Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը Հայաստանի բարձրագույն խմբի 71-րդ առաջնության մասնակից 12 գրոսմայստերներն ավարտեցին պայքարը, որի արդյունքում շախմատի
Հայաստանի նոր չեմպիոն ծնվեց՝ տակավին երիտասարդ Ռոբերտ Հովհաննիսյանը:
Եզրափակիչ՝ 11-րդ տուրում Ռոբերտը, ոչ-ոքի խաղալով փորձառու Արտաշես Մինասյանի հետ, 8,0 միավորով իրեն հետապնդողների համար դարձավ անհասանելի ու ոչ միայն առաջին անգամ նվաճեց չեմպիոնական պատվավոր տիտղոսը, այլեւ համալրեց Հայաստանի ազգային հավաքականի միակ թափուր տեղը: Այժմ 19-ամյա շախմատիստը (Ռոբերտի 20 տարին լրանում է մարտին) իր անվանի թիմակիցների հետ նախապատրաստվելու է մրցաշրջան 2011-ում մեր ընտրանուն սպասվող պատասխանատու մեկնարկներին եւ նրանց հետ միասին կիսելու է պատասխանատվությունը:
Մրցանակային հաջորդ տեղերը, համապատասխանաբար, գրավեցին նույնպես երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ՝ 7,0-ական միավոր վաստակած Սամվել Տեր-Սահակյանը եւ Զավեն Անդրիասյանը: Նույնքան միավոր իր անվան առջեւ գրանցել էր նաեւ Արման Փաշիկյանը, սակայն լրացուցիչ գործակիցներով նա դուրս մնաց մրցանակային եռյակից:
Հանրապետության անցած տարվա չեմպիոն Ավետիք Գրիգորյանը բավարարվեց 5-րդ հորիզոնականով, իսկ ավագ տարիքի շախմատիստներից լավագույնը 7-րդը ճանաչված Արտաշես Մինասյանն էր: Ամփոփիչ մրցաշարային աղյուսակն այսպիսի տեսք ստացավ.
1. Ռոբերտ Հովհաննիսյան 8,0
2. Սամվել Տեր-Սահակյան 7,0
3. Զավեն Անդրիասյան 7,0
4. Արման Փաշիկյան 7,0
5. Ավետիք Գրիգորյան 6,5
6. Տիգրան Լ. Պետրոսյան 6,0
7. Արտաշես Մինասյան 5,0
8. Հրանտ Մելքումյան 5,0
9. Արա Մինասյան 4,0
10. Աշոտ Անաստասյան 3,5
11. Դավիթ Պետրոսյան 3,5
12. Տիգրան Քոթանջյան 3,5
Լեւոն Արոնյանը գրավեց
երրորդ տեղը
Իսկ Գաբրիել Սարգսյանը դուրս մնաց մրցանակակիրների եռյակից:
Վեյկ ան Զեեում ավարտվեց շախմատի «Tata Steel Chess 2011» ավանդական գերմրցաշարը, որին մասնակցում էր մեր հանրապետության երկու ներկայացուցիչ՝ շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթողներ Լեւոն Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանը:
Ուժեղագույնների «A» խմբի պայքարին մասնակցող Արոնյանը վերջին՝ 13-րդ տուրում միավորը կիսեց հոլանդացի Յան Սմիթսի հետ եւ վաստակելով 8,0 միավոր, նույնքան, որքան Մագնուս Կարլսենը, լրացուցիչ գործակիցներով ամփոփիչ մրցաշարային աղյուսակում հանգրվանեց մեկ աստիճան բարձր՝ երրորդ մրցանակային տեղում: Իսկ հաղթող դարձավ ամերիկացի Հիկարու Նակամուրան: Նա կես քայլ ետ թողեց երկրորդ տեղը գրաված աշխարհի գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդին:
«B» խմբում ընդգրկված Գաբրիել Սարգսյանը նույնպես վերջին օրը կես միավոր վաստակեց ուկրաինացի Զախար Եֆիմենկոյի հետ պայքարում եւ 7,5 միավորով բավարարվեց հինգերորդ տեղով: Դրանում դեր կատարեց այս 10-րդ տուրում վիետնամցի Լե Գուանգ Լյեմից Գաբիի կրած միակ պարտությունը, որը նրա միակ անհաջողությունն էր այս մրցաշարում: Իսկ մրցանակակիրների եռյակը կազմեցին.
1. Լյուկ ՄաքՇեյն (Անգլիա) 8,5
2. Դավիթ Նավարա (Չեխիա) 8,5
3. Զախար Եֆիմենկո (Ուկրաինա) 8,0
Երեկ շախմատի ֆեդերացիայից մեզ տեղեկացրին, որ Գերմանիայում բնակվող Լեւոն Արոնյանը Վեյկ ան Զեեից ժամանելու է Հայաստան եւ, հավանաբար, Ջերմուկում սկսելու է նախապատրաստվել հավակնորդների մրցաշարին: