Ռուսական Forbes ամսագիրը, ինչպես ամեն տարի, այնպես էլ այս անգամ իր փետրվարյան համարում հրապարակել է Ռուսաստանի անշարժ գույքի ամենախոշոր սեփականատերերի 30 հոգանոց ցուցակը: Ինչպես տեղեկանում ենք tert.am-ից՝ «Անշարժ գույքի արքաները» վերնագրով այս վարկանիշում ներկայացված են ֆիզիկական անձինք կամ ֆիզիկական անձանց խմբեր, որոնք տիրապետում են խոշոր առեւտրային անշարժ գույքի: Այս ցուցակի երրորդ տեղում է հայտնվել ազգությամբ հայ, «Տաշիր» խմբի հիմնադիր ու սեփականատեր Սամվել Կարապետյանը, ով անշարժ գույքը վարձակալմամբ տրամադրելուց 2010թ. ընթացքում ստացել է $410 մլն եկամուտ:
Այս ցուցակում ներառված են միայն ԱՊՀ–ի քաղաքացիները, իսկ օտարերկրյա ֆոնդերն ու ընկերությունները հաշվի չեն առնվում: Յուրաքանչյուր ներկայացուցչի տեղը որոշվում է՝ հաշվի առնելով այն վարձավճարները, որը նա ստանում է 2010թ. իր տիրապետության տակ եղած անշարժ գույքը վարձակալությամբ հանձնելով: Այլ բիզնեսներից, այդ թվում եւ անշարժ գույքի վաճառքից ստացված եկամուտները հաշվի չեն առնվում: Առեւտրային կենտրոններից եկամուտը հաշվարկվում է վարձակալության տրվող մակերեսներով: Այն տարածքները, որտեղ առեւտուր է իրականացնում տվյալ տարածքի տերը, չեն հաշվարկվում:
Վարկանիշի արդյունքներից ելնելով՝ Forbes Russia–ն եզրակացնում է, որ Ռուսաստանի անշարժ գույքի խոշորագույն սեփականատերերից յոթի եկամուտները 2010թ. ավելացել են, սակայն ոչ թե ի հաշիվ վարձավճարների ավելացման, այլ նոր օբյեկտների գնման կամ կառուցման: Նրանց թվում է Կարապետյանը, որը ճգնաժամի ընթացքում ընդարձակել է բիզնեսը՝ գնելով սնանկացող ընկերությունների անշարժ գույքը: Այս նախագծերում Կարապետյանի ներդրումների ընդհանուր մեծությունը, Forbes Russia-ի գնահատմամբ, գերազանցել է 2 մլրդ դոլարը: Ընդ որում՝ նա անշարժ գույք ունի ոչ միայն Մոսկվայում, ինչպես ցուցակի՝ իրենից առաջ գտնվող երկու մասնակիցները, այլեւ Յարոսլավլում, Բելգրադում, Իվանովոյում, Կալուգայում, Սոչիում եւ Յալթայում:
Forbes–ի նախորդ տարվա նույն ցուցակում Սամվել Կարապետյանի «Տաշիրի» եկամուտները վարձավճարներից կազմել էին 230 մլն: Այսինքն՝ մեկ տարվա ընթացքում նա գրեթե կրկնապատկել է իր եկամուտներն այս գծով:
Համաձայն այս ցուցակի՝ 2010թ. անշարժ գույքի վարձակալությունից Կարապետյանից շատ են վաստակել միայն երկուսը՝ ադրբեջանցի Արաս Ագալարովը՝ Ադրբեջանի ներկայիս նախագահի խնամին, որը ներկայացնում է «Կրոկուս» ընկերությունների խումբը՝ $550 մլն, եւ Киевская площадь խումբը ներկայացնող Զարախ Իլիեւը եւ Գոդ Նիսանովը՝ $520 մլն եկամուտЖ