Լրահոս
Օրվա լրահոսը

10 օր՝ գրաֆիկի խախտումներ

Փետրվար 03,2011 00:00

Կապանում ջրամատակարարման վիճակը դեռ հեռու է գոհացուցիչ լինելուց

«Առավոտը» բազմիցս է անդրադարձել «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ հարավային մասնաճյուղի «Կապան» տեղամասում առկա խնդիրներին՝ մատակարարվող ջրի անբավարար որակ, ջրահեռացման եւ ջրամատակարարման համակարգում առկա թերություններ, պարբերաբար վթարներ եւ այլն: Այս տարվա ընթացքում էլ արդեն վթարներ են գրանցվել: Պատասխանատուներն այդ ամենը վերագրում են մաշված, հնացած խողովակաշարերին: Այս ամենի պատճառով տուժում է Կապանի տարածաշրջանի բնակչությունը:
Վերջին օրերին, սակայն, Կապանի բնակչության դժգոհության պատճառը ջրամատակարարման գրաֆիկի խախտումն է: Բնակիչները 10 օրից ավելի է՝ օրական մի քանի ժամ հազիվ են ջուր ստանում, իսկ ծայրամասային Բարաբաթում թաղամասում մեկ շաբաթ ջուր չի մատակարարվել սպառողներին, եւ բնակիչներն օգտվում էին թաղամասի միակ աղբյուրից: «Ով կարողանում է՝ ձմռան այս եղանակին, ցեխերով գնում- հասնում է էդ աղբյուրից խմելու, ճաշ եփելու ջուր բերում: Շատ դժվար է էդ ցեխին հասնել աղբյուր: Մարդիկ անասուններին տանում են էդ աղբյուր ջուր խմելու, շատ խայտառակ վիճակ է: Կարծես անտեր ենք, մեր մասին մտածող չկա»,- բողոքում են Բարաբաթում թաղամասի բնակիչները:
«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ հարավային մասնաճյուղի «Կապան» տեղամասի պետ Հովհաննես Գեւորգյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ ջրամատակարարման գրաֆիկում տեղ գտած փոփոխությունները պայմանավորված են տեղումների բացակայության հետեւանքով քաղաքը սնուցող աղբյուրի ջրի պաշարների զգալի նվազմամբ: «Քաղաքին նորմալ ջրամատակարարում ապահովելու համար մոտ 550-570 լ ջրի պաշար պիտի ունենանք, բայց այսօր մենք ստանում ենք ընդամենը 390 լ ջուր, լավագույն դեպքում՝ 410լ, այսինքն՝ 30-40 տոկոսով պակաս, քան անհրաժեշտ է, դրա համար օրական 3-4 ժամ ենք ջուր տալիս, լավագույն դեպքում՝ 5 ժամ: Ջրի պակասը միայն տեղումների բացակայության հետ է կապված: Ասում են՝ այս ամենի մեջ մեղավոր է նաեւ Գեղիի հանքը, իբր հանքն է մեզանից ջուր վերցնում՝ դրա համար էլ քաղաքի ջուրը պակասել է, բայց դրանք բամբասանքներ են, հնարավոր չի, որ հանքը մեզանից ջուր վերցնի: Իսկ Բարաբաթում թաղամասը ջուր չի ստացել, որովհետեւ բարձր է դիրքը, ճնշումը չի հերիքում, որպեսզի գոնե եղած ջրից էդ թաղամասին էլ տանք, ուստի էդ ջուրը մյուս թաղամասերին ենք մեկ ժամ ավելի տալիս»,- ասում է Հովհաննես Գեւորգյանը:
Ջրամատակարարման գրաֆիկում խախտումներ արձանագրվում են նաեւ վթարների հետեւանքով, որոնք 2010թ.-ին շատ էին, այս տարվա ընթացքում էլ վթարներ են գրանցվել: Ներքին ցանցում ջրի կորուստը, ըստ պատասխանատուների, 90% է կազմում:
Նախատեսված է այս տարի որոշակի աշխատանքներ իրականացնել: Ասիական բանկի 1,5 միլիոն դոլարով ամբողջովին կփոխվի Գեղիից մինչեւ քաղաք մտնող ջրատար խողովակաշարը: Հենց այս հատվածում են ամենաշատ վթարները գրանցվում: Բացի այդ, կվերանորոգվեն ջրամբարներն ու մաքրման կայանը, իսկ քաղաքի ներսում ամբողջովին կփոխվի ներքին ցանցի 17 կմ հատված: Ըստ նախնական տվյալների՝ աշխատանքները մեծամասամբ կիրականացվեն քաղաքի առանձնատների հատվածներում, որտեղ ջրի կորուստներն ամենաշատն են արձանագրվում: Այս պահին բանակցություններ են ընթանում նաեւ մեկ այլ խոշոր ծրագրի շուրջ, որի հաստատումից հետո նոր ներդրումներ կնպատակաուղղվեն Կապան քաղաքում ջրամատակարարման հարցերի լուծմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել