Ղազախստանի Սահմանադրական խորհուրդը հակասահմանադրական է որակել նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի լիազորությունների ժամկետը երկարաձգելու հարցով հանրաքվե անցկացնելու մասին խորհրդարանի ընդունած սահմանադրական լրամշակումը՝ վճռելով, որ խորհրդարանի ընդունած օրենքը՝ Սահմանադրության փոփոխության մասին, չի համապատասխանում երկրի Սահմանադրությանը: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն՝ հավելելով, որ այդպիսով՝ հանրաքվեի անցկացման հարցում վերջին խոսքը վերապահվում է Նուրսուլթան Նազարբաեւին, որը, Սահմանադրության համաձայն, կարող է մեկ ամսվա ընթացքում ներկայացնել իր առարկությունները Սահմանադրական խորհրդի որոշման վերաբերյալ:
Նազարբաեւը երեկ արդեն Ղազախստանի հեռուստատեսությամբ հայտարարել է, թե աջակցում է Սահմանադրական խորհրդի որոշմանը՝ իր պաշտոնավարման ժամկետը մինչեւ 2020թ.-ն երկարաձգելու հարցով հանրաքվե չանցկացնելու մասին, նաեւ առաջարկել է անցկացնել նախագահական վաղաժամկետ ընտրություններ։ Նազարբաեւը, այդուհանդերձ, արտահերթ ընտրությունների անցկացման որեւէ ժամկետ չի նշել:
Հիշեցնենք, որ նա հայտարարել է առաջիկա նախագահական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին: