Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԲ ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐԸ ՓԱՓԿԱՍՈՒՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ ԵՆ

Փետրվար 03,2011 00:00

Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանի՝ մանկապղծության մասին տեղեկատվությունը հասարակության մեջ մեծ արձագանք է ստացել: Պարզվում է, որ Ախթալայում գրեթե բոլորը իմացել են պարոն Սերոբի վատ հակման մասին: Ախթալացիները 2 տարի առաջ մայրաքաղաքից ժամանած մի լրագրողի խնդրել են այդ մասին հոդված հրապարակել, սակայն պատրաստակամ լինելով հանդերձ, լրագրողը դրա վերաբերյալ ապացույցներ է խնդրել: Նախկին մի իրավապահ «Առավոտի» թղթակցին ասաց, որ առնվազն 5 տարի առաջ Ախթալայի բնակիչները Տեր-Պողոսյանի վերաբերյալ լուրջ կասկածներ ունեին: Կասկածելի էր թվում այն, որ պատկառելի տարիքի տեր մարդը միշտ իրեն շրջապատում էր երիտասարդ, սիրուն տղաներով: Նրա թիկնապահները՝ Հայաստանի օլիգարխների թիկնապահների նման թիկնեղ, «շկաֆ» տղաներ չէին, այլ փափուկ ձեռքերով, սիրունիկ արտաքինով երիտասարդներ: Իրավապահները նաեւ իմացել են, որ լեռնահարստացման ֆաբրիկայի լաբորատորիայում Սերոբ Տեր-Պողոսյանն ապօրինաբար ոսկի է արտադրում: «Վերեւից» իրավապահներին հրահանգել են պարոն Սերոբին «չկպչել»:
«Առավոտը» մի քանի անգամ գրել է, որ Ախթալայի ֆաբրիկայի արտադրական ջրերը՝ հագեցած ծանր մետաղներով, լցվում են Դեբեդ (23.07. 2009՝ «Մոխրագույն Դեբեդ» եւ այլն): Այդ կերպ մեծ վնաս է հասցվում գետի ջրերով ոռոգվող Նոյեմբերյանի դեղձի այգիներին: Տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը 2009թ. Բագրատաշեն այցի ժամանակ այգեգործներին խոստացել էր, որ կհանձնարարի գետի աղտոտված ջուրը հետազոտել եւ դրա արդյունքներով համապատասխան քայլեր ձեռնարկել: Այդ գործն «օդում կախված է», գետն էլ շարունակվում է աղտոտվել մոխրի գույն ունեցող, ծանր մետաղներով հագեցած կեղտաջրերով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել