Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը տեղեկացնում է, որ աշխարհի ամենաերկար ճոպանուղին՝ «ՏաԹեւերը» փետրվարին կաշխատի փոփոխված ձմեռային ռեժիմով՝ միայն շաբաթ եւ կիրակի օրերին: Այս որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով Սյունիքի մարզում անբարենպաստ եղանակային պայմանները, ինչի հետեւանքով նվազել է զբոսաշրջիկների թիվը: «ՏաԹեւեր» ճոպանուղու կառավարիչ Տիգրան Ղազարյանը ասել է, որ զբոսաշրջիկների ակտիվություն նկատվում է միայն շաբաթ եւ կիրակի օրերին: Սյունիքը միշտ էլ ձնառատ ձմեռ է ունեցել, ավելի ձնառատ, քան այս տարի: Ստացվում է, որ ճոպանուղու ծրագիրը մշակելիս մոռացել են Սյունիքի եղանակային առանձնահատկությունների մասին:
Դատարկվող գյուղերով Սյունիքում ճոպանուղի կառուցելու դեմ արտահայտվողներին պետական կառույցները հակադարձում էին, թե այն կծառայի նաեւ տեղաբնակներին: Հիմա ստացվում է, որ տեղաբնակների՝ ճոպանուղով տեղաշարժման ազատությունը կապված է զբոսաշրջիկների ակտիվությունից: Ավելին, տեղեկություններ ունենք, որ մասնավորաբար Խոտ եւ Շինուհայր գյուղերի բնակիչների միջեւ լարվածություն է առաջացել ճոպանուղու ղեկավարության կողմից տարբերակված մոտեցման արդյունքում: Այս մասին՝ առաջիկայում: