Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ՄՇԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԴԺՎԱՐ ԹԵ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԻ

Փետրվար 03,2011 00:00

\"\"Համոզված են մարզերում

Մինչ կառավարությունը Հայաստանը հացահատիկի ինքնաբավ երկիր դարձնելու ծրագրեր է մշակում, մարզերում տարեցտարի հացահատիկի ցանքատարածություններ են կրճատվում: «Առավոտի» հետ զրույցում Արարատի մարզպետարանի գյուղվարչության պետ Տիգրան Վիրաբյանն ասաց, որ իրենց մարզում հացահատիկի ցանքերը կրճատվում են տարեկան 800-1000 հեկտարով: Նրա խոսքով, հացահատիկը գյուղացիներն առանց մտածելու փոխում են բանջարաբոստանային կուլտուրաներով. «Աստիճանաբար անցնում ենք ավանդական կուլտուրաներին: Ժամանակին մթերող կազմակերպությունները պտուղ-բանջարեղենը լավ չէին մթերում, ժողովուրդն էլ հեշտ մշակվող տնտեսություն էր գտել՝ ցորենը գցում էր հողի մեջ ու լավ բերք հավաքում: Իսկ հիմա հացահատիկի ցանքատարածություններն իրենց ինքնարժեքն էլ չեն ապահովում: Բերքատվություն գրեթե չկա, հանրապետությունում էլ չկա էլիտար սերմացու: Մեր մարզում դժվար թե երբեւէ նորից հացահատիկի մշակությունը աճի տեմպ ունենա»: Պարոն Վիրաբյանի կարծիքով, հացահատիկի եղած ցանքերն էլ վերանալու վտանգի տակ են. «Ռուսաստանից ներկրված էլիտար սերմացուն ուշացած է: Դա 7-10 տարի առաջ պետք է ներկրեին: Մթերող կազմակերպությունները հիմա գյուղացիների հետ լավ են համագործակցում, գյուղացու պտուղ-բանջարեղենը տեղում լավ իրացվում է: Բնականաբար, ավելի լավ է գյուղացին 1 հեկտարի վրա բանջարեղեն ցանի ու ստանա 800 հազարից 1 միլիոն դրամ եկամուտ, քան թե հացահատիկ ցանի, որի դեպքում 300 000 դրամ կծախսի, բայց կստանա չնչին եկամուտ»: Ի տարբերություն հացահատիկի ցանքերին, Արարատում մեծ հետաքրքրություն կա ծխախոտի արտադրության ոլորտում: Պարոն Վիրաբյանի տեղեկացմամբ, ամեն տարի 30 հեկտարով աճում են ծխախոտի ցանքատարածությունները. «2010-ին էլ 50 հեկտարով ավելացավ: Բնակչությանը ձեռք է տալիս ծխախոտի մշակությամբ զբաղվել՝ հեռանկարային եւ շահավետ է»: Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանն էլ վստահեցնում է, որ հացահատիկի ցանքատարածությունները նվազում են, որովհետեւ. «Գյուղացուն չեն կարողանում վարկավորել, որ աշնանացան ու գարնանացան ապահովի, մյուս կողմից էլ՝ որակյալ սերմերը հանրապետությունում բացակայում են: Այսօր գյուղացին օգտագործում է հին սերմեր, որոնք բերք չեն տալիս, գոնե մինիմալ շահույթ չեն ապահովում: Մեր ուսումնասիրությունների համաձայն, այս տարի մոտ 10-12 հազար հեկտարով ցանքերն էլի կպակասեն»: Պարոն Բերբերյանի տվյալներով, միայն աշնանացանը մոտ 20 000 հեկտարով պակաս է եղել. «Եթե կառավարությունը միջոցներ ձեռնարկի, միգուցե գարնանացանը մի քիչ ավելի շատ լինի»: Ինչ վերաբերում է ծխախոտի մշակությանը, պարոն Բերբերյանի համոզմամբ, այն այնքան էլ շահավետ չէ. «Եթե դա շահավետ լինի, ուրեմն մեր գյուղատնտեսությունում բոլորը հարուստ պետք է լինեն: Հետո էլ ո՞վ ասաց, թե ծխախոտը շահութաբեր է, ես էլ ասում եմ՝ կարտոֆիլն ավելի շահութաբեր է»: Տավուշի մարզպետարանի գյուղվարչության պետ Ռազմիկ Մելիքջանյանի խոսքով էլ, հացահատիկի ցանքերի նվազումը միայն ցածր եկամտով չի պայմանավորված. «Ճիշտ է, շահավետ չէ, որովհետեւ գյուղացին հազիվ 700-800 կգ բերք է ստանում: Բայց կա նաեւ տեխնիկայի մաշվածության խնդիր: Մեր ամբողջ մարզում երեք հատ թրթուրավոր տրակտոր կա: Էլ չեմ խոսում, թե քանի տարի է, որ նորմալ սերմացու չի ներկրվում: Պետական հոգածություն չկա»: Պարոն Մելիքջանյանի խոսքով, մարզում հացահատիկին փոխարինում են եգիպտացորենը, արեւածաղիկն ու ծխախոտը. «Հատկապես վերջինը իր եկամտաբերությամբ մրցակից չունի: Ծխախոտից գյուղացին մոտ 70% եկամուտ է ստանում: Մեր մարզում էլ բնակչության մեծամասնությունը հենց ծխախոտի մշակությամբ է զբաղվում. աշխատանքը եռում է ապրիլից ու ձգվում մինչեւ նոյեմբեր»: Տավուշում 2010-ին ծխախոտի ցանքերը 370 հեկտարի էին, իսկ այս տարի ցանքերը կհասնեն 500 հեկտարի: Պարոն Մելիքջանյանի խոսքով, կավելանան նաեւ ծխախոտի չորանոցները. «Բայց չեմ կարծում, որ գյուղացին ծխախոտի եկամտաբերության հետեւից ընկնելով՝ հացահատիկի ցանքերը ամբողջությամբ փոխարինի ծխախոտով: Ծխախոտի մշակությունն ամեն մարդու բան չէ: Աշխատատար գործընթաց է՝ պահանջում է երիտասարդ, առողջ ու առույգ աշխատողներ: Իսկ մեր մարզից ջահելները մեկնում են արտագնա աշխատանքի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել