Ստեփան Լուսիկյանի հիշատակին
Այսօր հայրս՝ կոմպոզիտոր Ստեփան Լուսիկյանը, կլիներ 55 տարեկան, արդեն տասը տարի է, ինչ նա մեզ հետ չէ…
Տարիներն անցնում են ակնթարթային արագությամբ, եւ երբ մի պահ կանգնում ու ետ ես նայում՝ հասկանում ես, որ անցյալ չկա, այն ինչ-որ առանձին հարթության մեջ չէ, այն քո մտքերում է, հոգում ու հիշողություններում: Հայրս էլ է շարունակում ապրել իմ մեջ, մնալ իմ ամենասիրելի եւ վստահելի զրուցակիցը, խորհրդատուն ու ընկերը:
Նա օժտված էր մարդկային ամենագնահատելի եւ հազվագյուտ հատկություններով՝ մարդասիրությամբ ու լսել կարողանալու ունակությամբ: Չէ՞ որ իրապես լսելն իսկապես մեծ վարպետություն է, մարդիկ մեծ մասամբ լսում են միայն իրենց, ապրում են միայն սեփական հույզերով… Երեւի դա էր պատճառը, որ թեկուզ մեկ անգամ նրա հետ շփվող մարդն ինչ-որ լուսավոր հավատով ու սիրով էր լցվում դեպի կյանքը, մարդիկ, ներկան ու ապագան…
«…Ու եթե պիտի ներես, պիտի ներես աններելին, պիտի ներես, երբ այլեւս ոչ ոք չի ներում, երբ … նույնիսկ ինքս ինձ չեմ ներում…
Ու եթե պիտի հասկանաս, պիտի հասկանաս անհասկանալին, աբսուրդը, սխալը պիտի հասկանաս, ճիշտը բոլորը հասկանում են…
Ու եթե պիտի հույս տաս՝ միայն այն պահին, երբ այլեւս հույսի վերջին հատիկը սպառվել է…
Եվ եթե պիտի չծախես՝ միայն այն ժամանակ, երբ բոլորը ծախել են…
Եվ եթե պիտի չծաղրես, պիտի չծաղրես միայն այն օրը, երբ ամբողջ աշխարհը ծաղրում է:
… Եվ ամենակարեւորը… եթե պիտի չդավաճանես ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկի… պիտի չդավաճանես այն պահին… երբ լրիվ արժանի է դավաճանության…»
Հորս այս խոսքերն արտացոլում են նրա ողջ էությունն ու աշխարհայացքը, հոգու մաքրությունն ու իրապես բարի լինելը: Այս խոսքերով՝ ասվում է ամեն ինչ ու դժվար է որեւէ բան ավելացնել…
Երբ լսում եմ նրա երգերը, մտածում եմ, որ հայրենասիրությունը վերացական հասկացություն չէ: Նա իսկապես սիրում էր «իր երկիրը», Երեւանի երկինքն ու ամառը, շոգն ու միրգը… Ու միշտ ինչ-որ ներքին ամուր ու անսասան հավատ ուներ, որ մի օր Հայաստանը «ոտքի է կանգնելու»:
Չնայած երիտասարդ տարիքին՝ Ստեփան Լուսիկյանը թողել է բազմակտավ հարուստ երաժշտական ժառանգություն, որտեղ ուրույն տեղ են գրավում «Գողգոթա» դաշնամուրային կոնցերտը, «Ճպուռն ու մրջյունը» մանկական բալետը, կամերային եւ վոկալ ժանրի ստեղծագործությունները, սոնատները, հայրենասիրական երգերը… Իսկ երբ հնչում է կյանքի վերջին օրերին գրված նրա «Հրաժեշտի մեղեդին», հասկանում ես, որ դեռ շատ բան ուներ ասելու Ստեփան Լուսիկյանը:
Ես համոզված եմ, որ իմ հայրն ապրում է բոլոր այն մարդկանց սրտերում, որոնք նրան երբեւիցե ճանաչել են, ու պիտի ապրի, քանի դեռ կան նրա երգերը, քանի դեռ հնչում են նրա մեղեդիները…