Լրահոս
Օրվա լրահոսը

Պատրաստվում են վճարե՞լ

Փետրվար 01,2011 00:00

Ըստ Կապանում շրջող լուրերի, «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերությունը կվճարի 2005-2009 տարիների համար գիշերային աշխատավարձերը:

\"\"
Մեղավորը Ռոբերտ Ֆալետտա՞ն էր:

2010 թվականի մայիսի 20-ին եւ հունիսի 10-ին «Առավոտը» անդրադարձել է Կապանի «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերության աշխատողներին չվճարված գիշերային աշխատավարձերին: Ընկերությունը աշխատողների գիշերային աշխատավարձը չէր վճարել 2005-2009 հատվածում: Ավելին, երբ աշխատակիցները պահանջել էին վճարել, նրանց ազատել էին աշխատանքից: Մենք բերել էինք պահակ Աշոտ Գրիգորյանի օրինակը:
Աշոտ Գրիգորյանը եւ եւս 12 աշխատակից էին դիմել դատարան՝ 2005-2009 թվականների իրենց չվճարված գիշերային աշխատավարձերը ընկերությունից ստանալու պահանջով:
ՀՀ աշխատանքի պետական տեսչությունը իր հերթին քննարկել էր հարցը եւ բազմաթիվ խախտումներ արձանագրել: «Խախտվել են Աշխատանքային օրենսգրքի 184-րդ հոդվածի պահանջները, խոր փորման հաստոցների մեքենավարներին եւ նրանց օգնականներին չի հաշվարկվել եւ չի վճարվել գիշերային աշխատանքի հավելում՝ ընդհանուր գումարով 11 367 374 դրամ: Խախտվել է նաեւ «Աշխատանքի վարձատրության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը՝ ՀՀ կառավարության 2003թ. դեկտեմբերի 11-ի N 1907-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված շինարարական վերանորոգման արտադրամասի աշխատողներին չի վճարվել առողջության համար վնասակարության հավելումը՝ նրանց դրույքաչափի 50%-ի չափով՝ ընդհանուր գումարով 6 742 000 դրամ»,- ասված է Աշխատանքի պետական տեսչության գրությունում («Առավոտ», 06.10.2010՝ «Դատարանի վճռին սպասելիս»): Արձանագրված խախտումները վերացնելու եւ նշված գումարները վճարելու նպատակով ընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Ֆալլետային տրվել էր պարտադիր կատարման հանձնարարական: Սակայն, Ֆալլետան վճարումներ չէր կատարել:
Փետրվարի 27-ին տեղեկացրել ենք, որ «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ընկերության սեփականատեր՝ «Դանդի Փրիշս Մեթլզ» (Dandee Precious Metals) կանադական ընկերության գլխավոր գործառնական տնօրեն Ռիկ Հաուզը այցելել էր Կապան եւ մեկ օր անց «Դինո գոլդ մայնինգ քամփնի» գլխավոր տնօրեն Ռոբերտ Ֆալլետային ազատել գլխավոր տնօրենի պաշտոնից: Մեր աղբյուրները տեղեկացնում են, որ Ռիկ Հաուզի աշխատանքային այցից հետո, ընկերությունում պատրաստվում են վճարել գիշերային հերթափոխի գումարները:
Ընկերության հանրության եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նորայր Աղայանի փոխանցմամբ, որոշակի աշխատանքներ տարվում են այս ուղղությամբ, սակայն դեռեւս պարզ չէ, թե գործընթացն ինչ փուլում է:
Գիշերային հերթափոխի գումարներ չստացած մի շարք մարդիկ այժմ ընկերությունում չեն աշխատում: Ընկերությունը, սակայն, պարտավոր է նրանց ունեցած պարտքերն էլ փակել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել