Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ տեղեկություն, ոչ լույս, ոչ գազ

Փետրվար 03,2011 00:00

Հունվարի 27-ին ՀՀ կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հոգատար ղեկավարի կեցվածքով հայտարարեց. «Հունվար ամսվա ընթացքում մենք խնդիրներ ունեցանք թոշակների վճարման գործում: Հերթեր էին կուտակվում եւ արդարացի դժգոհություն կար»: Նաեւ խոստացավ, որ փոփոխություններ կարվեն, թոշառակուն ցանկության դեպքում կկարողանա իր գումարը առեւտրային բանկերից ստանալ: «Տարրական անկազմակերպվածության պատճառով այս տեղեկատվությունը տեղ չի հասել, եւ թոշակառուները չեն օգտվում: Բայց մի բան ակնհայտ է, որ այս փոփոխությունը խիստ անհրաժեշտ էր: 4000 թոշակառու փաստորեն չի ստացել հասանելիք թոշակը: Վերահսկիչ պալատն էլ նման բացահայտումներ արել էր, երբ մահացած թոշակառուների անուններով գումարները դեպոնացվում էին, եւ հետո՝ որոշ ժամանակ անց, այդ գումարներն ինչ-որ մարդիկ ստանում էին»: Վարչապետը սրտնեղեց՝ փոփոխությունների վերջնարդյունքում պետք է շահած լինեին թոշակառուները, եւ պետությունը կունենար լուրջ տնտեսումներ:
Ու մինչ կառավարությունում մտածում են տեղեկությունը թոշակառուին հասցնելու ձեւերի մասին, «տարրական անկազմակերպվածության» դեմ առնել են փորձում, Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի բազմաբնակարան շենքերի շատ բնակիչներ չեն կարողացել վճարել դեկտեմբեր ամսին սպառած բնական գազի եւ էլեկտրաէներգիայի դիմաց: Այդ պատճառով նրանց բնակարանների գազամատակարարումը եւ էլեկտրամատակարարումը անջատել են: Կարիքավոր այդ մարդիկ դժգոհում են, որ այդպես էլ չեն ստացել հունվար ամսվա ընտանեկան նպաստը: Սովորաբար, նպաստը վճարվում էր յուրաքանչյուր ամսվա վերջին: Ցուրտ Նոյեմբերյանում անլույս եւ անգազ լինելը առանձնապես հաճելի չէ՝ անկախ պետական այս կամ այն ծրագրից տեղեկացվածության աստիճանից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել