«Առաջին հազար խոշոր հարկատուների տեսակարար կշիռը երկրի բյուջեում նվազել է 0,7 տոկոսով, այսինքն՝ գնալով բյուջեն լցնում է հասարակ ժողովուրդը»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասել է Հրանտ Բագրատյանը: Ըստ նրա՝ խոշոր ընկերությունները գնալով խոշորանում են ու հակառակ դրա՝ պակասեցնում իրենց ներդրումը երկրի բյուջեին:
Տնտեսագետի բնորոշմամբ՝ 0,7 տոկոսը մեկ տարվա համար քիչ չէ, սա լուրջ կառուցվածքային տեղաշարժ է հօգուտ խոշոր բիզնեսի, որից տուժում է կրկին ժողովուրդը:
Նա խոսել է նաեւ բարձր գնաճի մասին: Նախորդ տարվա համեմատ՝ այս տարվա հունվարին սպառողական զամբյուղի գնաճը կազմել է 10,6%, ընդհանուր առմամբ՝ ուտելիքը թանկացել է 17%-ով: «Բարձր գնաճը պետությանը ձեռք է տալիս, չնայած Սահմանադրությունը արգելում է նման ձեւով բյուջեն կատարել»,- ասաց Հրանտ Բագրատյանը, ով հայտարարությունները, թե գնաճը համաշխարհային գների հետ է կապված, համարում է հեքիաթ: Հրանտ Բագրատյանը նաեւ հավելեց, որ այս տարի եւս բյուջեն կատարելու միակ ձեւը կլինի բարձր գնաճը. «Պետությունը ի վիճակի չէ եւ չի ուզում մտածել տնտեսության զարգացման մասին»: