Երեկ Հայոց բանակի կազմավորման 19-րդ տարելիցի առիթով «Երիտասարդ համալսարանականների միավորում» կազմակերպության, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի եւ ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ ԵՊՀ բանասիրության ֆակուլտետը հյուրընկալել էր ԵՊՀ զոհված ազատամարտիկների 26 մայրերի:
ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի խոսքով, միջոցառումը հնարավորություն է՝ մեծարել զոհված ազատամարտիկների ծնողներին. «Իհարկե, ինչպիսի միջոցառում էլ լինի, չի կարող «զբաղեցնել» այս մայրերի զավակների տեղը: Նաեւ փաստ է, որ նրանք մեծ հպարտությամբ են կարողանում խոսել իրենց զավակների մասին»:
Կ. Ավագյանն իր խոսքում հայտնեց, որ երիտասարդական հիմնադրամի համար բոլոր ծնողների դռները բաց են ցանկացած հարցով՝ սոցիալականից մինչեւ նեղ անձնական:
«Երիտասարդ համալսարանականների միավորում» կազմակերպության նախագահ Գեւորգ Մելքոնյանը նշեց. «Այսօր հրավիրել ենք ԵՊՀ-ի 26 զոհված ազատամարտիկների մայրերի՝ երախտիքի խոսք հայտնելու համալսարանականների եւ երիտասարդության անունից: Ինչպես Վարդանանց, այնպես էլ արցախյանի ժամանակ հայոց մայրերը փաստեցին, որ, իհարկե, իրենց զավակների կյանքը թանկ է, սակայն ամենաթանկը հայրենիքն է»:
ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Ֆելիքս Պողոսյանը, շնորհավորելով ծնողներին բանակի կազմավորման 19-րդ տարվա կապակցությամբ, ասաց. «Վազգեն Սարգսյանը մի թեւավոր խոսք ուներ՝ այս պատերազմում ես տվեցի ամեն ինչ ու ձեռք բերեցի ուրախություն: Սպարապետը ազատամարտիկների մայրերին նկատի ուներ, որ իրենց զավակներին տվեցին հայրենիքի համար: Ինքս համալսարանական եմ, մի քանի զոհված ազատամարտիկների մարտական ընկեր: Նրանց հետ ընկերություն անելը հպարտություն էր ինձ համար, այժմ էլ նրանց մայրերին հանդիպելն է ուրախություն, մի քիչ էլ պարտավորեցնող է: Համալսարանական լինելով՝ ամեն ինչ թողնել ու ռազմի դաշտ մեկնելը մեծ հայրենասերներին է բնորոշ, այդպիսին մեզ համալսարանն է դաստիարակել»:
Զոհված ազատամարտիկ Վարդանի կամ, ինչպես ընկերներն են ասել՝ Դուշմանի մայրը՝ տիկին Զարիկը, խոստովանում է, որ դժվար է զավակին կորցնելը, բայց հպարտություն է հանուն հայրենիքի կյանքը տալը. «Դժվար էր, երբ իմ ձեռքերով տղայիս ճամփորդական պայուսակը պատրաստեցի եւ ճանապարհ դրեցի, գիտակցելով, որ դնում եմ նրան հայրենյաց կռվի զոհասեղանին: Այսօր ամուր եմ կանգնած իմ հողին, որովհետեւ մեծ հայրենասեր եմ դաստիարակել եւ նրա արյունի գնով խաղաղ ապրում եմ: Մեր որդիներին ծնել, սնել էինք լավ օրվա, գեղեցիկ ընտանիք կազմելու, մեր կողքին ապրելու համար, բայց երբ թշնամին զենք վերցրեց, ուսանող մեր որդիները գրիչները փոխարինեցին զենքով եւ գնացին թշնամուն ընդառաջ: Թող դա օրինակ լինի մերօրյա ուսանողության համար, որ չկարկամեն պատերազմի գույժը լսելիս եւ անվախ գնան՝ թեկուզ անվերադարձ»: