Հայտարարեց առաջիկայում Հայաստանը լքող ՄԻՊ Արմեն Հարությունյանը
Երեկ լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, հրապարակելով ոչ միայն 2010թ. իր տարեկան զեկույցը, այլեւ ներկայացնելով պաշտոնավարման 5 տարիների ընթացքում կատարած գործունեության վիճակագրական տվյալները, պաշտոնապես հայտարարեց, որ, համաձայն կանոնադրության, հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով, քանի որ արդեն ստանձնել է Կենտրոնական Ասիայում Միացյալ ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցչի պաշտոնը: Այս համատեքստում օմբուդսմենի վերջին ասուլիսը լուսաբանող լրագրողներին հետաքրքրեց, թե նա ո՞ւմ է տեսնում իրեն փոխարինող այդ պաշտոնում, ընդ որում՝ լրագրողներից մեկը հնչեցրեց, որ իշխանությունները այդ պաշտոնում ցանկանում են տեսնել Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանին: Ի պատասխան՝ Ա. Հարությունյանն ասաց. «Ես այդ հարցով չեմ խոսել եւ դրան վերաբերող քննարկում չի եղել: Ինչ վերաբերում է նրան, թե ով կարող է լինել Մարդու իրավունքների պաշտպան, դա օրենքով է կանոնակարգվում: Եթե այդ չափանիշները ապահովվեն, ապա մենք կունենանք լավ Մարդու իրավունքների պաշտպան, քանի որ միջազգային ասպարեզի դիտարկման տեսակետից, իրո՛ք, մեր այս ինստիտուտը կայացած է, եւ նոր պաշտպանը պետք է կարողանա այս բազայի հիման վրա լուրջ գործունեություն ծավալել: Ես կարծում եմ, որ օրենսդիրը եւ Սահմանադրությունը հստակ սահմանում են, թե ով կարող է լինել պաշտպան, եւ ես պաշտոնապես ասում եմ, որ այդ հարցով որեւէ մեկի հետ խոսակցություն չեմ ունեցել»:
Ա. Հարությունյանը, մնալով այն համոզմունքին, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր չէ, հայտարարեց, որ պետք է ՄԻՊ ինստիտուտը հնարավորինս հեռու պահել քաղաքական ինտրիգներից եւ չհամագործակցել ո՛չ իշխանության, ո՛չ ընդդիմության հետ. «Մենք չձուլվեցինք ոչ մեկին: Դա մեծ ձեռքբերում էր: Հաջորդ օմբուդսմենը սա պետք է հաշվի առնի: Թեեւ մենք չձուլվեցինք ոչ մի ուժի, բայց սովորական ժողովրդին չկարողացանք համոզել, որ անկախ մարմին ենք ու որեւէ մեկին ձուլված չենք: Իզուր չէ, որ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը մեզ ինչ-ինչ հարցերում մեղադրում էին: Նոր պաշտպանը պետք է խուսափի ուղղակի մամուլի միջոցով քաղաքական շանտաժի ենթարկվելուց»: Իսկ թե Ա. Հարությունյանի հետագա գործունեությունը ինչո՞վ է սահմանափակվելու, վերջինս ասաց. «Ես մտադիր եմ գնալ ու մնալ, մտադիր եմ զբաղվել միջազգային իրավունքների հիմնախնդիրներով, թեեւ չեմ բացառում հնարավոր փոփոխությունները»:
Լրագրողների պնդմամբ, Ա. Հարությունյանն անդրադարձավ նաեւ «մարտիմեկյան» դեպքերին, քաղբանտարկյալների ազատ արձակման հարցերին, «քաղբանտարկյալ» տերմինը գործածելու անթույլատրելիությանը ու միջազգային հանրության՝ Հայաստանի իշխանություններին ուղղված զգուշացումներին: «Քաղբանտարկյալ» տերմինի վերաբերյալ ասաց. «Մարդու իրավունքների միջազգային նորմերի տեսակետից «քաղբանտարկյալ» տերմինը չկա, հետեւաբար Թոմաս Համմարբերգը դա չէր կարող գործածել: Այդ հարցում մեր մոտեցումը հետեւյալն է եղել՝ դա դատական ատյանով կարող է հիմնավորվել: Այդ ապացույցները գնահատողները դատարաններն են: Այո՛, կարող էր այդպիսի կասկածներ լինել, որ մարդկանց մեղադրանքի հիմքում եղել են ոչ այնքան ապացուցողական հիմքեր, այլ՝ քաղաքական: Բայց դա ո՞վ պետք է ապացուցի»: Դատապարտյալ քաղբանտարկյալների ազատ արձակման հարցերում օմբուդսմենի կարծիքը հստակ է. «Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ ես կողմնակից կլինեի եւ միշտ էլ կողմնակից եմ եղել, որ այդ մարդիկ այսօր ազատության մեջ լինեն: Բայց որպես իրավաբան՝ հասկանում եմ, որ այնտեղ խնդիրներ կան եւ պետք է դրանք իրավաբանորեն լուծվեն: Ամեն մի գործի դեպքում պետք է կոնկրետ գործողություն ծավալել եւ հիմքեր լինեն, որը միտված կլինի նրանց ազատելուն: Չեմ բացառում, որ բարդություններ լինեն այդ հարցում»:
Հ. Գ. Ըստ Պաշտպանի զեկույցի, անցած 5 տարիների ընթացքում ՀՀ քաղաքացիները հատկապես դժգոհել են Երեւանի քաղաքապետարանի, մարզպետարանների, ոստիկանության, դատարանների, արդարադատության նախարարության կատարած գործողություններից: Տեղեկացնենք նաեւ, որ ինչպես Ա. Հարությունյանի 5 տարիների ընթացքում կատարած աշխատանքի վիճակագրական տվյալներն են ցույց տալիս, 2006թ. փետրվարի 20-ից մինչեւ 2010թ. դեկտեմբերի 31-ը ՄԻՊ գրասենյակը ստացել է 18 346 դիմում-բողոք՝ 28 041 անձանցից, որոնցից այս տարիների ընթացքում դրական լուծում է ստացել 530-ը: Արդյունքում՝ վերականգնվել են 8703 անձանց խախտված իրավունքները: Փաստորեն, այս տարիների ընթացքում ՄԻՊ գրասենյակը չի կարողացել վերականգնել 19 338 քաղաքացու ոտնահարված իրավունք: Հավանաբար դա էր պատճառը, որ Ա. Հարությունյանն ասաց. «Ինձնից ավելին ակնկալող քաղաքացիներից հայցում եմ ներողամտություն եւ հավաստիացնում, որ արել եմ առավելագույնը, ինչ կարող էի: Հույս ունեմ, որ ՀՀ մարդու իրավունքների հաջորդ պաշտպանը կանի ավելին»: