Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՇԱՎ՝ ԴԵՂԵՐԻ ԴԵՄ

Փետրվար 03,2011 00:00

Սյունիքի գյուղերը դատարկվում են, մարզում հացը թանկացել է, իսկ մարզպետը սպառնում է դեղատներին

Երեկ տեղեկացրել ենք, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մարզի հացարտադրողների հետ քննարկել է ալյուրի, ձեթի եւ վառելիքի թանկացման հարցը ու որոշվել է 600 գրամանոց հացը վաճառել 240 դրամ, նախկին 210-ի փոխարեն: Մարզպետարանը հանձնաժողով է ստեղծել, որը պիտի շրջի խանութներով եւ հետեւի հացի գնին եւ որակին:
www.1in.am կայքից էլ երեկ տեղեկացանք, որ Սյունիքի մարզպետը դեղերի վաճառքով զբաղվող կապանցի գործարարներին առաջարկել է Կապանում վաճառվող դեղորայքի գինը իջեցնել 10 տոկոսով ու էլի հանձնաժողով է ստեղծել, որը մարզկենտրոն Կապանում, հետո նաեւ մարզի այլ բնակավայրերում կհետեւի դեղամիջոցների գներին։
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը որոշել է, որ մեկ շաբաթվա ընթացքում դեղերի գները պետք է իջած լինեն եւ հայտարարել է՝ «եթե ընկերությունները չհամաձայնեն գները զեղչել, արդեն այլ լծակներ կօգտագործվեն»: Հայտնի է, որ Հայաստանում դեղամիջոցների շուկայում առաջատար դիրք ունեն «Նատալի ֆարմ», «Վագաֆարմ», «Ալֆաֆարմ» ընկերությունները: Սյունիքում երկու սեփական դեղատուն ունի միայն «Ալֆաֆարմը», երկուսն էլ՝ Կապանում: Ըստ www.1in.am-ի, Սյունիքի դեղատներում վաճառվող դեղորայքի 80 տոկոսը ձեռք է բերվում հիմնականում «Նատալի ֆարմ» եւ «Ալֆաֆարմ» ընկերություններից: Առաջին ընկերության սեփականատերը ՀՀ ԱԺ պատգամավոր, անկուսակցական, սակայն հանրապետականների հետ ջերմ կապեր ունեցող Սամվել Ալեքսանյանն է, իսկ «Ալֆաֆարմում» մասնաբաժին ունի Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը, «Վագաֆարմի» թիկունքում էլ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն է:
Ցանկացած մարզպետ ՀՀ կառավարության տարածքային քաղաքականության իրականացնողն է (ՀՀ Սահմանադրություն, հոդված 88.1): ՀՀ կառավարությունը դեղերի շուկայում միջամտության մասին որեւէ հայտարարություն չի արել: Թե ինչու է Սյունիքի մարզպետը նման հայտարարություն անում՝ հասկանալի չէ: Ինչպես հասկանալի չէ պետական պաշտոնյա մարզպետի գործարարների հետ սպառնալիքներով խոսելու գործելաոճը: Ըստ պաշտոնական հիմնավորման, մարզպետը մտածում է սոցիալապես անապահով սյունեցիների մասին: Սակայն դեղն էլ հացի նման ապրանք է: Ավելին. հացը այլընտրանք չունի, իսկ Հայաստանում՝ հատկապես գյուղերում, դեղի այլընտրանքը ինչ-որ «պապական-տատական» մի բան կարող է լինել՝ բուժիչ եւ սննդի մեջ օգտագործվող բույսերով հարուստ Սյունիքում աճող որեւէ խոտաբույս: Այնպես որ, մարդկանց մասին մտածողը նախ հացի գների բարձրացման դեմ մի բան կաներ:
Եվ վերջապես. 2004 թվականի մարտի 25-ից Սյունիքի մարզպետը Սուրիկ Խաչատրյանն է, իսկ 2010 թվականի ապրիլին Սյունիքի գյուղապետերը ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին ասել էին, որ Սյունիքի գյուղերը դատարկվում են:
Սյունիքի մարզպետը որեւէ բան չի ասում իր պաշտոնավարման օրոք գյուղերի դատարկվելու ցավալի իրողության մասին: Թե ինչու Երեւանը այս առթիվ նրանից բացատրությունների չի պահանջում՝ դժվար է ասել: Դեղատներին սպառնալու համար էլ Սյունիքի մարզպետը կառավարությունից կամ նախագահից նախատինքի խոսք չի լսի: Հաստատ: Առաջին դեպքը չէ, որ Սյունիքի մարզպետը իր լիազորությունների շրջանակից դուրս է գալիս ու մնում անպատիժ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել