Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐԸ ԽԱՐԽԼՈՂ ԳԱՂԱՓԱՐ

Փետրվար 03,2011 00:00

\"\"Հենց այսպես որակեց «Ժողովրդավարական հայրենիք»  կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը Հայաստանում երկպալատ խորհրդարան ստեղծելու գաղափարը:

Օրերս՝ փետրվարի 1-ին, քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության հայցն ընդդեմ ՀՀ ԿԱ Անշարժ գույքի կառավարման պետական կոմիտեի: Հայցը վերաբերում էր ԺՀԿ կենտրոնական գրասենյակի տարածքին: Նույն դատարանը 2008թ. իր վճռով շուրջ 315 քմ տարածքից ԺՀԿ-ին վարձակալական հիմունքներով օգտագործման էր թողել շուրջ 75քմ տարածք: Այս գործն անցել էր հայաստանյան դատական բոլոր ատյաններով, եւ կուսակցության բոլոր մնացած հայցերը՝ ընդդեմ այդ որոշման, մշտապես մերժվել էին: Բայց նույնիսկ այս պարագայում ՀՀ ԿԱ Անշարժ գույքի կառավարման պետական կոմիտեն չէր իրականացրել օրինական ուժի մեջ մտած դատական վճռի պահանջները եւ ԺՀԿ-ին փաստացի օգտագործման համար թողել էր ընդամենը 44 քմ տարածք՝ 75 քմ տարածքի փոխարեն: ԺՀԿ-ն ստիպված էր եղել դիմել դատարան՝ կուսակցության համար նույնիսկ անընդունելի այդ վճիռը կատարելուն հարկադրելու պահանջով: Այդ գործով դատավարությունն արդեն մեկ տարի ընթանում էր՝ ամիսը մեկ կամ երկու դատական նիստերի ռեժիմով: Այդ ընթացքում ՀՀ ԿԱ Անշարժ գույքի կառավարման պետական կոմիտեն էր հակընդդեմ հայցով հանդես եկել: Ի վերջո, դատարանը օրեր առաջ բավարարել էր կուսակցության հայցը՝ Կոմիտեին պարտավորեցնելով կատարել նախորդ դատարանի կայացրած վճիռը, նաեւ մասամբ բավարարել էր Կոմիտեի հակընդդեմ հայցը, որով ԺՀԿ-ից պահանջվում էր վճարել տարանցիկ գումար՝ 185 հազար դրամի չափով: Դատարանը որոշել էր, որ կուսակցությունը Կոմիտեին, կատարված հաշվարկի արդյունքում, պետք է վճարի ընդամենը 413 դրամ: «Մեզ համար էլ, անկախ այն բանից, որ մենք դատարանում շահելու իրավական բոլոր հիմքերն ունեինք, դատարանի վճիռն անակնկալ էր»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց Պետրոս Մակեյանը:
Մենք պատեհ առիթից օգտվեցինք՝ Հայ ազգային կոնգրեսին մաս կազմող կուսակցության նախագահից հարցնելու, թե Կոնգրեսում քննարկման առարկա դարձե՞լ է արդյոք ՀՀ խորհրդարանը երկպալատ դարձնելու եւ Սահմանադրության մեջ համապատասխան փոփոխություններ անելու հնարավորության հարցը: Պ. Մակեյանն ասաց, որ այդ հարցը ՀԱԿ-ում չի քննարկվել. «Կոնգրեսի ներկայացուցիչները, մասնավորապես՝ Լեւոն Զուրաբյանն իր կարծիքն այդ առնչությամբ այսօր հստակ հայտնել է: Իսկ Կոնգրեսի անունից հայտարարություն անելու համար դեռ ժամանակ է պետք՝ այդ ամենը մարսելու եւ հասկանալու համար դրա կենսագործման լրջության աստիճանը: Այդ մասով պաշտոնապես դեռ միայն ասվում է, թե դա տարբերակներից մեկն է, որը քննարկման փուլում է: Դա նշանակում է, որ հարցն իշխանությունների համար օրակարգային չէ»:
Այդուհանդերձ, խնդրի առնչությամբ Մակեյանն իր դիրքորոշումը հայտնեց՝ արձանագրելով, որ այդ գաղափարը տարիներ առաջ էլ էր շրջանառության մեջ դրվել, այն քննարկվում էր նույնիսկ խորհրդարանի կուլիսներում, որտեղ դեռ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին սատարող առանձին ուժեր, այդ թվում՝ դաշնակցականները, փորձում էին հարցն ԱԺ-ում շրջանառության մեջ դնել: «Այդ հարցը մենք էլ ենք քննարկել դեռ կուսակցության լուսահոգի նախագահ Էդիկ Եգորյանի հետ, ու խորհրդարանի կուլիսային խոսակցություններում մեր հիմնական փաստարկն այն է եղել, որ այդ գաղափարն իր մեջ լրջագույն վտանգներ է պարունակում մեր պետականության համար եւ կարող է թուլացնել մեր երկրի հիմքերը, որովհետեւ այլ պետությունների քաղաքացիները այդպիսով հնարավորություն են ստանալու մեկ այլ երկրի իշխանության ներկայացուցիչ՝ խորհրդարանի պատգամավոր լինել: Նախ՝ դա է անընդունելի, երկրորդ՝ որեւէ երկրի քաղաքացի կփորձի առաջ մղել ու պաշտպանել իր՝ Իրանի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի կամ այլ երկրի շահերը՝ դրանով մեր ձեռքով նպաստելով մեր երկրում այլ երկրների լրտեսական ցանցի ձեւավորմանը, երրորդ՝ երկպալատ խորհրդարանի ընտրական համակարգը մեծ ռիսկեր է պարունակում»,- ասաց Պ. Մակեյանը: Ի վերջո, նրա ասելով, երկպալատ խորհրդարանի պատգամավորը, իսկ վերին պալատը համալրելու են սփյուռքահայերը, ինչպես որեւէ երկպալատ խորհրդարան ունեցող երկրում, Հայաստանում էլ, բնականաբար, խորհրդակցական մարմին չի լինելու: Իսկ դա նշանակում է, որ սփյուռքահայը մասնակցելու է մեր երկրի կառավարմանը՝ դրանից բխող հետեւանքներով հանդերձ: «Դա, կրկնում եմ, իր մեջ չափից մեծ ռիսկեր է պարունակում: Դա հենց Քոչարյանի գաղափարն էր, որը հիմա Սերժը փորձում է՝ ի դեմս կոմսոմոլիկ նախարար Հրանուշ Հակոբյանի, վերակենդանացնել»,- նկատեց կուսակցության նախագահը՝ նույնիսկ դրա մասին մտածելն անգամ անհասկանալի որակելով:
Ի պատասխան մեր այն հարցին, թե՝ իր կարծիքով, Սերժ Սարգսյանն ինչո՞ւ է հիմա այդ գաղափարը փորձում շրջանառության մեջ դնել, Պ. Մակեյանը կարծիք հայտնեց, թե հայ-թուրքական «ֆուտբոլային» տապալված դիվանագիտությունից հետո, որի ընթացքում լրջագույն խնդիրներ ունեցավ Սփյուռքի հետ, հիմա փորձում է սրանով վերջինիս ու նաեւ ՀՅԴ-ին սիրաշահել՝ համարժեք ինչ-որ բան առաջարկելով: «Դա պոպուլիստական քայլ է, որը մեր պետականության հիմքերին է հարվածելու»,- պնդեց ընդդիմադիր գործիչը:
Երկպալատ խորհրդարան ունենալու գաղափարը՝ բացի այն, որ վտանգավոր է պետության անվտանգության տեսանկյունից ու նաեւ թանկ հաճույք է, նաեւ գործնական հնարավորություն է ընձեռում սփյուռքահայությանը՝ մասնավորապես գործարար եւ մյուս քաղաքականապես ակտիվ հատվածին, ավելի գործնական եւ առանց ՀՀ օրենսդրության հետ խնդիրներ ունենալու (խոսքը այլ երկրի քաղաքացիների կողմից հայաստանյան ընտրական գործընթացներին, այդ թվում՝ քարոզչությանը մասնակցելու մասին է), որպես խորհրդարանի ներկայացուցիչներ, ներգրավվել ներհայաստանյան ընտրություններին՝ խորհրդարանական կամ նախագահական: ԺՀԿ նախագահ Մակեյանը, սակայն, նկատեց, թե Սփյուռքը հիմա էլ, առանց այդ հնարավորության, այս կամ այն կերպ ներգրավված է Հայաստանի ընտրական գործընթացներում՝ օրինակը Արա Աբրահամյաններն են: «Դա այդքան էլ էական չէ, էականն այն է, որ նման նախաձեռնությունը վկայում է այն մասին, որ այդ գաղափարներն առաջ տանողները պատկերացում չունեն պետականության մասին, որ մեր երկիրը նրանց համար որեւէ արժեք չունի»,- հայտարարեց Պ. Մակեյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել