Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆ-Ն ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է

Փետրվար 03,2011 00:00

ՀՀ արդարադատության նախարարությունն անդրադարձել է «Առավոտի» հրապարակմանը

Հունվարի 31-ին ՀՀ արդարադատության նախարարությունը՝ ի դեմս մամուլի քարտուղար Կարինե Քալանթարյանի, արձագանքել է հունվարի 29-ին «Առավոտում» հրապարակված «Նոր նախարա՞րն էլ» հրապարակմանը եւ դրա առնչությամբ երեք կետանոց պարզաբանում է ներկայացրել:
«Հոդվածագիրը՝ իբր «հավաստի տեղեկությունների» հիման վրա, փոխանցում է հանրությանը, թե ՀՀ արդարադատության նախարարությունում «որոշակի դժգոհության ալիք է հասունանում», եւ որ «ԱՆ տարբեր ոլորտներում աշխատանքային հարուստ փորձ ունեցող որոշ հայեցողական պաշտոններ զբաղեցնող մարդիկ, նույնիսկ՝ քաղծառայողներ, կասկածի տակ են առնում» ՀՀ արդարադատության նախարարի նոր նշանակումները, համարելով, որ այդ անձինք «գուցե լավ գիտելիքներ ունեն, բայց պրակտիկ փորձ չունեն եւ միայն տեսական գիտելիքներով չեն կարողանալու գործից գլուխ հանել, նրանք արդեն ամեն ինչ սկսել են խառնել իրար»:
Պարզաբանում 1. «Նոր գործելաոճի եւ քարացած «պրակտիկ փորձի» մասին:
Արդարադատության նախարարը պաշտոնամուտից շուրջ մեկ ամիս անց հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հանրությանը ներկայացրեց առկա խնդիրները, համակարգը բարեփոխելուն նպատակաուղղված ծրագրերը, միաժամանակ նշելով, որ դրանք կյանքի կոչելու համար առաջին հերթին անհրաժեշտ են գիտելիք, վճռականություն եւ կամք, որը կիրականացնի իր քաղաքական թիմը:
Այն, որ կան դժգոհություններ, միանգամայն հասկանալի եւ ընդունելի է: Դժգոհություն սովորաբար չի լինում այն դեպքում, երբ իրավիճակը բարեփոխելու քայլեր չեն ձեռնարկվում: Այն, որ նախարարության պատերի ներսում ոմանք դժգոհություն են հայտնում աշխատանքային գործելաոճի նոր պահանջներից, միանգամայն սպասելի է, քանի որ այդ մարդիկ սովոր էին այլ ոճով աշխատել: Իսկ նախարարությունը մտահոգվելու առիթ կունենա, եթե համակարգում տիրող իրավիճակը բարեփոխումների ծրագրի ավարտից հետո էլ հասարակության մեջ դժգոհության ալիք բարձրացնի:
Պարզաբանում 2. «Ամեն ինչ խառնող ջահելների» մասին:
Ինչ վերաբերում է այն ձեւակերպմանը, թե «ԱՆ ներմուծված ջահել կադրերը ամեն ինչ սկսել են խառնել», ապա ենթադրում ենք, որ հոդվածագիրը նկատի է ունեցել ՀՀ արդարադատության նախարարի երկու նորանշանակ տեղակալներին, քանի որ այլ նշանակալի կադրային տեղաշարժեր չեն եղել:
Պարզաբանում ենք՝
Արամ Օրբելյանը ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ է նշանակվել 2011թ. հունվարի 20-ին, իսկ Գրիգոր Մուրադյանը առաջին տեղակալ՝ միայն 2011 թվականի հունվարի 24-ին: Ամենամեծ ցանկության դեպքում անգամ նրանք չէին կարողանա մի քանի օրվա ընթացքում «խառնել ամեն ինչ»:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալներին ուղղված նման մեղադրանքներն անհիմն են եւ առնվազն կոռեկտ չեն: Կարծում ենք, դա պարզապես փորձ է՝ սեւացնելու եւ դրանով իսկ ձախողելու բարեփոխումների դեռեւս նոր մեկնարկած ծրագիրը եւ այն իրականացնողներին՝ «քարացած» գործելաոճը փոխելու եւ «հին խաղի կանոնները» չընդունելու պատճառով:
Պարզաբանում 3. Նոտարների թեկնածուների որակավորման քննության արդյունքների ստուգման մասին:
Նույն հոդվածում լրագրողը եւ իր անհայտ աղբյուրները (միայն սկսնակների համար անհայտ) կասկածի տակ են առնում անցյալ տարեվերջին նախարարությունում անցկացված՝ նոտարների թեկնածուների որակավորման քննության արդյունքների ստուգման գործընթացը:
Տեղեկացնում ենք, որ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը՝ քննական գործընթացի առավել անաչառությունն ապահովելու եւ կոռուպցիոն ռիսկերը բացառելու նպատակով, 2011 թվականի հունվարի 24-ի թիվ 8-Ա հրամանով ստեղծել է հանձնաժողով՝ նոտարների թեկնածուների աշխատանքները կոդավորելու նպատակով, որը կապահովեր գրավոր աշխատանքների անանուն ստուգումը: Ընդգծենք, որ այս հանձնաժողովի կազմում ընդգրկված չի եղել ՀՀ արդարադատության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 6-ի 230-Ա հրամանով հաստատված «Նոտարների թեկնածուների որակավորման արդյունքների ստուգման» հանձնաժողովի որեւէ անդամ:
Ինչ վերաբերում է հոդվածագրի կողմից մատնանշված թեկնածուներից մեկի «ծրարում» հարցաշարերի պատասխանների տառացիորեն ճիշտ այն տարբերակի առկայությանը, որը մինչ այդ փոխանցվել էր նախարարին, այլ բառերով, քան՝ հերյուրանք, անվանել չի կարելի, ինչը կարող են հավաստել հանձնաժողովի բոլոր անդամները: Ի դեպ, ավելորդ չենք համարում նշել, որ ստուգող հանձնաժողովին փակ ծրարով աշխատանքներ հանձնելու պահանջ որեւէ իրավական ակտում նշված չէ, ուստի ՀՀ արդարադատության նախարարը գործել է իր իրավասության շրջանակներում եւ այդ քայլով, ինչպես նաեւ վերոնշյալ հանձնաժողովը ստեղծելով, ապահովել է ստուգման գործընթացի մաքսիմալ օբյեկտիվությունը:
Այդուհանդերձ, երկմտելու տեղիք տվող օրենսդրական բացերը ազդակ են, որ դրանք պետք է շտկվեն: Այս պահին համապատասխան աշխատանքներն ընթացքի մեջ են»:
Անշուշտ, շատ հաճելի եւ ողջունելի է, որ ՀՀ արդարադատության նախարարությունն օպերատիվորեն է արձագանքում մամուլի հրապարակումներին: Բայց, կարծում եմ՝ վատ է, երբ ԱՆ-ն, որի նորանշանակ նախարարի հետ ես էլ, որպես ՀՀ քաղաքացի ու լրագրող, որոշակի հույսեր եմ փայփայում, շարունակում է նախկինի նման մամուլի, գոնե մեր՝ անհայհոյանք, անձնական վիրավորանք չպարունակող ու առանց որակումների հրապարակումներին անդրադառնալ նույն հեգնական («Հոդվածագիրը՝ իբր «հավաստի տեղեկությունների» հիման վրա, «…լրագրողը եւ իր անհայտ աղբյուրները (միայն սկսնակների համար անհայտ)…» ձեւակերպումներով, ինչպես դա անում էր իր նախորդը եւ ոչ միայն նա:
Ինձ համար՝ որպես հրապարակման հեղինակի, անհասկանալի մնաց ԱՆ-ից ստացված պատասխանում («Հոդվածագիրը՝ իբր «հավաստի տեղեկությունների» հիման վրա, փոխանցում է հանրությանը, թե ՀՀ արդարադատության նախարարությունում «որոշակի դժգոհության ալիք է հասունանում») «…իբր «հավաստի աղբյուր» չակերտավորված ձեւակերպումը, որովհետեւ հենց պարզաբանման տեքստում ԱՆ մամուլի խոսնակը, այնուամենայնիվ, հաստատել է, որ դժգոհություններ կան՝ «Այն, որ կան դժգոհություններ, միանգամայն հասկանալի եւ ընդունելի է: Դժգոհություն սովորաբար չի լինում այն դեպքում, երբ իրավիճակը բարեփոխելու քայլեր չեն ձեռնարկվում: Այն, որ նախարարության պատերի ներսում ոմանք դժգոհություն են հայտնում աշխատանքային գործելաոճի նոր պահանջներից, միանգամայն սպասելի է, քանի որ այդ մարդիկ սովոր էին այլ ոճով աշխատել»: Կարծում եմ, նոր նախարարն էլ քաջ հասկանում է, որ լրագրողների համար որեւէ գերատեսչությունում կամ դրան մոտ կանգնած աղբյուր ունենալը նորմալ ու միանգամայն բնական է ու անհավանական չէ, իսկ աղբյուրի անունը շատ հաճախ չի մատնանշվում՝ նրան հնարավոր հետապնդումներից զերծ պահելու համար, ինչը ամենեւին էլ չի նշանակում, թե այդ աղբյուրի կամ աղբյուրների փոխանցած տեղեկությունն ու դիտարկումը «իբր» է, առավել եւս, դա կապ չունի ո՛չ սկսնակ եւ ո՛չ էլ աշխատանքային 20-ամյա փորձ ունեցող լրագրող լինելու հետ: Մյուս կողմից, մամուլի արդյունավետ աշխատանքի համար հարկ է չշփոթել լրագրողի եւ նրա զրուցակցի դիրքորոշումն ու կարծիքը, որոնք հնարավոր է, որ կարող են նաեւ տարբեր լինել: Այս մի դիտարկումը կապված էր պարզաբանման մեջ եղած այս հատվածի հետ՝ «…լրագրողը եւ իր անհայտ աղբյուրները… կասկածի տակ են առնում անցյալ տարեվերջին նախարարությունում անցկացված՝ նոտարների թեկնածուների որակավորման քննության արդյունքների ստուգման գործընթացը»:
Ու էլի մի դիտարկում՝ կապված ՀՀ արդարադատության նախարարությունից ստացված մեկ այլ հերքում-պարզաբանման հետ: ԱՆ-ն ավելի վաղ արձագանքել էր նաեւ «Առավոտի» նույն՝ հունվարի 29-ի համարում՝ «Էլի ծեծել է» վերտառությամբ հրապարակված տեղեկությանը, ըստ որի՝ ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը ծեծի է ենթարկել իր նախկին ենթակա Ստեփան Սամվելյանին: ԱՆ-ն հերքել էր, թե նման միջադեպ է եղել (հերքումը հրապարակվել է «Առավոտի» փետրվարի 2-ի համարում)՝ վկայակոչելով հենց Ստ. Սամվելյանի արած գրավոր հայտարարությունը, որի լուսապատճենը հերքմանը կից ուղարկել էր մեզ: Այդ հերքման դեմ առարկություն չունենալով հանդերձ (ի՞նչ կարող ես անել, երբ մարդն ինքն է հայտարարում, որ իրեն չեն ծեծել), մեզ տարօրինակ թվաց դեռ հունվարի 29-ին՝ հրապարակման հենց հաջորդ օրը, Սամվելյանի ձեռագրով գրված հայտարարության վերջնամասը (տես՝ լուսանկարում), որտեղ գրված է՝ «Հայտարարությունը գրված է իմ ձեռքով, ճիշտ է, որի համար ստորագրում եմ»: Այսօրինակ վերջաբան-գրառում սովորաբար գրվում է ոստիկանության, դատախազության կամ քննչական որեւէ մարմնում, քննիչի կողմից վերցված բացատրության, հայտարարության կամ ցուցմունքի տակ: Մենք փորձեցինք ճշտել, թե որտե՞ղ է գրվել ԱՆ-ի կողմից մեզ տրամադրված այս հայտարարությունը: ԱՆ մամուլի խոսնակը տեղյակ չէր, իսկ սա ենթադրությունների համար պարարտ հող է:
Այսուհանդերձ, «Առավոտը» հույս ունի շարունակելու աշխատել ԱՆ նորանշանակ նախարարի եւ նրա խոսնակի հետ՝ նախարարությունում բացասական երեւույթները մատնանշելու եւ դրանով իսկ գերատեսչության կողմից դրանք վերացնելու ուղղությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել