Երեկ Դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ ասուլիս՝ Հայաստանում ՄԹ դեսպան Չարլզ Լոնսդեյլի, Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արեւիկ Սարիբեկյանի, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսի, ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ներկայացուցիչ Դաֆինա Գերչեւայի եւ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի մասնակցությամբ, որին էլ հաջորդեց «Նա/Նե-3» մրցանակաբաշխությունը: Այս տարի մրցույթին ներկայացվել է ավելի քան 100 լրագրողական աշխատանք՝ 7 անվանակարգում: Մրցույթի աջակիցներն են Երեւանում Բրիտանական դեսպանատունը, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը եւ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը: «Նա/Նե» ամենամյա լրագրողական 3-րդ մրցույթը նշանավորվեց ոչ միայն նոր անվանակարգի հայտարարմամբ, այլեւ հայտերի մեծ թվով: Յուրաքանչյուր տարի ավանդաբար հայտարարվող վեց անվանակարգերին, այն է՝ հեռուստատեսային նյութ, տպագիր հոդված, ռադիոնյութ, առցանց եւ բլոգում տեղադրված հոդված, լուսանկարչական աշխատանք, սոցիալական եւ առեւտրային գովազդ, ավելացավ նաեւ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի կողմից հայտարարված «Ուսանողական աշխատանք» անվանակարգը:
Տարբեր անվանակարգերում առաջին մրցանակներ ստացան Արմինե Գեւորգյանը («Ռադիո Հայ»), Աննա Մուրադյանը (www.ankakh.com), Իննա Մխիթարյանը՝ www.medialab.am եւ այլք: «Տպագիր հոդված» անվանակարգում առաջին մրցանակը շնորհվեց «Առավոտի» կրթական եւ մշակութային էջերի պատասխանատու Գոհար Հակոբյանին, երրորդ մրցանակ ստացած Մարիաննա Հակոբյանի հաղթող հոդվածը նույնպես տպագրվել է «Առավոտում»: