Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԻՏՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ՞Ն Է ՃԻՇՏ, ԹԵ՞ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ

Փետրվար 01,2011 00:00

Կամ՝ ինչպես մերժել որոշ թեմաներ

Ներկայումս գիտնականների շրջանում բազում առարկություններ կան գիտական եւ գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման առնչությամբ: Ըստ ՀՀ ԿԳ նախարարի հրամանի՝ Գիտության պետական կոմիտեն (ԳՊԿ) ՀՀ պետբյուջեից ֆինանսավորման շրջանակներում տարբեր մասնագիտությունների գծով 2 տարի ժամկետով 2-5 անձից բաղկացած գիտահետազոտական խմբերի ներկայացրած թեմաները մրցութային կարգով կընտրի եւ կֆինանսավորի: Արդեն ավարտվել է թեմաների ընտրության գործընթացի տեխնիկական ստուգման փուլը: Ներկայացված շուրջ 680 թեմաներից մերժվել է 140-ը: Մինչեւ փետրվարի 5-ը կավարտվի նաեւ գիտական փորձաքննությունը եւ պարզ կդառնան այն 120-130 թեմաները, որոնք այս տարի թեմատիկ ֆինանսավորում կստանան: Նշենք, որ նախորդ եռամսյակում թեմատիկ ֆինանսավորում էր ստացել շուրջ 720 թեմա: Գիտնականների մեծամասնությանը վրդովեցրել է ե՛ւ այսօրինակ կրճատումը, ե՛ւ տեխնիկական ստուգման արդյունքները, երբ թեմաներ են մերժվել, ասենք, սխալ համակարգչային շարվածքի կամ տեխնիկական վրիպակի համար: «Առավոտը» զրուցեց որոշ գիտնականների հետ, որոնք համամիտ չեն ԳՊԿ-ի մոտեցումներին: ԵՊՀ պատմության ֆակուլտետի ՀՀ հարակից երկրների պատմության ամբիոնի պրոֆեսոր Հենրիկ Աբրահամյանը ներկայացրել էր «ՌԴ աշխարհաքաղաքական շահերը Հարավային Կովկասում» վերնագրով թեմա, որը մերժվել է՝ պատճառաբանությամբ, որ թեմայի ղեկավարը չունի 5 տպագրված հոդված համապատասխան գրախոսվող ամսագրերում: Հ. Աբրահամյանը նշեց. «Կոմիտեն չի ներկայացրել այն ցուցակը, թե որոնք են նրա համար ընդունելի գրախոսվող ամսագրերը: Ուստի մենք գերադասել ենք հոդվածներ տպագրել համալսարանական գիտական հոդվածների ժողովածուում, սակայն պարզվում է՝ այդ ժողովածուն իրենք չեն համարում գրախոսվող, այնինչ ԲՈՀ-ը դա ճանաչում է: Մի խոսքով, ցուցաբերվել է սուբյեկտիվ, կամայական մոտեցում, ինչը վիրավորական է»: ԵՊՀ պատմության ֆակուլտետի ՀՀ հարակից երկրների պատմության ամբիոնի դոցենտ Էդուարդ Զոհրաբյանը ներգրավված է Միքայել Մուրադյանի ղեկավարած խմբում, որը ներկայացրել էր ՌԴ-Հայաստան տնտեսական, ռազմադիվանագիտական հարաբերությունները քննող թեմա: Այն եւս մերժվել է ղեկավարի՝ պահանջվող 3-րդ կետին՝ գրախոսվող ամսագրերում 5 տպագրված հոդված ունենալուն չհամապատասխանելու պատճառով: Էդ. Զոհրաբյանը նշեց. «Թեմայի ղեկավարը մի հաստափոր գիրք ունի այդ մասին, արդյո՞ք դա մեկ հոդվածի արժեք չունի: Մի հոդվածն էլ տպագրված է ժողովածուում, որը Հունգարիայի խորհրդարանի նախագահի սեղանին է դրված: Սակայն սա եւս չի համարվել գրախոսվող ամսագիր: Փաստորեն, մրցույթի նախապատրաստական աշխատանքների վրա անիմաստ մեկ ամիս կորցրինք: Էլ չեմ խոսում ֆինանսական ծախսերի մասին, քանի որ անգլերեն թարգմանություններ էլ էին պետք անել»: ԵՊՀ հայոց լեզվի պատմության ամբիոնի վարիչ, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Սաքապետոյանի «Արեւմտահայերենի գիտական քերականությունը» թեման եւս մերժվել է: Նա նշեց. «Քննողները թեման մերժել են տեխնիկական պատճառով: Անհեթեթությունն այն է, որ գիտամերձ չինովնիկները պահանջում են թեմայի վերաբերյալ վերջին 5 տարում տպագրված 5 հոդված: Չուսումնասիրված թեմայի վերաբերյալ նախապես 5 հոդված պահանջելն աբսուրդ է: Ես ներկայացրել էի 3 գիրք, 2 հոդված, սակայն  500 էջանոց դասագիրքը 5 հոդվածի համազոր չէր: Իսկ գրախոսվող ամսագիր ասելով՝ կոմիտեն այլ բան է հասկանում: Եթե ամսագիրը ԲՈՀ-ի կողմից ճանաչված է, ապա պիտի մտցվի այդ ցանկի մեջ: Բայց ամենավիրավորականն այն է, որ ոմն ֆիզիկոս  Մարդոյանը կարծիք է հայտնում բնագավառի առաջատար մասնագետների մասին, որոնք հանրապետությունում եղանակ են ստեղծում: Աբսուրդ է նաեւ այն, որ ըստ մշակված կարգի՝ խմբի ղեկավար կարող է լինել չպաշտպանած մասնագետը: Փաստորեն, չինովնիկները ստեղծել են ծուղակ հարցեր, որ բոլորին մերժեն»:
«Առավոտը» պարզաբանումներ ստացավ նաեւ ԳՊԿ գիտական գործունեության կազմակերպման վարչության պետ Լեւոն Մարդոյանից. «Եթե գիտությամբ զբաղվող անձը տարեկան մեկ հոդված չի տպագրել գրախոսվող ամսագրերում, ուրեմն նա ակտիվ չէ: Սա ընդունված է ողջ քաղաքակիրթ աշխարհում: Իսկ թեմատիկ ֆինանսավորումը գիտության գերակա ուղղությունների շրջանակներում փոքր խնդիրներ լուծելու համար է: Գլոբալ խնդիրների լուծման համար տրամադրվում է բազային ֆինանսավորում: Մյուս կողմից էլ զարմանք է առաջացնում, որ գիտնականները չգիտեն իրենց ոլորտի գրախոսվող ամսագրերը: Մենք հայտարարել ենք, որ կա «Թոմսոն Սայենթիֆիք» կայքը, որտեղ ընդգրկված են 13 հազար գիտական ամսագրեր: Ցանկը դրված է նաեւ ԲՈՀ-ի  կայքում: Այլ բան է, որ գիտնականները խոսում են ժողովածուի մասին, ոչ թե ամսագրի: Իսկ որ նշում են, թե բազում միջազգային հրատարակություններում են տպագրվել, դա այդպես չէ. դրանք եղել են գիտաժողովների թեզիսներ, երբ նրանց հաշվեհամարին որոշակի գումար են փոխանցել եւ տպագրել տվել իրենց նյութերը»: Լ. Մարդոյանը նաեւ հավելեց. «Մասնագետները մտածում են, որ թեմատիկ ֆինանսավորումը աշխատավարձի աղբյուր է: Այնինչ, այդ հարցը լուծում է բազային ֆինանսավորումը: Թեմատիկ ֆինանսավորում պիտի ստանան միայն ակտիվ աշխատող գիտնականները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել