Էմմին փոքր-ինչ հուզված էր
Փոփ դիցուհի Էմմին, ով այս տարի Հայաստանը կներկայացնի «Եվրատեսիլում», ինչպես եւ խոստացել էր համերգից առաջ տված ասուլիսի ընթացքում, համերգին իսկապես ակրոբատիկ հնարքներով հանդես չեկավ, թեպետ կարող էր… Փոխարենը երկու օր շարունակ՝ հունվարի 30, 31-ին Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում երգչուհին ԱՄՆ-ից ժամանած սեւամորթ երաժիշտների (Fresh band) հետ ներկայացավ իր հին ու նոր երգերով, կենդանի հնչողությամբ: Համերգի սկզբին երգչուհին ասաց, որ փոքր-ինչ հուզվում է, քանի որ առողջական պատճառով այսօր իր կողքին չեն ծնողները, սակայն իրեն միայնակ չի զգում՝ հանդիսականը ոգեւորում է:
Ողջ երեկո թե երաժիշտները, թե երգչուհին ջանք ու եռանդ չխնայեցին, որպեսզի գոհացնեն հանդիսականին ու դրական լիցքեր հաղորդեն: Ինչն էլ հաջողվեց:
Դահլիճում գտնվողների մեծամասնությունը հրավիրատոմսերով էր, դատարկ աթոռներ էլ կային: Այնպես որ, զուր էր գովազդային հոլովակում կոկորդը բառի բուն իմաստով պատռող տղամարդը հրավիրում «երգող աղջկա» աննախադեպ համերգին: Հանդիսականի հետ զրույցում երգչուհին բեմից հայտարարեց, որ այս երեկոյի ընթացքում ռաբիս չի երգելու: Ըստ երգչուհու, 6/8 չափի մեջ երգող երգիչները առանց այդ էլ շատ են եւ բավականին էլ հմուտ՝ իրենց գործում: 6/8-ի փոխարեն Էմմին, բացի անգլալեզու երգերից, առաջարկեց նաեւ Կոմիտաս: Երգչուհուն նվագակցեց ճանաչված դուդուկահար, մի շարք մրցույթների դափնեկիր Կամո Սեյրանյանը՝ ջինսե տաբատով:
Փոփ դիցուհու սեւամորթ գործընկերները երազների մասին պատմող «Կամուրջներ» երգից բացի, Էմմի հետ նաեւ հայերեն երգեցին: Հայտնի երաժիշտ, կոմպոզիտոր Լեմելը բավական վարժ էր արտաբերում հայերեն հնչյունները:
Նա, ինչպես պարզվեց, ԱՄՆ-ում Էմմիի համար անգամ երգ է գրել: Էմմին խոստովանեց, որ Հայաստանից հեռու մի տեսակ միայնակ է զգացել իրեն եւ անգամ տխրել է: Երգչուհու այդ հոգեվիճակին համահունչ՝ սեւամորթ երաժիշտը «Dont feel good» երգն է գրել, որն էլ Էմմիի սրտով է եղել: «Երգի հիման վրա տեսահոլովակ էլ կա նկարահանված»,- բեմից տեղեկացրեց Էմմին:
Համերգի ավարտին չէին դադարում «բրավոները», ծափերը: Հանդիսականը ողջ համերգի ընթացքում ձայնակցում էր երգչուհուն, տեղում պարում, ճիշտ է, վերջինը՝ Էմմիի իսկ ցանկությունն էր: Ոմանք էլ «անմահացնում» էին երգչուհու համերգը սեփական բջջային հեռախոսներում:
Էմմին լիքը ծաղկեփնջներ էլ ստացավ: Երգչուհու նոր ձայնասկավառակի մասին, որը ձայնագրվել էր ԱՄՆ-ում եւ որի շնորհանդեսը, ըստ գովազդի, պետք է որ բեմից նշվեր, չգիտես ինչու անտեսվեց: Գուցե մոռացե՞լ էին: