Երեկ վերջապես ՀՀ կառավարությունը սկսեց քննարկել «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ նախագիծը: Առաջարկվող փոփոխությունների համաձայն, նախատեսվում է վերացնել վարձու աշխատողի հղիության եւ ծննդաբերության նպաստը հաշվարկելու համար հիմք վերցվող միջին ամսական աշխատավարձի առավելագույն շեմն ու վերանայել միջին աշխատավարձը հաշվարկելու կարգը: Այս մասին երեկ տեղեկացրին կառավարությունից: Ըստ նրանց, նախատեսվում է նաեւ նպաստը վճարել ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի տոնական, ոչ աշխատանքային օրերի համար, բացի հանգստյան շաբաթ եւ կիրակի օրերից, որով վերացվում է նախկինում կատարված բացթողումը:
Կառավարության հաղորդմամբ, քննարկման ընթացքում վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանին՝ կազմակերպել հանրային քննարկում հ/կ-ների մասնակցությամբ՝ նպատակ ունենալով ստանալ հասարակության լայն շերտերի կարծիքներն ու առաջարկությունները:
Նշենք, որ նախագիծն ու հանրային քննարկման հրավերը կտեղադրվեն աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կայքում՝ www.mss.am: