Կասկածներ կան նաեւ Սերոբ Տեր-Պողոսյանի տնտեսական գործունեության շուրջ
2010 թվականի դեկտեմբերի 3-ին կայացած աճուրդում 198 միլիոն դրամով Մեղրու Լիճքվազ-թեյի ոսկու հանքավայրի շահագործման իրավունքը շահեց «Սագամար» ՓԲԸ-ն: «Առավոտը» քանիցս անդրադարձել է այս թեմային եւ տեղեկացրել, որ նախքան Լիճքվազ-թեյը աճուրդի հանելը՝ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը՝ նախարարի անձնական շահագրգռությամբ, վերոնշյալ հանքի շահագործող «Սիփան 1» ընկերությանը զրկել էր շահագործման իրավունքից՝ վաղաժամ կասեցնելով լիցենզիան: Եվ արդեն ավելի քան մեկ տարի է, ինչ ընկերությունը դատական ատյաններում վիճարկում է նախարարի այդ որոշումը: Տեղեկացրել ենք նաեւ, որ այս գործում նախարար Արմեն Մարտիրոսյանի համախոհն է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը: Երեկ այս գործով նոր մանրամասներ ի հայտ եկան: «Առավոտի» աղբյուրի փոխանցմամբ՝ «Սիփան 1»-ից հանքը խլելու շահագրգիռ խմբի անդամ է նաեւ Սերոբ Տեր-Պողոսյանը՝ վարչապետի արդեն նախկին խորհրդականը, ում անունը վերջին օրերին սկանդալային հրապարակումների առիթ դարձավ: Վերջինս մեղադրվում է մանկապղծության մեջ: Ի դեպ, այս մեղադրանքից հետո առնվազն տարօրինակ էր Սերոբ Տեր-Պողոսյանի վարքագիծը: Վերջինիս փոխարեն հերքման տեքստ տարածեց Ախթալայի «Մեթալ փրինս» պղնձաարդյունահանման ձեռնարկությունը: Թե ինչ առնչություններ ունի մի ամբողջ ձեռնարկություն մեկ մարդու անձնական կյանքի հետ, թեկուզեւ նա լինի տվյալ ձեռնարկության սեփականատերը՝ առնվազն անհասկանալի է: Սփյուռքահայ Սերոբ Տեր-Պողոսյանը հայ հասարակությանն առաջին անգամ հայտնի դարձավ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո՝ այդ քրգործի շրջանակներում: Հունանյան եղբայրները մտերիմ հարաբերությունների մեջ էին եղել մեծահարուստ սփյուռքահայի հետ, նա որոշակի օգնություն էր ցույց տվել նրանց: Հոկտեմբերի 27-ի գործի նյութերում նշվում էր, որ նա մասոնական «Ռոտարի» ակումբի անդամ է, սակայն դատաքննության ժամանակ նրա անձն այդպես էլ չկարեւորվեց, եւ ամեն ինչ Տեր-Պողոսյանի համար անցավ հնարավորինս աննկատ:
Իր նախկին խորհրդականի հետ կապված սկանդալային բացահայտումից հետո՝ հունվարի 30-ին, վարչապետ Տիգրան Սարգսյանն իր բլոգում գրել էր. «Բարեկամներ, այսօր ինձ փոխանցեցին hetq.am կայքում հրապարակված հոդվածը, որտեղ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի սեփականատեր, ՀՀ ոստիկանության հասարակական խորհրդի անդամ, «Համագործակցության համար» մեդալակիր եւ հասարակական հիմունքներով իմ նախկին խորհրդական Սերոբ Տեր-Պողոսյանը մեղադրվում է ծանր, անբարո հանցագործության մեջ: Չեմ կարողանում համապատասխան բառեր գտնել իմ զգացածն արտահայտելու համար: Կարող եմ միայն խոստանալ. հետեւելու եմ, որ այս հրապարակման հետքերով քննությունը լինի արագ, համակողմանի եւ թափանցիկ: Վստահ եմ, որ բոլոր մեղավորները կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ»: Վարչապետի այս գրառումից հետո հայտնի դարձավ, որ Լոռու մարզի դատախազը հայտարարել է, որ իրենք տեսագրություն չեն ստացել, այն պարագայում, երբ հակառակ կողմը պնդում է, որ տեսագրությունը փոխանցվել է իրավապահ մարմիններին: Լավ կլիներ, որ իրավապահների եւ վարչապետի ուշադրությանը արժանանային եւ պատժվեին ոչ միայն մանկապիղծները, այլ նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի այլ հոդվածներ խախտած պետական պաշտոնյաները: