Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանը նոր արտգործնախարար ունի

Փետրվար 01,2011 00:00

Իրանի Իսլամական խորհրդարանը (Մեջլիսը) հունվարի 30-ին քննարկման էր ներկայացրել երկրի  արտաքին գործերի նորանշանակ նախարար Ալի Աքբար Սալեհիին վստահության քվե տալու հարցը եւ 146 «կողմ», 60 «դեմ» եւ 25 «ձեռնպահ» ձայներով հաստատել նրա նշանակումը: Այդ նիստին, «Արաքս» շաբաթաթերթի մատուցմամբ, ներկա են եղել խորհրդարանի պատգամավորներից 243-ը: Նախագահ Ահմադինեջադը Մեջլիսում ունեցած իր ելույթում ասել է. «Այսօր մենք հզոր, ազդեցիկ եւ կանոնավոր արտաքին քաղաքականության կարիքն ունենք»: ԻԻՀ նախագահը, շեշտելով, որ «Սալեհին լուսավոր վիճակացույց ունի», հայտարարել է, թե «արտգործնախարարության կառույցը հիմնավոր փոփոխության պիտի ենթարկվի»:
Իրանի նորանշանակ նախարար, 62-ամյա Ալի Աքբար Սալեհին ավարտել է Բեյրութի Ամերիկյան համալսարանը, դոկտորի կոչում է ստացել  Ամերիկայի MTI համալսարանում: Նա 7 տարի աշխատել է որպես Թեհրանի «Շարիֆ» համալսարանի դեկան, ապա՝ նախկին կառավարության օրոք, Միջուկային էներգիայի միջազգային կազմակերպությունում զբաղեցրել է Իրանի ներկայացուցչի պաշտոնը: Անցյալ տարի ԻԻՀ նախագահի կողմից նա նշանակվել էր Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նախագահ:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա դեկտեմբերի 18-ին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը Ալի Աքբար Սալեհիին նշանակել էր արտգործնախարարի ժամանակավոր պաշտոնակատար՝ պաշտոնանկ արված Մանուչեհր Մոթթաքիի փոխարեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել