Լրահոս
Օրվա լրահոսը

Հիշողություններ՝ անցյալի մասին

Փետրվար 01,2011 00:00

\"\"Օրերս Նկարիչների միությունում բացվեց ցուցահանդես՝ «Խոսելով միմյանց հետ՝ անձնական հիշողություններ անցյալի մասին Հայաստանում եւ Թուրքիայում» խորագրով: Մինչ այդ՝ ցուցահանդեսը «շրջել» է Գորիսում, Գյումրիում, Իջեւանում:
Այցելուներին ներկայացվեցին պատմություններ եւ հիշողություններ՝ կապված ցեղասպանության հետ, որոնք հավաքագրվել են Հայաստանում եւ Թուրքիայում անցկացված բանավոր պատմության հետազոտության միջոցով:
Հետազոտությունների արդյունքում հրատարակվել է գիրք, որի հայկական մասի հեղինակը ազգագրագետ Հրանուշ Խառատյանն է:
«Առավոտի» հետ զրույցում Հ. Խառատյանը նշեց. «Նախագծի միջոցով փորձել ենք հասկանալ, թե ինչպիսի հիշողություններ են մնացել Եղեռնից՝ Հայաստանում եւ Թուրքիայում»:
Նա ասաց, որ թուրքական կողմի նյութերը զգալիորեն քիչ են, իսկ հետազոտվողների մի մասն էլ անանուն է հանդես գալիս:
Ցուցահանդեսի կազմակերպիչներն են ԴՎՎ Ինթերնեյշնլը (Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտը), «Հայ դերասանների միությունը», «Հազարաշենը» (Ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոն), «Անատոլիայի մշակույթ» (Թուրքիա) կազմակերպությունը: Բացման արարողությանը ներկա էր Հանց-Յոխեն Շվիդտը՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանը Հայաստանում:
Նմանատիպ ցուցահանդես կազմակերպվել է նաեւ Թուրքիայում՝ Ստամբուլում, Դիարբեքիրում եւ Անտաքյայում: Ցուցահանդեսին ներկա թուրք ներկայացուցիչներն ասացին, որ Թուրքիայում ցուցահանդեսը դրական արձագանք է ունեցել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել