«Տեղեկատվության եւ արտահայտվելու ազատությունները քրեական դատավարության ընթացքում» թեմայով Ծաղկաձորում կազմակերպվել էր աշխատանքային քննարկում՝ լրատվամիջոցների, հատուկ քննչական ծառայության քննիչների, դատախազների մասնակցությամբ:
Միջոցառումն իրականացվել էր ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ եւ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախաձեռնությամբ:
«ՏԱ խնդիրներն ընդհանուր բնույթի հանցագործություններով քրեական դատավարության ընթացքում» թեմայով բանախոսներից մեկը՝ Երեւան քաղաքի դատախազի տեղակալ Սասուն Խաչատրյանը անդրադարձավ «Տեղեկատվություն ունեցող» եւ «տեղեկատվություն տնօրինող» իրավական սահմանումներին, հարցնելով՝ արդյոք, դա նույնակա՞ն է: Նա գտնում էր, որ սահմանման առումով օրենսդրական բացը վտանգավոր է, քանի որ տեղեկատվություն ունենալը դեռ չի նշանակում տնօրինող լինել: «Դատախազն էլ է տեղեկատվության տիրապետող, բայց նա տնօրինող չէ», ասաց նա: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը կարեւորեց լրատվամիջոցների հետ նման ձեւաչափով հանդիպումները, որը թվով 2-րդն էր:
«ՏԱ խնդիրները եւ դրանց առանձնահատկություններն ազգային անվտանգության մարմնիններում քննվող գործերով նախաքննության եւ դատաքննության ժամանակ» թեմայով զեկուցող ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ԱԱ մարմիններում քննվող գործերով վարչության պետի տեղակալ Հովսեփ Սարգսյանն էլ անդրադարձավ ծառայողական, անձնական եւ պետական գաղտնիք հասկացություններին, լրատվամիջոցների «միջամտություններին»: Առաջարկվեց աշխատանքային հաջորդ քննարկմանը ներգրավել նաեւ Ազգային անվտանգության ներկայացուցիչներին ու ԼԾ-ին:
ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն եւ կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետ Արմեն Աշրաֆյանն էլ ներկայացրեց կոռուպցիոն բնույթի հանցագործությունների տեսակները: Բնականաբար, ԶԼՄ-ներին հետաքրքրում էր «խոշոր ձկների» գործերով տեղեկատվությունն օպերատիվ ստանալու հարցը: «ՏԱ ամենամյա մրցանակաբաշխության մասին» ֆիլմի ցուցադրումով ավարտվեցին քննարկումները:
Քննարկան մասնակիցներին բաժանվեց նաեւ «ՏԱ իրավական կարգավորումը Հայաստանի Հանրապետությունում. մեկնաբանություններ» գրքույկը: