Սոված ժողովրդին գաղափարախոսությունը չի հետաքրքրում
Սովորաբար մենք հակված ենք Հայաստանը տեսնել քաղաքական պայքարի թատերաբեմում ու ցանկացած կանխատեսում կամ հաշվարկ կատարում ենք՝ նկատի առնելով քաղաքական ուժերի դասավորվածությունը կամ արտաքին ազդակները: Իհարկե, մեծ ուշադրություն է դարձվում նաեւ ներանձնական հարաբերություններին, սակայն ինձ թվում է՝ Հայաստանի տիպի երկրներում, որտեղ ազգաբնակչության կեսից ավելին կանգնած է աղքատության եզրին, քաղաքական հաշվարկներն այլ կերպ պետք է կատարել:
Կուսակցություններից բոլորն էլ խոսել եւ խոսում են քաղաքացիների սոցիալական վիճակի մասին, սակայն որպես ուղենիշ իրենց համար չեն վերցրել այն փաստը, որ «սովյալ մանուկների» այսպիսի քանակի պարագայում մնացած բոլոր հարցերը մղվում են ետին պլան: Միայն վերջերս ես կարողացա ընդունել այն փաստը, որ Հայաստանի բնակչությանը շատ քիչ են հետաքրքրում այնպիսի հարցեր, ինչպիսիք են Ցեղասպանությունը, ԼՂՀ հիմնահարցը, մարտի մեկի իրադարձությունների բացահայտումը, էլ չեմ խոսում հոկտեմբերի 27-ից, ինչպես նաեւ մանր ու մեծ այլ անարդարություններից:
Եթե ավելի բացեմ փակագծերը, կարող եմ նշել, որ Ցեղասպանության ճանաչումը հիմնականում մտահոգում է Սփյուռքին, որն էլ ցանկանում է իր այդ նույն մտահոգությունը տեսնել Հայաստանի ներսում, սակայն մեծ ջանքերի շնորհիվ էլ չի հաջողվում այդ հարցով հասարակությանը հավաքել մի գաղափարի շուրջ: ԼՂՀ հարցն էլ կարծես հետաքրքրում է միայն ԼՂՀ-ում ապրող բնակչությանն ու մի քանի վերլուծաբանի, իսկ մնացած բոլորը այդ հարցը տեսնում են միայն ներքաղաքական եւ արտաքին քաղաքականության հարցերը քննարկելու շրջանակներում՝ որպես իրար դեմ օգտագործելու միջոց: Մարտի 1-ի բացահայտումն էլ կարծես, ընդդիմությունից բացի, որեւէ մեկին չի հետաքրքրում, իսկ մյուս հարցերի մասին կարելի է էլ չխոսել:
Այս պարագայում մնում է միայն մեկ հարց, որը հետաքրքրում է հասարակության բոլոր խավերին ու շերտերին. «ժողովրդին սննդով ապահովել»:
Ինչքան էլ կոպիտ չհնչի, մեր ժողովուրդը վեր է ածվել սովյալների հասարակության, որտեղ ցանկացած վեհ գաղափարախոսության մասին խոսելը ոչ միայն ծիծաղելի է, այլ նաեւ ցինիկ: Ի՞նչ է նշանակում խոսել ցեղակրոնության, կամ ազատականության, կամ նեոլիբերալիզմի, կամ պահպանողականության, կամ որեւէ այլ գաղափարախոսության մասին, երբ մարդը քեզանից միայն մեկ բան է ուզում լսել՝ ինչպես սնունդ հայթայթել ընտանիքի համար:
Ոմանք կարող են պատահական համարել Տիգրան Կարապետիչի կազմակերպած միտինգների բազմամարդությունը, ուրիշները կարող են ինչ-ինչ վարկածներ մշակել, որ իբր մարդկանց բերել են կամ ստիպել, որ գան (նույնիսկ գործող իշխանությունները իրենց ռեսուրսներով չկարողացան իրենց միտինգներին մարդ բերել, ուր մնաց ուրիշի միտինգին բերեն), սակայն, ըստ իս, ժողովրդի վիճակը այնքան ծանր է, որ նա պատրաստ է գնալ ցանկացած մեկի հետեւից, ով կհայտարարի սոցիալական արդարության մասին: Ես ինչու եմ նշում սոցիալական, որովհետեւ այլ արդարություններ, ինչքան էլ ցավալի չլինի ընդունել, մեր հասարակությանը չեն հետաքրքրում:
Ինչի՞ համար են ստեղծվում կուսակցություններ եւ ո՞րն է ցանկացած կուսակցության կամ հասարակական կազմակերպության նպատակը: Մարդկանց կյանքի բարելավումը, եւ ուրիշ ինչ կարող է մարդկանց հետաքրքրել, եթե բարելավման հիմնական հարցը լուծված չէ: Ինչքան էլ դաժան չլինի, սոցիալապես չքավոր հասարակություններում հնարավոր չէ, որ ստեղծվի ժողովրդավարություն, ոչ էլ մարդու իրավունք է հնարավոր պաշտպանել: Այդպիսի հասարակությունները կամ կործանվում են, կամ էլ տեղի են ունենում սոցիալական բունտեր, որից հետո նոր իշխանությունները փորձում են սկզբում ժողովրդին ապահովել սննդով, որից հետո ժողովուրդը սկսում է մտածել, թե որ գաղափարախոսությունն է ավելի արդյունավետ իր կենսամակարդակը եւ անվտանգությունը բարձրացնելու համար: