Լրահոս
Օրվա լրահոսը

Հանքարդյունաբերությունը ոտքի է կանգնում

Փետրվար 03,2011 00:00

Համենայնդեպս՝ հանքարդյունահանող ընկերությունների վճարած հարկերը նման լավատեսական եզրահանգման հիմք են տալիս:

Երեկ Պետական եկամուտների կոմիտեն հրապարակեց 2010թ. ֆինանսական տարվա հունվարից դեկտեմբեր ամիսների առաջին 1000 խոշոր հարկ վճարողների եւ նրանց կողմից վճարված հարկերի եւ տուրքերի մեծությունների ցանկը:
Ըստ այդմ, 2010թ. ամենախոշոր հարկատուն «Հայռուսգազարդ» ընկերությունն է՝ տարվա ընթացքում վճարած 16,503 մլրդ դրամ հարկով: Այս ընկերությունը նախորդ տարի էլ էր գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը, բայց՝ ավելի շատ հարկ էր մուծել՝ 18,4 մլրդ դրամ: Դա ամենայն հավանականությամբ կապված է սպառողների կողմից գազօգտագործումը գրեթե 18-19%-ով նվազեցնելու հետ, հակառակ դեպքում՝ գազի սակագների բարձրացումը պիտի բերեր նաեւ հարկերի մեծացում, այնինչ հակառակն է տեղի ունեցել:
Երկրորդ տեղում «Ալեքս Գրիգն» է՝ վճարած 15,999 մլրդ դրամով: Երրորդում՝ «ԱրմենՏելն» է, չորրորդում՝ «ՎիվաՍելը», համապատասխանաբար՝ 14,843 եւ 13, 627 մլրդ դրամ մուծումներով: Նրանց հաջորդում է այս տարվա ընթացքում լուրջ, գրեթե կրկնակի առաջընթաց գրանցած Զանգեզուրի պնձամոլիբդենային կոմբինատը (Քաջարան), որը վճարել է 12,603 մլրդ դրամ, այն դեպքում, երբ նախորդ տարվա ցուցանիշը 6 մլրդից մի փոքր ավելի էր: 
Քաջարանի կոմբինատին հաջորդում են նավթամթերքի ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող երկու ընկերություններ՝ «Ֆլեշը»՝ 11,650 մլրդ դրամ, եւ «Սիթի Պետրոլ Գրուպը»՝ 10,684 մլրդ:
8-րդ տեղում հայտնվել է Հայաստանի էլեկտրական ցանցերը՝ վճարելով 7,754 մլրդ դրամ, իսկ լավագույն տասնյակը եզրափակում են ծխախոտի արտադրությամբ եւ ներկրմամբ զբաղվող ընկերություններ՝ «Ինտերնեյշընլ Մասիս Տաբակը» եւ «Վիդիս Դիսթրիբյուշընը»՝ վճարելով համապատասխանաբար 7,754 եւ 7,416 միլիարդական դրամ գումար՝ ողջ տարվա ընթացքում:
Ի դեպ, օրեր առաջ հետաքրքիր հաշվարկով էր հանդես եկել «Էկոլուրը»: Հաշվարկելով տարեկան կտրվածքով մեր պետական բյուջեի եկամտային մասը եւ բազմամետաղային հանքավայրեր շահագործող,  ոսկի, պղինձ, մոլիբդեն, ցինկ եւ այլ գունավոր եւ հազվադեպ մետաղներ արտահանող ամենախոշոր հանքարդյունաբերական ընկերություններից մուտք գործող գումարային եկամուտը, եզրահանգել էր, որ դա կազմում է մեր բյուջեի եկամտային մասի ընդամենը 1,37%-ը: Նման մի հաշվարկ էլ մենք նախաձեռնեցինք՝ կարեւորելով երկրի, ըստ էության ծանր արդյունաբերության ծանր հրետանու դերը՝ բյուջեում հաշվելու գործը, եւ ստացվեց հետեւյալը (ընտրեցինք հենց «Էկոլուրի» նշած խոշոր հանքարդյունաբերողներին). 2010թ. պետական բյուջեի եկամտային մասը, համաձայն ՀՀ ֆինանսների նախարարության տվյալների, կազմել է 755,8 մլրդ դրամ («Թվեր, թվեր, թվեր», «Առավոտ», 01.02.2011): Խոշոր հարկատուների ցանկում 5-րդ տեղը զբաղեցրած Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմիբինատի վճարած հարկերը 2010-ին, ինչպես արդեն նշեցինք, կազմել են 12,603 մլրդ դրամ, 21-րդ տեղը զբաղեցրած «Deno Gold Miningե ընկերությունը մուծել է 2, 747 մլրդ դրամ, նրան հաջորդում են 41-րդ եւ 42-րդ տեղերը զբաղեցրած «Արմենիան քափըր պրոգրամը»՝ Ալավերդու պղնձաձուլարանը, եւ «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը», որոնք մուծել են համապատասխանաբար 1,792 եւ 1,716 մլրդ դրամ, 67-րդ տեղը գրաված «GeoProMining» ընկերությունը մուծել է 976, 881դրամ, իսկ 192- րդ տեղը գրաված Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատը մուծել է 383, 836 միլիոն դրամ:
Գումարելով բոլոր այս նշված ընկերությունների վճարած տարեկան հարկերը, ստանում ենք 20, 219 մլրդ դրամ, որը կազմում է բյուջեի եկամուտների 2,67%-ը: Անշուշտ, արդյունաբերական երկիր համարվող Հայաստանի համար սա չնչին թիվ է, սակայն, հաշվի առնելով ուղիղ կրկնակի առաջընթացը, որ կա նախորդ տարվա համեմատ, կարող ենք համարել, որ այս հոդվածը եզրափակում ենք լավատեսական նոտայով, ինչը կցանկանայինք անել հետագա բոլոր տարիներին խոշոր հարկատուների ցանկը ամփոփելիս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել