Լրահոս
Օրվա լրահոսը

Մութ ու ցուրտ տարիները վերադառնում են

Փետրվար 03,2011 00:00

\"\"Գազի սպառման ծավալների նվազումը բնապահպաններին մտահոգվելու առիթ է տվել

«ՀայՌուսգազարդ» ընկերության տվյալներով, մեր երկրում 2009-ի համեմատությամբ, նախորդ տարի 18%-ով պակասել են գազի սպառման ծավալները: Սա, թերեւս, պայմանավորված է գազի գնի թանկացմամբ: ՀՀ քաղաքացիները, հատկապես մարզերի բնակիչներն ի վիճակի չեն սպառած գազի դիմաց վճարել եւ շատ շատերը կրկին անցել են փայտի վառելիքին: Այս առնչությամբ էլ բնապահպանները մտահոգված ահազանգում են՝ մութ ու ցուրտ տարիները նորից վերադառնում են: Երեկվա ասուլիսում «Հայաստանի անտառներ» հ/կ ղեկավար Նազելի Վարդանյանն ասաց, որ չնայած վերջին շրջանում անընդհատ խոսվում է այն մասին, թե ծառահատումների դեպքերը նվազել են, բայց. «Ծառահատումներն էլի շարունակվում են, որովհետեւ ազգային ծրագիրն ու ռազմավարությունը ամբողջովին չեն իրականանում»: Նրա խոսքերով, խնդրի դեմն առնելու համար անհապաղ՝ առնվազն 5-10 տարով պետք է դադարեցվեն սանիտարական հատումները. «Բայց այս առումով դեռ լուրջ քայլեր չեն արվել: Ապօրինի հատումներն ընթանում են մինչ օրս, որովհետեւ գազի գները շատ են բարձրացել, ու մարդիկ ի վիճակի չեն վճարել: Ջեռուցումը ապահովելու համար մեր քաղաքացիները ստիպված են նորից փայտի վառարաններ դնել, սա նշանակում է, որ փայտը որպես վառելիք կօգտագործվի եռակի ավելի: Եթե ասում ենք 800 000 խորանարդ մետր ապօրինի հատումները վերջին տարիներին հասել են 400 000 խ/մ-ի, ապա այսօր նորից աճ ենք նկատում: Եթե այս տարի էլ գազի գները բարձրանան, մենք ամբողջությամբ մեր անտառները կկորցնենք»: Տիկին Վարդանյանի տվյալներով, առանց այն էլ Հայաստանի անտառների մեծամասնությունը կուլիսային է. «Անտառի տեսքը պահպանել են, բայց իրականում գոյություն չունի, որովհետեւ այնտեղ ծառերի փոխարեն միայն մացառներ են, բարձրարժեք ծառատեսակներ էլ չկան՝ կամ արտահանվել են, կամ օգտագործվել որպես վառելիք, ինչը իսկական հանցագործություն է: Վերջին 3-4 տարիներին սանիտարական հատումների պլանից 10 անգամ ավելի հատումներ են տեղի ունենում»: Նրա կարծիքով, անտառը փրկելու ելք է նաեւ այն, որ սահմանամերձ բնակավայրերին ավելի էժան գներով փայտ վաճառեն. «Նախկին գյուղնախարարն ասում էր, որ 600 դրամով են վաճառելու, բայց ստից խոսքեր էին»:
«Հայաստանի անտառներ» հ/կ-ն երեկ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին մեղադրել է գողության մեջ: Ամանորի նախաշեմին նախարարությունը թույլատրել է «Հայաստանի անտառների» տնկարանում սոճիների հատումը: Ն. Վարդանյանի խոսքերով, տնկարանի տնկիները բացահայտ վաճառվել են Կոմիտասի փողոցում եւ վաճառողների ձեռքին եղել է նախարարության թույլտվությունը. «Դա հատուկ տեսակի սոճի է, որը հանրապետությունում չի հանդիպում, քանի որ դրա սերմերը մենք հատուկ բերել ենք Կանադայից»: Ըստ տիկին Վարդանյանի, տնկարանը «Հայաստանի անտառների» սեփականությունն է, եւ նախարարը իրավունք չունի այդ տարածքում ծառահատման թույլտվություն տալ: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել