Այս օրերին, հիմնականում տարանցիկ չվերթներով, իրականացվում է Եգիպտոսում գտնվող օտարերկրացիների զանգվածային տարհանում: Այդ նպատակով Կահիրե ինքնաթիռներ են ուղարկել ԱՄՆ-ն, Ճապոնիան, Թուրքիան, Ադրբեջանն ու Նոր Զելանդիան: BBC-ի մատուցմամբ, Կահիրեի օդանավակայանում կուտակվել են մի քանի հազար ուղեւորներ, որոնք ուզում են որքան հնարավոր է արագ լքել այդ երկիրը:
Եգիպտոսում արդեն յոթերորդ օրն է, ինչ երկրի նախագահ Հոսնի Մուբարաքի պաշտոնանկության պահանջով զանգվածային ցույցեր եւ անկարգություններ են տեղի ունենում: Կիրակի օրն ու ողջ գիշերվա ընթացքում եւս Կահիրեի փողոցներն ու հրապարակները լիքն են եղել ցուցարարներով եւ ոստիկանական ջոկատներով, պարետային ժամը երկարաձգվել է, եւ, այդուհանդերձ, ցուցարարները չեն լքում մայրաքաղաքի փողոցները՝ հայտարարելով, թե տուն չեն գնա, քանի դեռ 30 տարի շարունակ իշխանության ղեկն իր ձեռքում պահող Մուբարաքը չի գնացել, նրանք նաեւ համընդհանուր գործադուլ անելու կոչեր են հնչեցրել: Ցուցարարներին չեն վախեցրել նաեւ Թահրիր հրապարակի վրա պտտվող ռազմական ինքնաթիռներն ու ուղղաթիռները: ՄԱԳԱՏԷ-ի նախկին նախագահ, Նոբելյան մրցանակի դափնեկիր, իսկ այսօր եգիպտական ընդդիմության առաջնորդ Մոհամմեդ էլ-Բարադեյը դիմել է ցուցարարներին՝ հայտարարելով, թե «փոփոխությունները շատ մոտ են»: Բողոքի ցույցեր են եղել նաեւ եգիպտական այլ քաղաքներում՝ Ալեքսանդրիայում, Մանսուրում, Դամանհուրում եւ Սուեզում:
Եգիպտոսի պետական հեռուստատեսությունը հեռարձակել է Մուբարաքի ուղերձը, որով վերջինս երկրի վարչապետ Ահմեդ Շաֆիկին հանձնարարել է երկրում անհապաղ քաղաքական բարեփոխումներ իրականացնել: Նախագահը կառավարությունից պահանջել է քաղաքական տարբեր կուսակցությունների հետ երկխոսության միջոցով երկրում սահմանադրական եւ օրենսդրական բարեփոխումներ իրականացնել: Սակայն, ըստ փորձագետների, բոլոր հիմքերը կան կարծելու, որ բողոքի ակցիաները կդադարեն միայն մեկ փոփոխության դեպքում՝ երբ Մուբարաքը նախագահի պաշտոնը լքի: Ցուցարարները մտադիր են երկուշաբթի օրը մայրաքաղաքում «Միլիոնների բողոքը» կարգախոսով զանգվածային երթ անել:
Երկուշաբթի օրը Կահիրեի փողոցներում ոստիկաններ չեն երեւացել եւ բախումներ էլ վերջիններիս եւ ցուցարարների միջեւ չեն եղել: Հիշեցնենք, որ Եգիպտոսում, բողոքի ցույցների սկսվելուց ի վեր՝ անցած յոթ օրերի ընթացքում, սպանվել է ոչ պակաս, քան 100 մարդ:
Եգիպտոսում ստեղծված վիճակը հարուցել է միջազգային հանրության անհանգստությունը: ԱՄՆ-ն եւ Մեծ Բրիտանիան արդեն հանդես են եկել Եգիպտոսում ժողովրդավարությանը կանոնակարգված անցում կատարելու համատեղ կոչով: Երկու երկրների ղեկավարները՝ Բարաք Օբաման եւ Դեւիդ Քեմերոնը դատապարտել են վերջին օրերի բռնությունները: Նրանք կարծիք են հայտնել, որ եգիպտացիները պետք է ազատ հավաքներ եւ ազատորեն կարծիք հայտնելու իրավունք ունենան:
Ավելին, բրիտանացի արտգործնախարարը Եգիպտոսի իշխանություններին զգուշացրել է, որ եթե «խաղաղ բարեփոխումներ» չիրականացվեն, ապա երկիրը կարող է հայտնվել ծայրահեղականների ձեռքում: Ըստ էության, Մուբարաքին իշխանությունը հանձնելու կոչ է արել նաեւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
Ընդսմին, Reuters-ի փոխանցմամբ, երկուշաբթի օրը Մուբարաքը Եգիպտոսում ձեւավորել է նոր կառավարություն. պաշտոնանկ են արվել օտարերկրյա ներդրողների շրջանում մեծ ճանաչում ձեռք բերած ֆինանսների նախարարը, նաեւ ՆԳ նախարարը, որի դեմ հանդես են գալիս ցուցարարները: