Կարծում է Երեւանի ավագանու անդամ Նաիրա Նահապետյանը
«Երեւանաբնակները պետք է սիրեն իրենց քաղաքը: Նաեւ պարտավորություն պետք է ունենան Երեւանի նկատմամբ ու հասկանան, որ Երեւանը համայն հայության մայրաքաղաքն է՝ հայ մարդու դեմքը: Երեւանի զարգացմամբ է պայմանավորված նաեւ մեր հանրապետության զարգացումը: Եվ այն «փողոցային խուճապը», որ այսօր առաջացել է, կարծում եմ, չափազանցված է: Ցանկացած նորամուծության կամ բարեփոխման նկատմամբ սկզբում վերապահումներ են լինում: Իրականում ոչ ոք ոչ ոքի անաշխատանք չի թողնում, անպայման տրամադրվում են տարածքներ, որտեղ մարդիկ կարող են շարունակել իրենց աշխատանքը՝ ավելի քաղաքակիրթ, հարմարավետ պայմաններում: Առեւտրային բիզնեսի մարդիկ պետք է զարգացնեն իրենց բիզնեսը, մանավանդ որ՝ անհրաժեշտ պայմանները տրամադրվում են: Հավատացեք, դրանից կգոհանան ոչ միայն իրենք, այլեւ կգոհացնեն շրջապատին եւ մեր մայրաքաղաք այցելող հյուրերին»,- «Առավոտի» հետ զրույցում վաղվա Երեւանի մասին իր պատկերացումները բարձրաձայնեց Երեւանի ավագանու հանրապետական անդամ, ավագանու ֆինանսավարկային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Նահապետյանը: Ընդհանուր առմամբ, մայրաքաղաքի ավագանու մոտ երկամյա աշխատանքը տիկին Նահապետյանը դրական է գնահատում: Երեւանում խնդիրներ կան՝ չի ժխտում, բայց եւ չի ցանկանում, որ դրանք ընկճեն մեր համաքաղաքացիներին: Համենայնդեպս, վստահեցնում է, որ իրենք անում եւ անելու են ամենը՝ երեւանցիների հույսերը արդարացնելու համար: Իբրեւ կարճ ժամանակահատվածի ձեռքբերում նշում է. «Մայրաքաղաքում այսօր մնացել է ընդամենը 13 չջեռուցվող մանկապարտեզ: Դրանք մեծ մանկապարտեզներ էին, եւ կաթսայատների կառուցման խնդիր կար: 2011-ի բյուջեով նախատեսված է նաեւ այդ հաստատությունների ջեռուցման հարցի լուծումը: Երեւանի առաջին համայնքային բյուջեով նախատեսված մանկապարտեզների ջեռուցման եւ նորոգման ծրագիրն ամբողջովին կատարվել է»:
Երեւանի նոր կարգավիճակի, նոր վարչատարածքային բաժանման պայմաններում մայրաքաղաքի բյուջեի կազմավորումը եւ ծախսերը պետք է կազմակերպվեին այնպես, որ, պատկերավոր ասած՝ «քաղաքը կարողանար հոգալ իր հոգսերը»: Տիկին Նահապետյանը վստահեցնում է, որ դեռ 2009-ի ավարտին՝ Երեւանի առաջին բյուջեի ընդունման ժամանակ հաստատված նոր հարկատեսակներն ու տուրքերը որեւէ կերպ չեն վնասել սոցիալական անապահով խավերին, քանի որ ավագանին՝ ի դեմս իր ղեկավարած հանձնաժողովի, աշխատում է մայրաքաղաքաբնակ սոցիալապես անապահով խավի հոգսը հնարավորինս թեթեւացնելու ուղղությամբ: Հայրենական մեծ պատերազմի 65-ամյակի կապակցությամբ 2010-ին կատարվել է գույքահարկի զիջում Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին, զոհված ազատամարտիկների ընտանիքներին, առաջին կարգի հաշմանդամներին եւ 1915-ի Մեծ եղեռնից տուժածներին, ինչպես նաեւ ստեղծագործական 7 միությունների: Երեւանում խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագինը՝ 181 դրամը 2010թ. հուլիսի 8-ից դարձավ 195 դրամ: Երեւան քաղաքի ավագանու որոշմամբ՝ Երեւան քաղաքի բյուջեի պահուստային ֆոնդից 2010թ. հուլիսի 8-ից մինչեւ 2010թ. դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածի համար «Երեւան ջուր» ՓԲԸ-ին, որպես սուբսիդիա հատկացվեց 340 միլիոն դրամ՝ սպառողներին մատուցվող ծառայությունների դիմաց, 14 դրամով թանկացումը փոխհատուցելու համար: «Սրանք հիմնական աշխատանքներն են, բայց եղել են նաեւ ընթացիկ խնդիրներ, որոնք լուծում են ստացել հօգուտ երեւանցիների. վերանորոգվել է 112 բակ, խաղահրապարակներ են սարքվել, կանաչապատման ուղղությամբ լուրջ աշխատանքներ են իրականացվել եւ 2011-ի բյուջեում էլ նախատեսված են»,- ասում է մեր զրուցակիցը: Բացի սրանից, 2011-ի բյուջեով նախատեսված են գեղագիտական, մշակութային կենտրոնների նորոգում եւ ջեռուցման համակարգերի տեղադրում, ավագ եւ հիմնական դպրոցների բարեկարգում եւ այլն:
«Նոր քաղաքապետի հետ ուղղվածություն ենք որդեգրել՝ Երեւանը տուրիզմի քաղաք դարձնելու»,- ասում է տիկին Նահապետյանը: Իսկ դրա համար Երեւանը պետք է գեղեցիկ, հարմարավետ, մաքուր, կանաչապատ եւ գրավիչ լինի: Դա մեծ ջանքեր եւ ծախսեր է պահանջում, բայց այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք պարտավորություններ են ստանձնել այդ ուղղությամբ՝ պետք է կատարեն, այլապես քաղաքապետարանի ներկայացուցիչը խոստանում է, որ խիստ կլինեն: «Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին ճանաչում եմ դեռեւս 1996-97 թվականներից, երբ նա «Հայէներգոն» էր ղեկավարում, ինքս 1997-ից էներգետիկայի բնագավառում եմ՝ ՀՀ փոքր ՀԷԿ-երի միության նախագահն եմ: Այդ ժամանակաշրջանում էներգետիկայի ոլորտում մեր երկիրը բավականին բարդ խնդիրների առաջ էր կանգնած եւ կային լուրջ բացթողումներ, սակայն նա, աշխատանքների ճիշտ կազմակերպման արդյունքում, դուրս եկավ ստեղծված իրավիճակից: Այդ ամենն ինձ թույլ է տալիս վստահաբար ասել, որ Կարեն Կարապետյանը կկարողանա քաղաքային խնդիրներին ճիշտ եւ ռացիոնալ լուծումներ տալ»,- համոզված ասում է տիկին Նահապետյանը:
Մեր զրուցակիցը նաեւ ՀՀԿ կանանց խորհրդի գործարար հանձնախմբի ղեկավարն է: ՀՀԿ կանանց խորհրդում ընդհանուր առմամբ ընդգրկված է մոտ 65 հազար կին: Գործարար կանանց հանձնախմբի նպատակն է մանր եւ միջին գործարարությամբ զբաղվող կանանց ամեն տեսակի խորհրդատվության եւ աջակցության տրամադրումը: Նաիրա Նահապետյանը ժպիտով է հիշում ՀՀԿ 20-ամյակի առիթով Ծաղկաձորում խորհրդի կազմակերպած միջոցառումը, որին մասնակցում էր նաեւ ՀՀ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը. «Մեր, որպես հանդիպման նախաձեռնող-կազմակերպիչ, համբերությունն արդեն հատել էր, բայց նախագահը համբերատարությամբ ոչ միայն լսեց շուրջ 350 մասնակից կանանց, պատասխանեց նրանց հետաքրքրող բազմաբնույթ հարցերին, այլեւ առանձին-առանձին լուսանկարվեց բոլորի հետ»: Հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք բարդ չէ Հայաստանում լինել կին եւ միաժամանակ զբաղվել ակտիվ հասարակական-քաղաքական գործունեությամբ, երբ շատ տղամարդիկ բազմաթիվ դժվարությունների են հանդիպում իրենց ճանապարհին, հաճախ նույնիսկ ընկրկում են դրանց առջեւ: «Անկախության առաջին տարիներին հասարակական, քաղաքական կամ թեկուզ գործարար ակտիվություն ցուցաբերող կինը բազմաթիվ սուբյեկտիվ խոչընդոտների էր հանդիպում, կարող եմ նույնիսկ տարիների հեռվից ասել, որ հաճախ կնոջ ակտիվությունը լուրջ չէր ընկալվում: Այդ տարիներին տղամարդիկ դեռ խանդով էին վերաբերվում, որ կինն իր ունակություններով եւ կարողություններով կարող է երբեմն առաջ անցնել իրենցից: Այժմ դա ավելի ընդունելի է ու հեշտ»,- այսօր արդեն հումորով հիշում է տիկին Նահապետյանը: Նա հիշում է նաեւ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին, ում օրոք կուսակցությունում բարձրացավ կանանց դերը եւ այսօր շարունակում է ավելի կարեւորվել: