ՀՀ արդարադատության նախարարության «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ի կալանավոր Արա Կարապետյանը նամակ է ուղարկել «Առավոտ» թերթին. «Ես հարկ եմ համարում ինձ համար այս կարեւոր ժամանակահատվածում հանրությանն իրազեկել այս կեղծիքների, հերյուրանքների եւ անօրինականությունների մասին, որոնք տեղ են գտել հայտնի քրեական գործում: Խոսքս ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի տան վրա կատարված ավազակային հարձակման մասին է»: Կալանավորը տեղեկացնում է, որ քրգործով հաստատված մեղադրական եզրակացությունն իր մասով կայացվել է բազմաթիվ կեղծիքների հիման վրա, որ 10 մեղադրյալների հետ առերեսումներ չեն կատարվել:
«Բերեմ ընդամենը մեկ օրինակ: Շուրջ մեկ տարի ընթացող դատավարության ժամանակ տասնյակ բերման որոշումներն ընդունելով անգամ, դատաքննական մարմինը չկարողացավ դատարան բերել գործով վկա հայտարարված անձին: Վերջինս դատարանից խուսափելու համար պատճառ ուներ, քանի որ այս քրեական գործի իրական գլխավոր վկան ԱԱԾ-ի ձեռքով փոխվել է: Նրա փոխարեն ներգրավել են ուրիշ անձի, որն ամենեւին կապ չունի այս գործի հետ: Եվ այս գործը ղեկավարել է Սահմանադրական կարգի պահպանման վարչությունը»,- գրում է Արա Կարապետյանը:
Խոսքը Հարություն Ալեքսանյանի մասին է, որի 2009թ. նոյեմբերի 27-ի ԱԱԾ քննչական վարչությունում տված ցուցմունքի հետ Ա. Կարապետյանը թերթին էր ուղարկել նաեւ Ալեքսանյանի 17.01.2010թ. ցուցմունքը եւս:
Ըստ առաջին ցուցմունքի, որը տեւել է երկու ժամ (ըստ վկայի արձանագրության), ԱԺ պատգամավոր Ս.Ալեքսանյանի ազգական Հ. Ալեքսանյանը հայտնում է, որ հունվարին Սուրեն անունով իր ծանոթներից մեկի ծանոթն իրեն է փոխանցել մի պայուսակ: Ըստ վկայի, Սուրենին չի էլ ճանաչել, սակայն նա իր հեռախոսին էր զանգել, եւ «իմ ծանոթներից մեկի անունով խնդրել էր, որպեսզի հանդիպեմ իր հետ, պայուսակ վերցնեմ»: Ալեքսանյանը գրում է, որ պայուսակն իրեն է փոխանցվում Կիեւյան փողոցում գտնվող «Գալաքսի» խանութի դիմաց, 2 օրով: Եվ քանի որ, ըստ վկայի առաջին ցուցմունքի, Սուրիկը չի գալիս պայուսակի հետեւից, ինքը, բացելով այն, տեսնում է ոսկյա զարդեր, ժամացույցներ, փաստաթղթեր: Ըստ վկայի, քանի որ լսել էր ավազակային հարձակում կատարած խմբի մասին, նա պայուսակն ամբողջությամբ հանձնում է քննությանը (նկատի ունի Արմեն Ավետիսյանի տան վրա ավազակային հարձակման գործով բացահայտող մարմնին): Այս վկան հայտնում է նաեւ, որ Արա Կարապետյանին, Արմեն Նիկողոսյանին, Արշակ Գրիգորյանին, Սուրեն Մելքոնյանին, Հովհաննես Նազարյանին, Արսեն եւ Բագրատ Սողոմոնյաններին չի ճանաչում:
Իր նոր ցուցմունքում Հարություն Ալեքսանյանը հայտնում է, որ քաղաքից բացակայելու եւ առողջական վիճակից ելնելով՝ չի կարող ներկայանալ դատարան: Պատասխանելով ՀՀ փաստաբանների պալատի անդամ, Արա Կարապետյանի պաշտպան Կ. Քամալյանի հարցերին, Հ. Ալեքսանյանը հայտնում է. «Անձնագրի մեջի նկարի տղին՝ Սուրեն Մելքոնյանին ես ընդհանրապես չեմ ճանաչում: Ընդհանրապես չեմ տեսել, այդ գործով՝ Արմեն Ավետիսյանի տնից հափշտակված ոսկյա զարդերի եւ փաստաթղթերի վերադարձման հետ ես որեւէ կապ չունեմ: Չեմ հիշում իմ ընկերներից ում խնդրանքը կատարեցի եւ այդ ցուցմունքը գրեցի, որ իբր նշված ապրանքը Սուրիկը տվել է ինձ, եւ այն ես հանձնել եմ քննությանը»: Երկու ցուցմունքները ստորագրված են՝ «Ցուցմունքը գրված է իմ ձեռքով, ճիշտ է»:
Արա Կարապետյանը հավելում է. «Ամբողջ դատաքննության ժամանակ ապացուցվել է, որ ես որեւէ կապ չունեմ այս քրեական գործում նշված հանցագործությունների կատարման հետ: Այսօր ես ԱԱԾ մեկուսարանում եմ, որովհետեւ ինչ-որ մարդկանց խանգարում եմ, եւ, որ ամենակարեւորն է, ես տեղեկատվության «ոչ ցանկալի» պաշար ունեմ: Նրանց ցանկությունն այնքան մեծ է, որ փորձում են քրեորեն պատժելի դարձնել այն, որ ես ծնվել եմ հորս տանը»:
Դատավճիռը հրապարակվելու է փետրվարի 8-ին: Մեղադրող Հովսեփ Սարգսյանը միջնորդել է 15 տարվա ազատազրկան դատապարտել Արա Կարապետյանին: Նա միջնորդել է նաեւ 14 տարվա ազատազրկման դատապարտել հայր եւ որդի Արսեն եւ Բագրատ Սողոմոնյաններին, 13 տարվա՝ Արշակ Գրիգորյանին եւ Հայկին, 12 տարվա՝ Աշոտ Խաչատրյանին եւ Հովհաննես Նազարյանին, 9 տարվա՝ Նիկոլայ Խաչիկյանին:
Եվ սակայն մարդը քանի դատված չէ՝ անմեղ է: Օրենքով սահմանված է, որ յուրաքանչյուրն իրավունք ունի պաշտպանվելու բոլոր միջոցներով, այդ թվում՝ մամուլով: Արա Կարապետյանը հայտնում է, որ ունի չփարատված կասկածներ՝ պայուսակի երթուղու վերաբերյալ: Իսկ եթե Հարություն Ալեքսանյանը չի հանձնել այն, նշանակում է, որ այն մաքսայինի նախկին պետ, ԱԱԾ-ական Արմեն Ավետիսյանի մոտ է եղել եւ այն պնդումները, թե դրա համար էլ դատարան չներկայացավ, ճիշտ են:
Հ. Գ. Լուսանկարում գողոնի ցուցակն է: 2009թ. մարտի 12-ի արձանագրությունից պարզվում է, որ ընթերականեր չեն եղել պայուսակի հանձնման ժամանակ: Այսպիսի բացթողումը ԱԱԾ-ի համար աններելի է: