Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԵԽԱՆԵՐԻ ՃԱՄԲԱՐԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼ ԵՆ

Փետրվար 03,2011 00:00

Իսկ մինչ այդ այնտեղ ամեն տարի հանգստանում էր շուրջ 400 երեխա

Ծաղկաձորի «Արեւիկ» ճամբարն արդեն 10 տարուց ավելի սեփականաշնորհվել է դահուկային սպորտի ֆեդերացիայի փոխնախագահ Լեւոն Հարությունյանին, սակայն ճամբարը կառուցած թիվ 6 մանկապարտեզի նախկին ղեկավարությունը հույսը չի կորցնում, որ այդ շենքից գոնե մի մասնաբաժին կստանա: Ճամբարը կառուցվել է 1972 թվականին՝ Երեւանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող թիվ 6 մանկապարտեզի անձնակազմի եւ սաների ծնողների միջոցներով: Այդ թվականից սկսած, այս մանկապարտեզ հաճախող շուրջ 400 երեխա ամեն տարի իրենց ամառային արձակուրդներն անց են կացրել «Արեւիկ» ճամբարում: Սակայն 1990 թվականին, երբ հանրապետությունով մեկ սեփականաշնորհման գործընթաց էր իրականացվում, այս ճամբարը նույնպես սեփականաշնորհվում է, եւ նոր ղեկավարությունը հրաժարվում է իր վրա վերցնել երեխաների հանգստի կազմակերպումը:
Այս մասին մեզ հետ զրույցում պատմեց նախկինում թիվ 6 մանկապարտեզի տնտեսվար, այժմ «Մայր եւ մանուկ» հասարակական կազմակերպության նախագահ Ամալյա Ասոյանը: Նրա խոսքերով, իրենց ճամբարի սեփականաշնորհման գործընթացի մասին չեն էլ իմացել. «Տեղեկացանք, երբ ես մեր կազմակերպության անունից անապահով երեխաներին տարել էի Ծաղկաձոր: Դա 1997 թվականն էր: Գնացինք, բայց մեզ չթողեցին ներս մտնել: Տեսնենք՝ ղեկավարները լրիվ ուրիշ մարդիկ են: Լեւոն Հարությունյանի կինն էր այնտեղ՝ Վարդուհին, որը մեզ թույլ չտվեց ներս մտնել: Այդ ժամանակ ես սպառնացի, որ դատարան եմ դիմելու՝ մեր մանկապարտեզի եւ այնտեղ հաճախող երեխաների ծնողների անունից եւ պահանջեցի բացատրել, թե ինչո՞ւ են ճամբարն իրենցով արել: Նա էլ պատասխանեց, որ ոչինչ էլ պետք չի անել եւ որ իրենք մեզ կտեղավորեն որեւէ վայրում: Տեղավորվեցինք «Սեւան» ճամբարում, որը նույնպես իրենց է պատկանում: Մեզ էլ հայտնեցին, որ մեր ճամբարն այլեւս մերը չէ եւ որ սեփականաշնորհված է: Այդ ճամբարում միայն տեղ հատկացրին ու վերջ, սնունդ չէին տալիս եւ շատ հաճախ ասում էին, որ պետք է դուրս գանք: Գնում էի անգամ Ծաղկաձորի խանութներից պարտքով ուտելիք էի վերցնում, որ պահեի այդ երեխաներին: Ընդամենը մի քանի տարի տիրություն չենք արել այդ ճամբարին: Ծանր տարիներին ո՞վ էր հիշում ճամբարի մասին: Ես 1990 թվականից արդեն պատգամավոր էի, դես էի ընկնում, դեն էի ընկնում, որ մեր մանկապարտեզի երեխաների համար սնունդ, վառելիք գտնեմ: Դրսում էինք ճաշերը եփում, ոչ գազ կար, ոչ լույս: Հետո արդեն կաբելի գործարանից 800 մետր կաբել եմ բերել, որ լույս ունենայինք, մինչեւ այդ ավտոմեքենայի անվադողեր էինք վառում, որ տաքանանք ու ճաշ եփենք»:
Ծաղկաձորից երեխաներին Երեւան բերելուց հետո տիկին Ասոյանը փորձում է ճշտել, թե ի՞նչ է տեղի ունեցել եւ ինչո՞ւ են ճամբարն իրենց ձեռքից խլել. «Չնայած մանկական ճամբարը կառուցվել էր մեր գումարներով, այն՝ լուսավորության, այժմյան կրթության եւ գիտության նախարարության ենթակայությամբ էր գործում, սակայն հետո բալանսի ձեւով տրվեց առողջապահության նախարարությանը: Բայց դրանից հետո էլ ճամբարում աշխատողները մեր մանկապարտեզից էին իրենց աշխատավարձերը ստանում, այնտեղի ամբողջ գույքը մեր մանկապարտեզինն էր: Երբ իմացանք, որ ճամբարն անցել է առողջապահության նախարարությանը, այդ ժամանակ ես նամակով դիմեցի վարչապետ Ռոբերտ Քոչարյանին՝ նրանից խնդրելով այդ ճամբարը հատկացնել «Մայր եւ մանուկ» կազմակերպությանը՝ հաշվի առնելով, որ թիվ 6 մանկապարտեզի անձնակազմից շատերն արդեն մեր կազմակերպությունում են աշխատում եւ մենք օգնում ենք անապահով ընտանիքներին՝ իրենց երեխաներին տեղավորելով նորմալ հանգստյան վայրում: Այնտեղից իմ նամակն ուղարկել էին առողջապահության նախարարություն, սակայն ոչ մի հստակ պատասխան նախարարությունից չստացա: Հետո արդեն տեղեկացա, որ այն սեփականաշնորհվել է եւ դարձել ակնաբուժական առողջարան: Դրանից հետո ոչ մի անգամ հետեւողական չեմ եղել, բայց արդեն որոշել եմ զբաղվել: Հիմա ուզում ենք, որ գոնե մի անկյուն այդ շենքից մեզ տան, գիտեմ, որ ամբողջը չեն տա»:
Հիմա տիկին Ասոյանը կրկին փորձեր է անում անապահով ընտանիքներում մեծացող երեխաների համար տարբեր հանգստյան գոտիներում ամեն սեզոնին հանգիստ կազմակերպել՝ բարեգործական կազմակերպությունների աջակցությամբ. «Անապահովների մասին տեղեկանում եմ մարզպետարաններից եւ քաղաքապետարանից, բացի այդ՝ ինձ բոլորը ճանաչում են, դիմում են, բայց միշտ չէ, որ հնարավորություն ենք ունենում երեխաներին տանելու: Այն ժամանակ լավ էր՝ տեղը կար, պետավտոտեսչությունն էլ տեղափոխման հարցում օգնում էր, հիմա ոչինչ էլ չունենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել