Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՍՏԱՑՎԱԾ ՁՅՈՒՆԸ ԵԿԱՎ

Փետրվար 01,2011 00:00

Հայաստանի մարզերում կան վթարներ,  ձնածածկ ու փակ ճանապարհեր

\"\"
Լուսանկարը՝ ԼԻԼԻԹ ՅՈԼՉՅԱՆԻ

Հայաստանի օդերեւութաբանական ծառայությունները կանխատեսում էին, որ հունվար-փետրվարի սահմանագլխին Հայաստանում հինգ օր շարունակ տեղումներ են լինելու, առավելապես ձյան, տեղ-տեղ՝ ձնախառն անձրեւի տեսքով: Վերջին երեք օրերի եղանակը ճիշտ կանխատեսումների տրամաբանության մեջ է: Փորձեցինք պարզել, թե ՀՀ մարզերում որքանո՞վ էին պատրաստ ձյանը, որքանո՞վ էին լուրջ վերաբերվել օդերեւութաբանների կանխատեսումներին:
Սյունիքը երթեւեկելի է
Հայաստանի հարավային մարզում արդեն քանի օր է՝ դադարներով ձյուն է տեղում, եւ մարզի շատ բնակավայրեր ձյունածածկ են դեռ: Սյունիքի մարզով անցնող միջպետական մայրուղին երթեւեկելի է, բայց առանձին հատվածներ սառցապատ են, որը դժվարացնում է տրանսպորտային միջոցների երթեւեկությունը: Ըստ Սյունիքի մարզպետարանի տրանսպորտի բաժնի պետ Սարիկ Աղաբեկյանի՝ ճանապարհը սառած է հիմնականում Շուռնուխի եւ Գորիսի հատվածներում: Ճանապարհը սպասարկող ընկերությունները միջպետական ճանապարհահատվածի ձյունածածկ եւ սառցածածկ հատվածներին աղ եւ ավազ են ցանում: Զրուցակցիս տեղեկատվությամբ՝ այս օրերին ճանապարհահատվածներին վթարներ չեն արձանագրվել: Վարորդների համար բավականին դժվարություններ են ստեղծում մառախուղն ու քամին: Մարզի բարձրադիր գոտիներում ձյան շերտը 30-40 սմ է: «Մայրուղին բաց է, Սյունիքի մարզի 4 ճանշին ձեռնարկությունների կողմից իրականացվում են ձյունամաքրման աշխատանքներ, սահմանված է շուրջօրյա հերթապահություն՝ անխափան երթեւեկություն ապահովելու համար»,- ասում է պարոն Աղաբեկյանը:
Սյունիքի մարզում այս տարվա ընթացքում դեռեւս շատ տեղումներ չեն գրանցվել: Առատ տեղումները ավելի կդժվարացնեն վարորդների եւ ճանշին ձեռնարկությունների աշխատանքը:
Տավուշում ձյունը
խնդիրներ է առաջացրել

Վերջին երկու օրերին Տավուշի մարզում տեղացած ձյունն անվտանգ երթեւեկության համար խնդիրներ է առաջացնում: Մարզի ճանապարհաշինական ընկերությունների աշխատողները սառույցը հալեցնելու համար ճանապարհներին ավազ եւ աղ են շաղ տալիս: Տավուշի մարզպետարանի ճանապարհաշինության բաժնի պետ Արտակ Սարգսյանը հայտնեց, որ հունվարի 31-ի դրությամբ մարզի հանրապետական եւ մարզային նշանակության ճանապարհները բաց են երթեւեկության համար: Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակից տեղեկացանք, որ Իջեւանի տարածաշրջանում ավտոմոբիլային վերջին վթարը տեղի է ունեցել հունվարի 27-ին: Այդ օրը Սարիգյուղում «Վազ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի եզրի բետոնե հենասյանը եւ ընկել դաշտի մեջ: Ներքին Ծաղկավան գյուղի բնակիչ վարորդը եւ նրա հայրը քերծվածքներ են ստացել, իսկ վարորդի սարիգյուղացի ընկերը՝ կոտրվածք: Հունվարի լույս 30-ի գիշերը Նոյեմբերյանի տարածաշրջանի Ջուջեւան գյուղում բախվել են մի «Ջիպ» մեքենա եւ մի «ԶԻԼ»: «Ջիպի» ղեկին եղել է Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված զորամասի սպա: Ճանապարհային ոստիկանության ծառայության հետաքննիչ Մխիթար Գիշյանը հայտնեց, որ դեպքի կապակցությամբ քննություն է կատարվում: Դիլիջանի պետավտոտեսուչներից տեղեկացանք, որ հունվարի 31-ին, ժամը 11.40-ի սահմաններում Դիլիջանի Կալինինի փողոցում «Ջիպ» մոդելի մի մեքենա սահել, դուրս է ընկել ճանապարհից: Վարորդը թեթեւ վնասվածքներով տեղափոխվել է քաղաքի պոլիկլինիկա: Բերդի տարածաշրջանում վերջին օրերին ճանապարհային պատահար չի արձանագրվել:
Լոռիում վթարներ են
եւ անտեղյակություն

Լոռու մարզը, որ ծովի մակերեւույթից բարձր է 520-1800մ, բայց այս տարի նույնիսկ բարձրլեռնային գոտիներում ձյուն տեսել են միայն Ամանորի գիշերը, այն էլ հաջորդ առավոտյան անմիջապես հալչել էր: Տաք եղանակին սովորած լոռեցիների համար անակնկալ էր հունվարի 28-ի գիշերվանից տեղացող ձյունը, որը ուրախություն առիթ էր դարձել երեխաների եւ մտահոգության ու կրկնակի զգոնության պատճառ՝ ճանապարհային ոստիկանության, վարորդների եւ մարզային ու քաղաքային տրանսպորտը կարգավորող, ճանապարհները սպասարկող կառույցների համար: Ըստ Լոռու մարզի օդերեւութաբանական կենտրոնի տվյալների, ձյան հաստությունը 20 սմ է: Առաջիկա 4 օրերին Լոռու մարզում ջերմաստիճանը կիջնի 12-15 աստիճանով: Փետրվարի 2-ին ձյուն է սպասվում լեռնային շրջաններում, հնարավոր է ձնաբուք եւ ճանապարհների անանցանելիություն:
Մինչ Լոռու մարզի տրանսպորտի բաժնի պատասխանատուները հավաստիացնում են, որ ճանապարհներում որեւէ խոչընդոտ չի եղել, ճանշին ընկերություններն ու Վանաձորի քաղաքապետարանը աղ են ցանում ճանապարհներին: Մարզկենտրոն Վանաձորում եւ Գուգարքում հունվարի 29-ին գրանցվել է 6 վթար: Ներկայումս Լոռու մարզի ամենավթարային ճանապարհը Վանաձոր- Սպիտակ մայրուղու ոլորաններն են, ամենանաանցանելին՝ Ստեփանավան-Կաթնաջուր ճանապարհը: Բաց են ներմարզային 53 եւ միջպետական Վանաձոր-Թբիլիսի երթուղիները:
Վարորդները դժգոհում են ճանապարհներից. «Ցերեկը շատ տաք էր, ձյունը հալվեց, երեկոյան սառչեց, ու սառցի վրա ձյուն եկավ: Սրանք էգուց էլ չեն մաքրի, կտենան, երկուշաբթի թե գա՝ նոր կսկսեն մաքրել»…
Թեեւ Վանաձորի քաղաքապետարանից էլ տեղեկացնում են, որ անհանգստանալու կարիք չկա, սակայն հունվարի 29-ի երեկոյան Վանաձորի ճանապարհները սառցակալած էին, այնքան, որ մարմնական վնասվածքով վթար է գրանցվել Վանաձորի գլխավոր մայրուղում՝ Երեւանյան խճուղում: Մինչ ոստիկաններն ու արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչները, դեպքին տեղյակ լրագրողները զանգով փորձում էին քաղաքապետարանի կոմունալ բաժնի պետին տեղեկացնել փողոցում տիրող իրավիճակը, նա հանգիստ տոնով պատասխանում էր, թե աղ ցանող մեքենաները շուտով կհասնեն: 3-րդ զանգից հետո անգամ «կերուխում» անող բաժնի պետը, որ խոստացել էր տեղում ծանոթանալ իրավիճակին, գիշերվա 2-ին անգամ տեղ չհասավ: Երեկ էլ նա նույն հանգստությամբ տեղեկացրեց, որ քաղաքում անանցանելի ճանապարհներ չկան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել