Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՔԵՆԱՅՈՒՄ ՍԵՔՍ ԱՆՈՂԻՆ ՉԵ՞Ն ՈՒԶՈՒՄ ԽԱՆԳԱՐԵԼ

Փետրվար 01,2011 00:00

Հայաստանում օրենքով դա արգելվում է, փաստացիորեն՝ ոչ

Վերջերս լուր տարածվեց, որ այսուհետեւ Վրաստանում ավտոմեքենայի մեջ սեքսով զբաղվելու համար պետք է մարդիկ մեծ տուգանքներ մուծեն՝ 400 լարիի չափով: Վրաստանի օրինապահ մարմինների գնահատմամբ՝ մեքենայի մեջ սեռական հարաբերություններ ունենալը դիտարկվում է որպես մանր խուլիգանություն, որի համար «խուլիգանները» անպայման պետք է պատիժ կրեն: Հիշեցնենք, որ այս տուգանքը սկսեց կիրառվել այն դեպքից հետո, երբ Թբիլիսիի Սուրբ Նիկոլայ եկեղեցու մոտակայքում կայանած մեքենայի մեջ իր հետ ազգակցական կապ ունեցող մի տղայի հետ սեռական հարաբերություններ ունենալու ժամանակ աղջկա սիրտը չէր դիմացել եւ նա մահացել էր:
Հայաստանում դժվար է ասել՝ աղջիկների սի՞րտն է ամուր, թե՞ իրավապահ մարմինների աչքին չեն ընկել մեքենայում սեքսով զբաղվելուց հետո նման դժբախտ դեպքեր, բայց այն, որ այստեղ էլ եկեղեցիների մոտ, սրբավայրերում, հասարակական այգիներում բավականին մեծ թվով «քրտնած» մեքենաներ են կայանում ու մարդկանց աչքի առաջ սեռական գործողություններ կատարում՝ անհերքելի է:
Հատկապես ամռանը Եռաբլուրի կամարներով դեպի գերեզման տանող ճանապարհին՝ այգու մեջ, ամեն ծառի ու ամեն թփի հետեւում երեկոյան ժամը 7-ից հետո մեքենաներ են կայանում ու մեկ-երկու ժամ հետո լքում տարածքը: Քանի որ այդտեղ մարդիկ չեն բնակվում, տներ չկան, պարզ է, որ մեքենաները ծառերի հետեւում կանգնեցնելը ինքնանպատակ չէ, եւ այնտեղ հաստատ մաքուր օդ շնչելու համար չէ, որ այցելում են: Հասկանալի է, որ երիտասարդները, որոնք հյուրանոցի, մոթելի համար գումար չունեն, ստիպված այգիների մեջ ու մեքենայում են իրենց սեռական պահանջները բավարարում, բայց նույն Եռաբլուրում ավելի հաճախ հանդիպում են շքեղ մեքենաներ՝ պետհամարանիշները հանված, ինչից ենթադրվում է, որ մեքենայի տերը կամ բարձրաստիճան պաշտոնյա է, կամ շատ հայտնի մարդ, որը չի ցանկացել, որ մոթելում կամ հոթելում իրեն տեսնեն ու ասեկոսեներ տարածեն: Եռաբլուրի այդ այգում երբեմն այնքան մեքենաներ են «բուն դնում», որ մի ժամանակ այգու մուտքի մոտ ոստիկաններ էին հսկում, շրջում էին այգով մեկ ու թաքնված մեքենաներ գտնելուն պես բարձրախոսով զգուշացնում, որ լքեն այդ սրբավայրը, այլապես կտուգանվեն:
Մալաթիա-Սեբաստիա համայնքի Սուրբ Երրորդություն եկեղեցու բակը նույնպես վերածվել է սեքսի համար հարմարավետ վայրի: Այնտեղ էլ միայն մոմ վառողները չեն, որ մեքենաներով կայանում են, հատկապես՝ երեկոյան ժամը 6-ից հետո, երբ եկեղեցու դռներն արդեն փակ են լինում: Տարածքը հարմար է այնքանով, որ բնակելի շենքերը հեռու են ու եկեղեցուց 100 մետր հեռավորության վրա, ըստ էության, անցուդարձ չկա:
Իսակովի պողոտայում՝ ավտոկայարանից դեպի «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհին մի քանի օբյեկտներ, ռեստորաններ կան: Քանի որ այդ ռեստորանների հետնամուտքը կրկին Եռաբլուրի ամայի տարածքներում է, դրանց աշխատակիցներն արդեն կոտորվել են ամեն մի կայանած մեքենայի համար ոստիկանություն զանգելուց ու բողոքելուց: Նման այցելուների դարդից օբյեկտի տերերը ստիպված հսկայական քարեր էին բերել ու դրանցով փակել ճանապարհը, որպեսզի մարդիկ սեքսի համար ուրիշ տեղ գտնեն, իրենց պատուհանների տակ դրանով չզբաղվեն:
Նշենք, որ եթե Վրաստանում նոր է սկսվել տուգանքներ կիրառվել, Հայաստանում հասարակական վայրերում վաղուց է արգելվում սեքսով զբաղվել, դա համարվում է հանցագործություն եւ կարգավորվում է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 5-րդ կետով, ըստ որի՝ «խուլիգանությունը, այսինքն՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, կատարված բացառիկ ցինիզմով, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից 500-ապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով»: Բնականաբար, մեր երկրում դեռ ոչ մեկը մեքենայում սեռական հարաբերություն ունենալու համար չի պատժվել ու առավել եւս՝ չի ազատազրկվել: Այլապես, եթե իրավապահ մարմինները դրանով զբաղվելու լինեին՝ ցանկացած կամրջի տակ, Հրազդանի կիրճում, կիրճի հարեւանությամբ գտնվող Արաբկիրի այգում՝ օրական հարյուրավոր «խուլիգանների» կբռնեին: Քաղաքապետարանի այգում, Սիրահարների, Անգլիական այգիներում, Օղակաձեւ զբոսայգում, Կոմիտասի անվան այգու պանթեոնում էլ անցորդների աչքի առաջ իրենց սեռական պահանջները բավարարում են մեքենա չունեցողները: Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության օրը, քաղաքապետարանի հարեւանությամբ գտնվող այգում մանուկների մասնակցությամբ ինչ-որ միջոցառում էր: Չգիտես ինչու, մի 70-ամյա պապիկի մտքով անցել էր հենց այգու նստարաններից մեկի վրա փողոցից բռնած մի «դիցուհու» հետ սեքսով զբաղվել, տարբեր դիրքեր փոխել եւ այլն: Այդ միջոցառման ժամանակ երեխաների ողջ ուշադրությունն այդ տեսարանն էր, իսկ այգում անցուդարձ անող ոստիկանների մտքով անգամ չէր անցնում կարգի հրավիրել պապիկին եւ ուղարկել նրան համապատասխան տեղը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել