Լրահոս
Օրվա լրահոսը

50 ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ 40-Ն ԱՅԴ 0-ՆԵՐՆ ԷԻՆ

Փետրվար 03,2011 00:00

\"\"ՀՀԿ-ին հիշեցնում է ՀՌԱԿ ատենապետ Էդվարդ Անտինյանը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մի քանի փորձ արեց երկրի առջեւ ծառացած ամենաբարդ խնդիրները կուսակցությունների հետ քննարկելու: Առաջին հավաքը 2008թ. նոյեմբերի 20-ին էր, թեման՝ Ղարաբաղի հարցը: Սակայն շատերին հենց այն ժամանակ էր պարզ, որ նման ձեւաչափով հարցերի քննարկումը ձեւական բնույթ է կրելու: Այդպիսի կարծիք ուներ նաեւ ՀՌԱԿ ատենապետ Էդվարդ Անտինյանը, որը մեր թերթում 2008-ի նոյեմբերի 26-ին հրապարակված հարցազրույցում նշել էր. «Ղարաբաղի հարցով լայն հասարակական քննարկումներին ես միանշանակ դրական եմ վերաբերվում, սակայն կարծում եմ՝ այդ հավաքի ձեւաչափը նախագահի կողմից սխալ էր ընտրված, երբ հրավիրվել էին գրանցված բոլոր կուսակցությունների ղեկավարները: Չէ՞ որ նրանց ճնշող մեծամասնությունը ոչ միայն ակտիվ ու հրապարակային գործունեությամբ չի զբաղվում, այլեւ նրանց ո՛չ մանրադիտակով, ո՛չ խոշորացույցով, ո՛չ էլ անգամ կողմնացույցով չես գտնի քաղաքական դաշտում: Ստացվում է, որ ոչ միայն դրանք, այլեւ այսօր ցանկացած նոր գրանցված կուսակցություն ավտոմատ կերպով տեղ է զբաղեցնելու այդ «կլոր սեղանի» շուրջ՝ քաղաքական դաշտում իր տեղը չունենալու պարագայում: Նման մոտեցումը ոչ թե կարեւորում է կուսակցությունների դերը մեր հանրային կյանքում, այլ ընդհակառակը՝ արժեզրկում, քանի որ այդ դերը նրանց վերապահվեց ոչ թե հասարակության մեջ ունեցած ազդեցությամբ, այլ գրանցման վկայականի առկայությամբ»:
Կյանքը ցույց տվեց, որ այդ ձեւաչափն արդյունավետ չէր, եւ 2009-ի ընթացքում էլի մի երկու հավաք կազմակերպելուց հետո Սերժ Սարգսյանն ինքը հրաժարվեց նման հանդիպումներ կազմակերպելուց: Ինչո՞ւ հիմա հիշեցինք այս մասին: ԲՀԿ-ն այժմ կուսակցությունների խոշորացման մի նոր ալիք է սկսել՝ իր կազմի մեջ ընդգրկելով մանր ուժերի: Բայց դրան բավական նյարդային են արձագանքում հատկապես ՀՀԿ գործիչները, մասնավորապես ասելով, թե այդ միացումները ԲՀԿ-ին ոչինչ չեն տա, քանի որ X-ին եթե 0 ես գումարում՝ X-ի մեծությունը չի փոխվում: «ՀՀԿ-ի մեր գործընկերները հավանաբար մոռացել են, որ նախագահի նախաձեռնած շուրջ 50 կուսակցապետերի հավաքի մասնակիցների առնվազն 4 տասնյակը հենց իրենց նշած 0-ներն էին, բայց այն ժամանակ կարծես դա չէին ցանկանում նկատել,- նկատեց պրն Անտինյանը:- Կուսակցությունների խոշորացումը մեր երկրի համար խիստ անհրաժեշտ է, անգամ ուշացրել ենք այս ուղղությամբ ակտիվ քայլերի ձեռնարկումը: Այսօր բոլորն են ընդունում, որ մեր փոքրիկ երկրի համար 70-ից ավելի կուսակցությունների գոյությունն անիմաստ է, որ եթե հիմնական գաղափարական հոսանքները նայենք ու մեր պատմական առանձնահատկությունը հաշվի առնենք, ապա կուսակցությունների թիվը չպետք է գերազանցեր մեկ տասնյակը: Եվ եթե սկսվել է այդ խոշորացումների նոր ալիք, ապա այն միանշանակ ողջունելի է: Հիշեցնեմ, որ մի քանի տարի առաջ նման նախաձեռնություն հանդես բերեց ՀՌԱԿ-ը, ինչի շնորհիվ 3 կուսակցություն միացան նրան, ու մենք հետեւողականորեն շարունակելու ենք գաղափարակից կուսակցությունների հետ համախմբման ուղղությամբ տարվող մեր աշխատանքները: Այս գործընթացը բազմակողմանի շահավետ է. հզոր կուսակցությունները հանդես են գալիս որպես համախմբող ուժեր, մանր, ոչ կենսունակ, իրավիճակային ստեղծված կուսակցությունները միանում են խոշորներին, ու նրանց ակտիվ անդամները շարունակում են իրենց քաղաքական գործունեությունը: Միանշանակ շահում է հասարակությունը, քանի որ միեւնույն գաղափարի կրող բազմաթիվ կուսակցությունների գոյությունն այժմ շփոթություն ու անվստահություն է առաջացնում»:
Հարցին, թե այս զարգացումներին ինչո՞ւ են այսքան ոչ համարժեք արձագանքներ հնչում քաղաքական ուժերի կողմից, պրն Անտինյանը պատասխանեց. «Իշխանությունը վստահ էր, որ միակն էր ու դեռ տեւական ժամանակ կարող էր նման կերպ կառավարել երկիրը: Իսկ հարթակի ընդդիմադիրներն էլ իրենց մասին են նման կարծիքի, ովքեր իրենցից բացի որեւէ ընդդիմադիրի չեն ճանաչում, բայցեւ սեփական ուժերով ոչ մի կերպ չեն կարողանում տապալել իշխանությունը: Հիմա իշխանական ճամբարում կա հզոր կուսակցություն, որն ունակ է ձեւավորել ուժի բեւեռ: Անգամ եթե նա նման բան անելու ցանկություն չունենա՝ միայն այն փաստը, որ ունակ է դա անել, արդեն իսկ խիստ անհանգստացնում է «միակ» իշխանությանը: «Միակ» ընդդիմությունն էլ է սկսել անհանգստանալ, երբ տեսավ, որ երկրում վիճակն այնքան օրհասական է, որ Տիգրան Կարապետյանն էլ կարող է դառնալ հարթակի լիդեր, որ ժողովուրդը կարող է ընդվզել ու անկառավարելի կերպով փողոց լցվել, երբ այսօրվա առաջնորդները դեռ նստած իրենց աշխատասենյակներում՝ հանգիստ պլանավորում են հետագա քայլերը, թե երբ ժողովրդին ակտիվացնեն, երբ տուն ուղարկեն ու սպասեն իշխանություններին ուղղված իրենց հրապարակային մեսիջների պատասխաններին: Աշխարհում ու նաեւ մեր երկրում սրընթաց փոփոխություններ են կատարվում, իսկ երկու կողմերի «միակները» դեռ կարծում են, թե կարող են կանոնակարգել այս ամենն իրենց օգտին, երբ կյանքը ցույց է տալիս, որ նրանք իսկի սովորական պայմաններում չեն կարողանում համարժեք արձագանքել, ուր մնաց՝ էքստրեմալ իրավիճակներում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել