Ջերմուկի այգին հատվում է քաղաքապետի հրամանով
Այս հարցն է տալիս «Էկոլուր» բնապահպանական հասարակական կազմակերպությունը եւ նկատում, որ Ջերմուկ առողջարանային քաղաքի զբոսայգում հատված ծառերի պատմությունը չի ավարտվել:
Ջերմուկի քաղաքային զբոսայգում զանգվածային ծառահատումների մասին ահազանգը եղել է 2010 թվականի դեկտեմբերի 3-ին: Հաղորդվեց, որ ավելի քան 100 ծառ է հատվել: Ջերմուկի քաղաքային այգին հիմնադրվել է 1950-ական թվականներին՝ ճահիճների վրա: Այգում մոտ 200 տեսակի ծառ կա: Հսկայական ջանքեր են գործադրվել, որպեսզի 2100 մետր բարձրության վրա նման այգի աճեցնեն: Նման բարձրության վրա թթվածինը քիչ է: Այս առումով այգու նշանակությունը թերագնահատելը առողջարանային քաղաքի համար անթույլատրելի է: Այսօր, սակայն, այգին հոգատարության պակաս է զգում, եւ շատ տեղերոմ կրկին ճահիճ է գոյացել՝ վտանգելով այգու կյանքը:
Իսկ հատումների մասին լուրերից 5 օր անց՝ 2010թ. դեկտեմբերի 8-ին ՀՀ բնապահպանության նախարարությունը տեղեկացրեց, որ նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից Ջերմուկի քաղաքային այգու տարածքում իրականացված ստուգումները ցույց են տվել, որ հատումների մեծ մասը կատարվել է քաղաքապետի հրամանով: 2010 թվականի հունվարին առատ ձյան պատճառով վնասվել է 108 ծառ, ինչի մասին, բնապահպանական պետական տեսչության պնդմամբ, համապատասխան արձանագրություն է կազմվել: Ստուգումը ցույց է տվել, որ իրականում հատվել է ոչ թե 108, այլ՝ 124 ծառ: Բնապահպանական պետական տեսչությունը ակտ է կազմել: Վնասի չափը՝ 16 բարդի ապօրինաբար հատելու համար, կազմել է 370 500 դրամ: Ի դեպ, եթե տուգանքի չափը գերազանցում է 400 000 դրամը, ապա քրեական գործ է հարուցվում: «Ակնկալում ենք, որ բնապահպանական պետական տեսչությունը կհետաքննի Ջերմուկի գործը եւ կհայտարարի արդյունքների մասին»- նկատում է «Էկոլուրը»:
Իսկ ահա ջերմուկցիները կազմակերպությանը գրած նամակում այլ բան են պնդում. «Քաղաքապետարանի պնդումները, մեղմ ասած, սուտ են: Ջերմուկում ուժեղ քամուց վնասվել են միայն երկու-երեք բարդի, ոչ թե՝ 16: Ո՞վ է տեսել այդ ընկած բարդիները: Եվ ինչո՞ւ «աղետի» հետեւանքներն ակտավորելիս ներկա չի եղել բնապահպանության նախարարության կամ բնապահպանական հասարակական կազմակերպության որեւէ ներկայացուցիչ: Եվ ինչո՞ւ որեւէ մեկը հաշիվ չի պահանջում, թե ո՞ւր է գնացել այդքան բնափայտը: Ինչ վերաբերում է 370 հազար դրամ տուգանքին, ապա այն համարժեք չէ գործած հանցանքին: Պարզապես մոգոնել են այնպիսի մի թիվ, որը չգերազանցի 400 հազար դրամը` քրեական գործ չհարուցելու համար: Ավելի լավ է, որ քաղաքապետը բացատրություն տա, թե ինչո՞ւ առնվազն 17 հեկտար զբոսայգուց մնացել է ընդամենը 12 հեկտարը»,- ասված է ջերմուկցիների նամակում:
Հիշեցնենք, որ Ջերմուկի քաղաքապետը 2007-ից այսկողմ հանրապետական Վարդան Հովհաննիսյանն է: Անցած տարվա ընտրությունից առաջ Վարդան Հովհաննիսյանը մեզ ասել էր, թե Ջերմուկի այգում հոթել-սպա է կառուցում մոսկվաբնակ մեծահարուստ Սամվել Սարգսյանը («Առավոտ», 16.06. 2010՝ «Ջերմուկը պատրաստվում է ընտրությունների»): Իսկ թե ինչու այգու եւ ծառերի հաշվին եւ ոչ Ջերմուկում ազատ մի տեղ կամ նույն այգում գտնվող սեփականաշնորհված եւ անտերության մատնված որեւէ շենքի տեղում՝ քաղաքապետը չէր ասել: Հիմա էլ չի ասում: