորհուրդը»: Նրա առաքելությունը երեւի թե ավարտվե՞ց՝ մարտի 1-ի հետ կապված, հաջողությամբ պսակեց իրեն հարկադրված գործը: Ի՞նչ եղավ «Դիլիջանի համաշխարհային ֆինանսական կենտրոնը», ի՞նչ եղան շատուշատ այլ ամպագոռգոռ հայտարարությունները, ի՞նչ տվեց հայ ժողովրդին Հյուսիսային պողոտան, բացի անօթեւանների շարքերը ավելացնելուց: «Ասում ենք՝ էշ չենք ուզում, փալանն են փոխում», «Վերին պալատ» ստեղծելու գաղափարի՞ն հավատանք, թե՞ Մալաթիայի խեղճ ու կրակ առեւտրականների այդ միակ հնարավորությունը նրանց ձեռքից խլելու գաղափարին: Ընդամենը երկու միլիոն ժողովուրդ ունեցող Հայաստանի նման երկիրը կարիք չունի «վերին, ներքին… պալատների: Ինչը որ այդ երկիրը եւ ժողովուրդը կարիք ունեն՝ այդ եղածը իր շահերի համար ծառայեցնելն ու իր անվտանգությունն ու գոյատեւումը պաշտպանելն է, իր հայրենիքում ապրելն ու չարտագաղթելն է: «Վերին պալատի» փոխարեն անհրաժեշտ է լուծարել այդ «ազգային օլիգարխների ժողովը» եւ ստեղծել իսկական, ժողովրդին պատկանող «ժողովրդի պալատը»:
Հայաստանի իշխանությունները, սփյուռքի նախարարությունը, փոխարեն վերականգնեն սփյուռքում ապրող Հայաստանի քաղաքացիների ընտրական իրավունքը, նրանց մասնակից դարձնեն երկրի ճակատագրին, Սփյուռքում ապրող եւ դպրոցն ավարտած տասնյակ հազարավոր հայ երիտասարդներին տրամադրեն անձնագիր, որպեսզի նրանք կարողանան իրենց բարձրագույն ուսումը շարունակել, անտեսում են այդ բոլորն ու, չգիտես ինչու, հանկարծ անհրաժեշտ է դառնում «վերին պալատի» ստեղծումը: Իսկ ի՞նչ նպատակ է հետապնդում Հայաստանի ներկա իշխանությունը «վերին պալատ» ստեղծելով, պարզ է. «վերին պալատում» կտեղավորվեն սփյուռքի մի քանի ոչ կուսակցական թոշակառուներ (իհարկե, հատուկ ընտրված իշխանությունների կողմից) եւ ավանդական կուսակցությունների մի քանի ներկայացուցիչներ՝ ՀՅԴ-ականներ եւ մի քանի ՌԱԿ-ականներ: Դրանով կփակեն սփյուռքի մեծամասնությունը կազմող բողոքող խավի բերանը: Իսկ մասնակցող կուսակցություններն էլ կլուծեն իրենց հարցերը՝ վերին եւ ներքին պալատներում ունենալով իրենց ներկայացուցիչները, կներկայանան թե՛ Հայաստանի եւ թե՛ սփյուռքի ներկայացուցիչներ ու այդպիսով կլուծեն սփյուռք-հայրենիք հարաբերության եւ համագործակցության գաղափարի խնդիրը: Ինչը, որ հայտնի է ու պարզ, այն է, որ ոչ սփյուռքի, եւ ոչ էլ Հայաստանի ժողովրդի հետ դրանք ընդհանրապես կապ չեն ունենալու, չեն ներկայացնելու նրանց պահանջներն ու չեն պաշտպանելու նրանց շահերը, չեն պաշտպանելու «Մալաթիայի շուկայի» մանր առեւտրականներին, ինչպես չարեցին Հյուսիսային պողոտայից վտարվածների հանդեպ: Սփյուռքի նախարարությունն էլ Հայաստանի իշխանությունների համար, այսպես ասած, «գործ է կպցնում»: Երեւի տիկին Հրանուշ Հակոբյանն արդեն ցուցակագրել է, թե ովքեր են լինելու «սփյուռքի ներկայացուցիչները»: Այնպես որ, ընտրությունների կարիք էլ անգամ չկա, ինչ էլ լինի՝ ընտրյալներն են արկղից դուրս գալու, ինչպես որ դուրս են գալիս Հայաստանում տեղի ունեցող ընտրությունների ժամանակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել